Երեւանի թիվ 11 պոլիկլինիկայի աշխատակիցներին վճարել են դեկտեմբերի աշխատավարձը՝ չվճարելով հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար։ Ենթադրում ենք, որ սույն հնարքով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը խորհրդարանում կարող է ասել, որ վճարումների գծով ուշացումները ընդամենը 1-2 ամիս են կազմում։ Հիրավի, արհեստավարժությունը որեւէ չափ ու սահման չունի։ Հաճելի է հետեւել, թե ինչպես է ամսեամիս թռիչքաձեւ աճում մեր երիտասարդ նախարարների հմտությունը՝ մարդկանց աչքին թոզ փչելու։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ խմբագրություն զանգահարեց Նորքի 1-ին զանգվածի մի բնակիչ եւ հայտնեց, որ Գայի արձանի դիմացի տարածքում ծառահատման եւ բետոնապատման աշխատանքները շարունակվել են մինչեւ նախանցյալ օրվա երեկո։ Ոստիկանները եկել, պարտադրել են դադարեցնել աշխատանքները եւ տարածքը բերել նախկին տեսքին։ Կարելի է ենթադրել, թե ինչքան դժվար կլինի գիշերային բար-ռեստորանի՝ արդեն գցված հիմքերը վերացնելը։ Երեւի դրա համար էլ նախապատվությունը տրվել է հիմքերը քողարկելուն։ Բետոնապատված տեղերը հիմա ծածկված են հողի կույտերով։ Դա հաստատ նախկին տեսք չես անվանի, քանի որ այդտեղից անհետ կորել են արմատախիլ արված ծառերը։ Բետոնե հատվածները հողով քողարկելը մի ուրիշ նպատակ էլ է հետապնդում. ապագա բարի տերը (ոմն «ավտարիտետ» Ռազ) հայտարարել է, որ շինարարությունը դադարեցվել է միայն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չլինելու պատճառով։ Այ, կհավաքի նա դրանք ու հանգիստ՝ բետոնի վրայից կմաքրի հողի շերտը։