ՀՅԴ Հայաստանի ԳՄ իրավաբանական բաժնի պատասխանատու Կիմ Բալայանի հետ այս հարցազրույցի մասին պայմանավորվել էինք Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունից մեկ օր առաջ։ Հետաձգելու նախաձեռնությունն իրենն էր. համոզված էր, որ այն ժամանակ Աղվան Հովսեփյանի դեմ խոսելը հավասարազոր կլիներ Վանո Սիրադեղյանի ակամա պաշտպանությանը։ Ինչեւէ, անհրաժեշտ դադարը պահելուց հետո համաձայնեց որոշ բացահայտումներ անել իր նախկին ուսանողի հետ վերջին տարիներին ունեցած «փոխհարաբերությունների» վերաբերյալ։
-Աղվան Հովսեփյանը 1996-ին Ձեր գործով քննիչ էր եւ, կարծեմ, բավական դժգոհություններ ունեիք նրա գործողությունների վերաբերյալ։
-Գործի քննությունն իսկ անօրինական ճանապարհով սկսվեց: Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, ժամը 4։30-ին մեր տուն մուտք գործեցին ավտոմատներով զինված շուրջ 26 անձինք, որոնք ոչ խուզարկություն կատարելու մասին որոշում ունեին, ոչ էլ դատախազի սանկցիա։ Ինձ ընդհանրապես թույլ չտվեցին մասնակցել խուզարկությանը։ Եվ տնից իբր հայտնաբերեցին տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նախաքննության ողջ ընթացքում գոնե մեկ կիսացուցմունք էլ չեղավ, որ այդ փամփուշտներն ինձ են պատկանում։ Էլ չեմ ասում, որ փամփուշտները դատավարական կարգով փաթեթավորված, կնքված չէին: Ինձ չներկայացրին փորձաքննության նշանակման որոշումը, որ պարտադիր է։ Ինձ պետք է հնարավորություն տային նաեւ բացարկ հայտնել փորձագետին։ Դատավարական այսպիսի բազմաթիվ խախտումներ էին կատարել, բայց մեղադրական եզրակացության մեջ ներկայացվել էր 232 հոդվածը, որը որեւէ հիմնավորում չուներ։
Աղվան Հովսեփյանն ինձ նաեւ մեղադրանք էր ներկայացրել տուժողին անօգնական վիճակում թողնելու կապակցությամբ։ Սա այն դեպքն է, որի մասին ասում են՝ մորթած հավի ծիծաղն էլ կգար։ Եթե ինձ առաջադրվել էր զանգվածային անկարգությունների կազմակերպիչ եւ մասնակից լինելու մեղադրանքը՝ անօգնական վիճակում թողնելու հոդվածը բացառվում է։ Դա նույնն է, որ մարդասպանին իր զոհին անօգնական վիճակում թողնելու մեջ նաեւ մեղադրես։ Իրավաբանական այս անգրագիտությունը որեւէ սահման չուներ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ այն դատարանը, որի վերաբերյալ միանշանակ պնդում էի, թե խամաճիկային է՝ այդ երկու հոդվածներով ինձ անպարտ ճանաչեց։ Բայց մասնավոր որեւէ որոշում չկայացրեց, թե ինչպես է եղել, որ ինձ ակնհայտ ապօրինի մեղադրանք են առաջադրել։
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում Աղվան Հովսեփյանն ինձ ներկայացրեց, որ գործում տվյալներ կան, թե իբր ես բարձրախոսով ժողովրդին կոչ եմ արել դեպի խորհրդարան գնալ։ Բայց անմիջապես էլ ասաց, որ ձայնի ճանաչման է ներկայացվել. «Բոլորն էլ գիտեն, որ դու բարձրախոսով չես խոսել»։ Բայց մեղադրական եզրակացության մեջ, որպես իմ հանցավորությունն ապացուցող փաստարկ, ներառել էր, որ ես բարձրախոսով նման կոչ եմ արել։ Որտեղի՞ց էր վերցրել։ Գործում մի ցուցմունք չկար, որ ես մարդկանց կազմակերպել եւ խորհրդարան եմ տարել։
-Թերեւս բոլոր այն քաղաքական գործիչներից, որոնք առնչվում էին սեպտեմբերի 25-ի իրադարձություններին, միայն Ձեր գործն, այնուամենայնիվ, դատարան հասավ։ Գուցե սա Աղվան Հովսեփյանի արհեստավարժության որոշակի վկայությո՞ւնն է նաեւ։
-Ոչ։ Ի դեպ, այդ գործի մասնատումը նույնպես իրավաբանական անգրագիտություն էր։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է որեւէ քննիչ մի ամբողջական գործի առանձին մասեր դատարան ուղարկել։ Իմ մեղադրական եզրակացության մեջ գրված էր. «Միավորվելով Վազգեն Մանուկյանի, Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյանի, Ռուբեն Հակոբյանի, Սեյրան Ավագյանի հետ՝ կազմակերպել է…»։ Ինչպե՞ս եղավ, որ այս միասնական գործը մասնատվեց։
… Վերջիվերջո, Աղվան Հովսեփյանի ներկայացրած մեղադրանքում հիմք էին ընդունվել երկու անձանց նախաքննական ցուցմունքները, որոնցից նրանք դատարանում հրաժարվեցին։ Բայց դատարանը հիմք ընդունեց նախաքննական այն ցուցմունքները, որոնք տվողները պնդել էին, թե Կիմ Բալայանի ձեռքի շարժումներից հասկացել էին, որ ինքը ժողովրդին կոչ է անում բարձրանալ 2-րդ, 3-րդ հարկերը։
-Փաստորեն, մեղադրանքի հիմքում միայն ձեռքի այդ շարժումնե՞րն էին։
-Միայն։ Այդ երկու ցուցմունքի հիման վրա ինձ դատապարտեցին երկու տարվա ազատազրկման եւ պատժի կատարումը հետաձգեցին։
-Գլխավոր դատախազը հրապարակավ հայտարարել է, որ Դուք այժմ դիմել եք անպարտ ճանաչվելու համար, եւ ինքը անաչառությունը պահպանելու նկատառումով չի մասնակցելու կոլեգիայի քննությանը։
-Իմ փաստաբանը հսկողական գանգատ էր ներկայացրել, որ գլխավոր դատախազը բողոքարկի դատավճիռս։ Աղվան Հովսեփյանի պատասխանն էր. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել, որ ես քաղաքական պատվեր կատարո՞ղ եմ։ Այն ժամանակ կատարել եմ նախկին իշխանությունների պատվերը, հիմա էլ ա՞յս իշխանությունների։ Ես անձնապես Ձեր հանդեպ ամենաբարիդրացիական զգացումներն ունեմ, բայց գործը ես եմ քննել, եւ որպեսզի այս առնչությամբ որեւէ խոսակցություն չլինի՝ հանձնարարել եմ, որ կոլեգիայի անդամներն առանց իմ մասնակցության եզրակացության հանգեն, թե հիմքեր կան կամ՝ ոչ»։ Ահա այս մասին նա հրապարակավ հայտնեց, բայց նաեւ բացահայտ սուտ ասաց։ Կոլեգիայի նման նիստ չի եղել։ Ընդհակառակն, Աղվան Հովսեփյանը, որ ինքը քաղաքական պատվեր կատարող չերեւա՝ առաջին անգամ ցուցում է տվել հետին թվով պատասխանել ու մերժել։ Փաստորեն, պաշտոնական կեղծիք է կատարել։ Երկրորդ անգամ խոստացավ, որ կոլեգիան պիտի քննի, բայց նման բան չի եղել եւ էլի մերժողական պատասխան են ուղարկել։
Հիմա պիտի հասարակությունն ու իրավաբանական աշխարհը գնահատական տան, թե իրականում նա այն ժամանակ քաղաքական պատվե՞ր էր կատարել, թե՞ արդարություն պաշտպանել։ Ի վերջո, ինքն իրեն էլ պիտի մի հարց տա, թե իր ո՞ր արժանիքները նպաստեցին, որ ինքը հանրապետության գլխավոր դատախազ դարձավ։
-Իսկ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։
-Ես համոզված եմ, որ բացի անձնական կապերից, այլ արժանիքներ նա չուներ։ Իր կենսագրության ընթացքում նա երբեք հանուն օրենքի եւ արդարադատության իշխանությունների հետ չի հակադրվել։ Ապացույցը Տեր-Սահակյանի բանդային կալանքից՝ նրա բաց թողնելն էր եւ այլ գործերի քննությունները։
Եվ դեռ անձամբ ինձ մոտ հպարտանում էր, որ ինքն ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվել եւ պատահական չի, որ 5 տարվա ընթացքում որեւէ անգամ խորհրդարանի խոսափողին չի մոտեցել։
-Բազմաթիվ հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ Դուք նախ գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդ էիք, հետո՝ Աղվան Հովսեփյանի տեղակալի։ Իրոք նման առաջարկներ եղե՞լ են։ Ըստ իմ տեղեկությունների, Ձեր նախաձեռնությունն էր գլխավոր դատախազի տեղակալ դառնալը, բայց Աղվան Հովսեփյանը մերժել էր՝ փաստարկելով, որ Ձեր նկատմամբ քրեական գործը կարճված չէ հանցակազմի բացակայության պատճառով, Դուք արդարացված չեք։
-Այդ կարգի մասնավոր զրույց եղել է Աղվան Հովսեփյանի հետ։ Երբ նա ասաց, որ շատ-շատ է հարգում իմ գիտելիքներն ու փորձը՝ ի պատասխան ասացի, թե գնահատողն այդպես չի վարվում։ Դրական կարծիք ունեցողն առանց փաստաբանի դիմումի կբողոքարկեր, ինձ էլ կհրավիրեր, կասեր. «Պայքարելու կամք, փորձառություն ունես՝ արի միասին աշխատենք»։ Նա էլ թե. «Ես ո՞նց կարող եմ նման առաջարկ անել, քանի որ այս քրեական գործը կա»։
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի թեկնածու լինելուս, անկեղծորեն պիտի ասեմ, որ նախընտրական շրջանում շատերն էին ինձ ասում, որ գլխավոր դատախազի լուրջ թեկնածու եմ։ Միշտ միանշանակ ժխտել եմ, բացառել, քանի որ, ի վերջո, կարող էր շահարկման առարկա դառնալ այն հանգամանքը, որ ես էլ եմ ղարաբաղցի, չնայած 1966-ից Երեւանում եմ ապրում։ Այնուամենայնիվ, դա կարող էր շահարկվել եւ եթե առաջարկեին էլ՝ չէի համաձայնի։ Այնպես որ, իրադրությունը գնահատելով, այդպիսի հավակնություն չեմ ունեցել։ Իհարկե, նաեւ ցավում եմ, որ չեմ ունեցել։ Քանի որ դատախազության այսօրվա աշխատանքը պարզապես… Արտավազդ Գեւորգյանի ժամանակ դատախազության հեղինակությունը սկսեց անկում ապրել։ Հենրիկ Խաչատրյանը փորձեց բարձրացնել այդ հեղինակությունը։ Իսկ այժմ նորից անկում կա։
-Բայց, ասենք, հանցագործությունների բացահայտման տոկոսն է բարելավվել, գլխավոր դատախազի հաղորդման համաձայն՝ նախորդ տարվա 81,2%-ի փոխարեն 1998-ին 83,5% է կազմել։
-Հանցագործությունների բացահայտումը օպերատիվ աշխատանքի արդյունք է, այնպես որ, ես դա ուղղակիորեն չէի կապի դատախազության գործունեության հետ։ Այ, եթե Սերժ Սարգսյանը դա որպես դրական ցուցանիշ ներկայացներ՝ միանգամայն ընդունելի կլիներ։
-Ակնհայտ է, որ, մեղմ ասած, այնքան էլ լավ կարծիքի չեք Աղվան Հովսեփյանի մասին՝ որպես իրավաբանի։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում Վանո Սիրադեղյանի վերաբերյալ նրա միջնորդությունները։
-Իրոք, ես խիստ դժգոհ եմ իրավաբան Աղվան Հովսեփյանից, բայց որպես մարդու՝ նրա նկատմամբ ոչ մի դժգոհություն չունեմ։ Ընդհակառակը, որ այսքան ժամանակ լռել ու ոչ մի բան չեմ ասել՝ նաեւ հաշվի եմ առել իմ մի շարք ընկերների տեսակետը, որ ընկերական շրջապատում Աղվանն իրեն լավ է դրսեւորել։ Բայց կարծում եմ, որ պետական պաշտոնյան առաջին հերթին օրինականությամբ պիտի առաջնորդվի։
Ցավոք սրտի, պիտի անբավարար գնահատեմ նաեւ դատախազի միջնորդությունը, նախեւառաջ՝ բովանդակային առումով։ Միայն մի օրինակ բերեմ. նշված է, որ Կիմ Բալայանի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել, բայց որեւէ շարժառիթ, դրդապատճառ ներկայացված չէ։ Այնինչ, ես դեռեւս 1994-ին գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի մեջ հստակ նշել եմ, թե Վանո Սիրադեղյանի կատարած ապօրինությունների վերհանման պատճառով է ինքն այսպիսի հանձնարարականներ տվել։
Ես նաեւ չեմ կարող համակերպվել, թե ինչն է պատճառը, որ այս ԱԺ-ն, խախտելով սահմանադրական նորմը՝ հանձնաժողովում չքննարկեց այս հարցը եւ եզրակացությունը չներկայացրեց խորհրդարանին։ Եվ ԱԺ-ն դատական դահլիճի վերածեցին։ Միանշանակ չեմ ասի, որ սա Աղվան Հովսեփյանի բացթողումն է։ Բայց որպես գլխավոր դատախազ՝ ինքը պիտի պահանջեր, որ ԱԺ-ն օրենքով ղեկավարվի։
Երկրորդ միջնորդությունն անօրինական է. Վանո Սիրադեղյանին ներկայացված մեղադրանքներով օրենքը պարտադիր նախատեսում է նախնական կալանք։ Ինչպե՞ս է գլխավոր դատախազը խախտում օրենքը։ Եթե ակնհայտ էր, որ տվյալ պայմաններում համաձայնություն չեն տալու՝ պիտի հանրապետության նախագահին դիմեր, որ կամ ինքն իր տեղում չէ, կամ էլ ԱԺ-ն պիտի արձակվի։
-Իսկ միջնորդությանը հաջորդած դատախազական գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։
-Նախ փորձեցին լրատվամիջոցներով հասարակությանն ապակողմնորոշել, թե օրինական որեւէ ելք չկար Սիրադեղյանին հանրապետությունում պահելու։ Հանգիստ կարող էին 96 ժամով ձերբակալել, հետո անմիջապես նախագահին դիմել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար։ Այս հնարավորությունը բաց թողեցին, իսկ հետագա գործողությունների մասին հստակ տեղեկություններ չունեմ։
Կարծում եմ, որ այսօր Վանո Սիրադեղյանի անձի պաշտպանությունը պետական լուրջ խնդիր է, եւ մեր հատուկ ծառայությունները պիտի ամեն ինչ անեն, որ նրա անձնական անվտանգությունն ապահովեն։
-Դուբայո՞ւմ։
-Որտեղ ուզում է լինի. ազգային անվտանգության մարմինները հնարավորություններից զերծ չեն, որ կարողանան Դուբայում կամ Փարիզում այդ խնդիրը լուծել։
Ինձ համար պարզ է, որ այսօր Վանո Սիրադեղյանի շրջապատը, մտերիմներն ավելի են շահագրգռված, որ նա մեջտեղից դուրս գա։ Բացառված է, որ զանգվածային սպանությունների այդ շարքի վերաբերյալ տեղյակ չլիներ հանրապետության նախագահը։ Եվ Ղանդիլյանի դեպքի վերաբերյալ, որ հիմնականում վերաբերում էր 430 վագոն վառելիքի հափշտակմանը՝ տեղյակ էին ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ մյուս ղեկավարները։ Վանո Սիրադեղյանն ինքն անձնապես որեւէ շահագրգռվածություն չուներ Համբարձում Ղանդիլյանին վերացնելու համար։ Այս տեսակետից, համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատն ամեն ինչ անելու են, որ Վանո Սիրադեղյանը ֆիզիկապես անհետանա, քանի որ միշտ վտանգը կա, թե նա արտասահմանից կվերադառնա կամ նրան կբերեն։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Պատրաստ ենք հրապարակել եւ Աղվան Հովսեփյանի, եւ այլ շահագրգիռ անձանց հակափաստարկները Կիմ Բալայանի պնդումների վերաբերյալ։