Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զգուշացիր ավտոտնակից

Մարտ 12,1999 00:00
avtotnak

Լրագրողներս շա՜տ «թիթիզ» ժողովուրդ ենք. ով որտեղ կանչում է, ծանր տեղներս թեթեւացնում՝ գնում ենք։

Այս անգամ էլ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, թե կենտրոնից ապօրինի շինություններ են հանում։ Մենք էլ ոգեւորված վեր կացանք (5-6 հեռուստաընկերությունով, թերթով ու ռադիոյով), գնացինք Աղայան 9 հասցե։ Գնացինք-գնացինք, շատ, թե քիչ, մեկ էլ տեսանք երեք ավտոտնակ՝ երկուսում մեքենա ընդհանրապես չկար, մինն էլ իսկի ավտոտնակ չէ (այլ՝ կրպակ)։

Այդ բակի տասնյակ քարաշեն ավտոտնակներն ու շինությունները բանի տեղ չդրեցինք ու կենտրոնացանք այդ 3 թիթեղյա ավտոտնակների վրա։ Էհ, կենտրոնանալն էլ հո մեր կամքով չէ, քաղաքապետի որոշում կա ու այդ որոշումն իրականացնող՝ «Նոր բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն։ Դրա փոխտնօրեն Արմեն Բաբայանն էլ հայտնեց, որ այդ բակից ահազանգ է հնչել ապօրինի շինարարությունների վերաբերյալ, ու քաղաքապետն էլ օրինականությունն ու քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով որոշում է կայացրել այդ 3 թիթեղյա ավտոտնակի ապամոնտաժման վերաբերյալ։

Ոչինչ որ հենց այդ նույն 3-ի կողքին եւս մի քարաշեն ավտոտնակ էր կառուցվում (քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնեցին, որ դրա համար տրված է թույլտվություն), ոչինչ, որ այդ նույն 3-ի անմիջապես հետեւում եւս մի շինություն կա (ի դեպ, հարեւաններն ասացին, թե դա Արեւ Բաղդասարյանի որդունն է)։ Անշուշտ, անհրաժեշտ է ապօրինի շինարարության (եւ ոչ միայն շինարարության) դեմն առնել, բայց այդ ո՞ր տրամաբանությամբ բակի նույն հատվածում (խաղահրապարակում) կառուցված 3 թիթեղյա ավտոտնակը ապօրինի են համարվում (միայն նրա համար, որ համապատասխան փաստաթուղթ չունեն), իսկ մյուս 2 շինությունը՝ օրինական։

Էհ, ինչ արած, հրաման է՝ ուշադրությունը կենտրոնացնել 3-ի վրա, մենք էլ կատարում ենք։ Մինչեւ վերջին պահը ավտոտնակների տերերը հավանաբար չէին հավատում, որ իսկապես կհանվեն ավտոտնակները։ Միայն այն պահին, երբ կռունկն ու բեռնատարը կենդանության նշաններ ցույց տվեցին՝ հայտնվեց կրպակի տիրոջ հարեւանը, ավտոտնակներից մեկի տանտիրուհին 6-րդ հարկի պատշգամբից հայտնեց, որ «զանգել է, հիմա մարդ կգա»։ Վերջինի տերն էլ՝ Մակարյան Մ.-ն հայտնեց, որ ընդամենը 13 օր է, ինչ տեղադրել է ավտոտնակը, թաղապետարանում խոստացել են թույլտվություն տալ (մեզ ասացին, որ նման իրավասություն տրված է միայն քաղաքապետարանին- Լ. Մ.), այդ ընթացքում հանկարծամահ է եղել նրա աղջիկը, եւ ավտոտնակի օրինականացման հարցերը կիսատ են մնացել։

Ու մեկ էլ սկսվեց դարիս ապօրինի շինությունների դեմ պայքարը՝ կռունկը դղրդաց, բոլորիս ուշադրությունը էլ ավելի կենտրոնացավ, մարդիկ անգամ հեռուստասերիալները մոռացած, կախվեցին լուսամուտներից։ Կռունկը աշխատեց, ավտոտնակը գետնից պոկվեց, դանդաղ շարժվեց դեպի բեռնատար, ու դեռ ճամփա ուներ մինչեւ բեռնատարը՝ մեկ էլ շրըխկ… պարանները պոկվեցին ու ավտոտնակը տապալվեց գետնին։ Բոլորս փառք տվեցինք Աստծուն, որ տակը մարդ չմնաց, ու վերադարձանք խմբագրություն։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031