Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Մարտ 12,1999 00:00
ararqcyan

ՀՀՇ-ում կատարվողի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, մանավանդ այն պատճառով, որ կազմակերպությունը կարող է պառակտվել՝ զրկվելով իր ազդեցիկ որոշ դեմքերից։ «Առավոտին» հաջողվեց ձեռք բերել ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հայտարարությունը, որը, հավանաբար նա կտպագրի «Հայք» թերթում։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն ամբողջությամբ։

«Հայոց համազգային շարժման 11-րդ համագումարն ընդունեց բանաձեւ, որում հստակեցվում են նաեւ ներկա իրավիճակում կազմակերպության քաղաքական դիրքորոշումը եւ հետագա անելիքները։ Համագումարի կողմից ընտրված վարչության եւ մասնավորապես նրա նախագահի վրա պետք է ընկներ բանաձեւում դրված խնդիրների իրականացման հիմնական ծանրությունը եւ պատասխանատվությունը։

Ունենալով իմ հստակ պատկերացումները այդ խնդիրներն իրականացնելու ճանապարհների եւ մեթոդների, վարչության եւ կազմակերպության աշխատանքները ղեկավարելու սկզբունքների մասին, համաձայնեցի քվեարկել իբրեւ վարչության նախագահի թեկնածու։ Վարչությունը, քննարկելով հիմնականում իմ եւ Վ. Սիրադեղյանի թեկնածությունները, նախագահ ընտրեց Վ. Սիրադեղյանին։

Վերջին մեկ տարում վարչության նախագահի գործելակերպի եւ աշխատաոճի հետ կապված որոշակի անհամաձայնություններ եմ ունեցել։ Քննարկումների ժամանակ, նրա բացակայության պատճառով, հնարավոր չեղավ ծանոթանալ քաղաքական նոր իրավիճակում նրա մոտեցումներին եւ ծրագրերին, ուստի անորոշության այս պայմաններում առժամանակ սառեցնում եմ իմ մասնակցությունը ՀՀՇ վարչության նիստերին»։ Իսկ մինչ այդ ՀՀՇ-ում եղած վերջին զարգացումների վերաբերյալ զրուցել էինք նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի հետ։

– Անշուշտ, մեզ համար շատ ծանր է ունենալ մի ղեկավար, որի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, եւ որը նաեւ գտնվում է երկրից դուրս, բավականին անհայտ կարգավիճակով։ Այս ամենը ծանր է, բայց մյուս կողմից պետք է ընդունել, որ կուսակցությունները հենց մարդկային գործունեության մի շրջանակ են, ուր մարդկային ֆակտորն անտեսել հնարավոր չէ։ Ես կողմ եմ, որ կուսակցություններում հարաբերությունները շատ ավելի քաղաքական հիմքերի վրա լինեն եւ ոչ թե ունենան ոչ ֆորմալ բնույթ։ Բայց, տվյալ դեպքում, ընտրությունը Վանոյի վրա կանգ առավ, ՀՀՇ վարչության մեծամասնությունն այդ քայլին դիմեց՝ հիմքում ունենալով այն մոտիվացիան, թե դրանով այս կամ այն կերպ ստանձնում է նրա իրավունքների պաշտպանությունը։ Դա նախեւառաջ քաղաքական որոշում էր, որի վրա սակայն մեծապես ազդեց բարոյական աջակցության հանգամանքը։

Այդ որոշումը համարելով ոչ հեռանկարային, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հալածելով եւ այսպիսի պրոպագանդիստական տեռոր կազմակերպելով ողջ ՀՀՇ-ի, նրա գրեթե յուրաքանչյուր անդամի, իսկ տվյալ դեպքում հենց Վանոյի նկատմամբ, իշխանությունները նպաստում են, որ քաղաքական գործունեության մեջ խտանա հեղափոխական էլեմենտը։ Սա շատ վտանգավոր է։ Այն, որ այսօր ՀՀՇ-ում այդ տիպի ուժերն ավելի են համախմբվում, ամեն գնով պաշտպանվելու եւ մինչեւ վերջ Վանոյի պաշտպանության համար գնալու, հենց խոսում է այն վտանգավոր դիրքորոշման հնարավոր հետեւանքների մասին։

– Իսկ համաձա՞յն եք ՀՀՇ-ից հեռանալու վարչության մի խումբ անդամների դիրքորոշմանը։ Դուք ինչպե՞ս եք վարվելու։

– Իրոք, իրավիճակը պարզ չէ։ Այն հիմա խիստ պատասխանատու երանգներ ունի։ Կազմակերպության հեռակա կառավարման այս ձեւը, որը նախընտրեց վարչության մեծամասնությունը, անհեռանկարային է։ Պետք է լուծումներ գտնել։ Այդ լուծումները մի քանիսն են՝ մեկը պարզապես վարչությունից դուրս գալն է, մյուսը՝ կազմակերպությունից հեռանալը։ Կարծում եմ՝ դրանք ամենածայրահեղ քայլերն են, պետք է միջանկյալ ուղիներ որոնել։

– Պարոն Սահակյան, մի քիչ առաջ լրագրողների հետ զրուցելիս Բաբկեն Արարքցյանը, իմ տպավորությամբ, իր խոսքը հատկապես Վանո Սիրադեղյանին էր ուղղում, թե կողմնորոշվիր՝ կամ ասա ի՞նչ ես անում դու, կամ էլ՝ մենք մեր որոշելիքը որոշենք։ Կարելի՞ է այդպես հասկանալ պրն Արարքցյանի խոսքը։

– Դուք փորձում եք պարզ լեզվով վերարտադրել քաղաքական լուրջ բանավեճը, որը կարող է, իհարկե, խիստ մոտավորությամբ այդպես ընկալվել։ Խոսքը նրա մասին է, որ այս իրավիճակում՝ քաղաքականորեն փոփոխված, երբ յուրաքանչյուր վայրկյան պատասխանատու որոշումներ ընդունելու, այդ որոշումները նախապատրաստելու եւ իրականացնելու համար անմիջական, ակտիվ գործունեություն է հարկավոր, կազմակերպությունը թողնել լոճված վիճակում, անորոշության մեջ՝ չի կարելի։ Դա հարվածում է ողջ կազմակերպությանը։ Խնդիրը կազմակերպության ապագայի նկատմամբ պատասխանատվության եւ կազմակերպության հետագա ղեկավարման քաղաքական հանձնառությունների մասին է՝ ո՞վ ի՞նչ է իր վրա վերցնում։ Մենք կարծում ենք, որ Վանո Սիրադեղյանին վարչության նախագահ վերընտրելը խիստ սահմանափակելու, կաշկանդելու է կազմակերպության գործունեությունը եւ այն դարձնելու է ավելի խոցելի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031