1998 տնտեսական տարվա հիմնական բնութագիրը բարձր ատյաններից հնչող հայտարարություններն էին ներդրումների եւ շինարարության ծավալների աճի մասին։ Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն արդեն ամփոփվել են։ Հետեւաբար, հնարավոր է գնահատել արված հայտարարությունները։
Կապիտալ շինարարության վիճակը երկրի տնտեսությունը բնութագրող հիմնական ցուցանիշներից է։ Եթե երկիրը տնտեսական աճ է ապրում, միանշանակ մեծանում են նաեւ շինարարության ծավալները։ Այս իմաստով Հայաստանում հետաքրքիր (ու հակասական) վիճակ է ստեղծվել։ Պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ շինարարությունը թափ է հավաքում։ Մյուս կողմից անշարժ գույքի շուկայում կայուն միտումով արդեն երկրորդ տարին է՝ նվազում են տների եւ այլ շինությունների գները։ Բնակարանային շինարարության համեստ ծավալները հաշվի առնելով, ոչ մի փորձագետ չի ենթադրում, որ բնակարանների շուկայական արժեքի նվազումը որեւէ կապ ունի շինարարության ընդլայնման հետ։ Մանավանդ, որ այդ ընդլայնում կոչվածը խիստ հարաբերական հասկացություն է։ 1998-ին՝ նախորդ տարվա համեմատությամբ, շինարարությունն աճել է 17,5%-ով։ Պաշտոնապես մոտ 11 մլն դոլարի չափ գումար ավել է ծախսվել, քան 97-ին։
Չհամադրվող թվեր
Պաշտոնական վիճակագրության համաձայն, պետական բյուջեի հաշվին իրականացվել է բնակարանային շինարարության 14,7%-ը։ Դժվար է ասել՝ այս ցուցանիշը ինքնագոհ հպարտության հիմք տալիս է, թե՝ ոչ։ Որպես արեւելյան ժողովուրդ խիստ հավատարիմ ենք այն պնդմանը, թե տղամարդն իր կյանքում պարտադիր անելիքների մեջ պարտադիր պիտի տուն կառուցի։ Բնակարանաշինության 76.3%-ը կատարվել է բնակչության հաշվին։ Այս ցուցանիշով պետությունը, հաստատ, հպարտանալու որեւէ հիմք չունի։ Այս թվերին հակառակ, պաշտոնական վիճակագրությունը վստահեցնում է. բնակչությունը ֆինանսավորել է շինարարության ամբողջ ծավալի 44%-ը։ Իսկ հանրապետության բյուջեն՝ 14,2%-ը։ Ակնհայտ է, որ պետությունն ավելի մեծ փողերով ավելի քիչ գործ է արել։ Իհարկե, որպես փաստարկ կարելի է նշել, որ պետությունը իր բնույթով ավելի բարդ ու թանկ շինարարություններ է իրականացնում։ Մինչդեռ բնակչությունն ընդամենը բնակարաշինությամբ է զբաղված։
Կարդացեք նաև
Տրամաբանական պատկեր
Շինարարության մասին պատմող թվերը տրամաբանական ու ոչ այնքան տրամաբանական պատկեր են ներկայացնում։ Այն, որ բնակարանային շինարարության 1/3-ը բաժին է ընկնում աղետի գոտուն՝ հասկանալի է։ Հասկանալի չէ, որ մոտ 100 հազար քմ տարածքի 40%-ը հենց աղետի գոտու բնակչության միջոցներով է կառուցվել։ Համարյա նույն ծավալի բնակարանաշինություն է իրականացվել նաեւ Երեւանում՝ 97,1 հազար քմ։
Տավուշի մարզը, որը եւս կարելի է համարել աղետի գոտի, ծավալային իմաստով ամենախղճուկ վիճակում է։ Տավուշի մարզին բաժին է ընկնում շինարարության 1%-ը, իսկ Սյունիքի մարզին՝ ընդամենը 0,3%-ը։
Տվյալների այս համամասնությունից կարելի է ենթադրել, որ այս ոլորտում պետական համակարգված քաղաքականություն մշակված չէ։ Հետեւաբար, պետությունը կապիտալ շինարարության ոլորտում հպարտանալու առիթ (կամ հնարավորություն) չունի։ Հատկապես, որ շինարարության ծավալները, ըստ տնտեսության ճյուղերի, անհավանական պատկերի պես մի բան է։ Հիմնական ծավալը, բնականաբար, բաժին է ընկնում բնակարանաշինությանը (39,4%)։ Կապի ոլորտին, չնայած ներդրումների ակնկալիքներին բաժին հասավ 10%-ը։
Իսկ «Հանրապետության տարածաշրջաններում ասֆալտապատվել է 78 հազար քմ մակերես»։ Շատ է սա, թե քիչ, հարաբերական հարց է։ Իսկ համեմատությամբ ընկալելու համար կարելի է ասել, որ ողջ հանրապետությունում ասֆալտապատվել է Հանրապետության հրապարակից 2,5 անգամ մեծ տարածք։ Կարելի է հպարտանալ, պարոնայք։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ