Վերջերս «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց «Ապառիկ վաճառքի հայկական տարբերակ» վերնագիրը կրող ակնարկը, որն արժանացել է «Արայ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Պետրոս Դադայանի ուշադրությանը։
Մեր զրույցի ընթացքում նա նշեց, որ առարկությունը ոչ թե ամբողջ հոդվածի մասին է, այլ այնտեղ տեղ գտած «Ապառիկ վաճառքի հայկական տարբերակ» եւ «կազմակերպիչները ցանկանում են միանգամից հարստանալ» արտահայտությունների։
Անդրադառնալով վերջին արտահայտությանը, նշեց, որ հիմնական սլաքը ուղղվել է «Ինեկոբանկի» դեմ, բայց կազմակերպիչներ բառի տակ մտնում են նաեւ իրենք։
«Մեր կազմակերպությունը հարստանալու նկատառում չունի եւ չի էլ կարող ունենալ»,- նշեց տնօրենը։ Նա ապառիկ վաճառքի երեւույթը գնահատեց դրականորեն եւ շեշտեց, որ ամեն օր իրենք ապառիկ վաճառքով սպասարկում են 8-10 քաղաքացու։ «Սա նշանակում է, որ այդ մարդկանց համար այս տոկոսադրույքները եղել են ընդունելի»,- նշեց Պ. Դադայանը։
Կարդացեք նաև
Այն հարցին, թե չե՞ք կարծում, որ բանկի ներկայացրած տոկոսադրույքները բարձր են, հաջորդեց պատասխանը. «Կայուն եկամուտ չունեցող մարդու համար 7-10%-ն էլ բարձր է։ Եթե դուք ստանում եք 10 կամ 15 հազար դրամ աշխատավարձ, անկախ առեւտրի կազմակերպման ձեւից, այդ գումարով հնարավոր չէ ձեռք բերել ոչինչ։ Հեռուստացույց եւ կենցաղային այլ տեխնիկա գնում են այնպիսի անձինք, որոնք նվազագույն սպառողական զամբյուղը կարող են լցնել։ Նախ նրանք սնվում են, ապա էլեկտրաէներգիայի վարձերը վճարում, եւ հետո նոր մնացած գումարով ապրանքներ ձեռք բերում»։
Նշեմ, որ առարկությունները վերաբերում էին վերը նշված արտահայտություններին, եւ իմ բերած փաստերը լիովին համապատասխանում էին իրականությանը։ Մեկնաբանությունս էլ տեղին էր, որ 10-15 հազար դրամ աշխատավարձ ստացող անձը չի կարող օգտվել այս հաճույքից, որը չժխտեց նաեւ Պ. Դադայանը։
Զրույցի ընթացքում պարոն Դադայանը իսկապես ցնցող լուր հաղորդեց։ «Արայը» պլանավորել է Հայաստանում հիմնել հեռուստացույցների արտադրություն եւ աշխարհահռչակ մի շարք ֆիրմաների հետ կնքել պայմանագրեր, սակայն որ ֆիրմաների հետ՝ չնշեց, առեւտրային գաղտնիք լինելու պատճառով։ Ըստ նրա, մեր աշխարհագրական դիրքը հարմար է եւ այդ ապրանքատեսականին կարելի է ներմուծել ԱՊՀ երկրներ՝ Հայաստանը դարձնելով տրանզիտ երկիր։
Եվ վերջին նպատակը կապվում է մայրաքաղաքի գեղեցկացման հետ։ Պ. Դադայանը իր խոսքում նշեց, որ որոշակի ֆիրմաներ առաջարկություն են ներկայացրել (մասնավորապես «SONY», «TOSHIBA» եւ այլն) Երեւանում տեղադրելու եվրոպական չափանիշներին համապատասխան լուսային գովազդային վահանակներ, որի նպատակն է գեղեցկացնել քաղաքը։
ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ