Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիմա հրեշը

Մարտ 12,1999 00:00
Aram Abrahamyan

Հայտնի ֆրանսիական ֆիլմում մեծահարուստ Ռամբալ-Կոշեն ստիպում է իր ստորադասին հանվել եւ հարցնում է. «Ո՞վ է հիմա հրեշը՝ ե՞ս, որ ստիպում եմ ձեզ վարտիքն իջեցնել, թե՞ դուք, որ պատրաստ եք դա անել»: Հավերժական հարց է, որը միանշանակ պատասխան չունի: Մի կողմից, այո, ուժեղներն են մեղավոր: Իրենց շրջապատելով շողոքորթ առնետների ստվար բանակով, նրանք շատ կարճ ժամանակահատվածում կորցնում են կապը իրականության հետ:

Հետո ուժեղների կազմը մի փոքր փոխվում է, եւ առնետները, բնականաբար, հետեւի թաթիկների վրա վազում են սրնգի նոր մեղեդու հետեւից, մնում կամ դառնում են պատգամավոր, նախարար եւ զուգահեռաբար ծլվլում նախկին տերերի չարագործությունների մասին: Նախկիններն էլ, դրամատիկ կեցվածք ընդունելով, սկսում են տնքալ. «Ա՜խ, ինչպիսի երախտամոռություն»: Բայց, ներեցեք, դո՞ւք չեք նրանց ստեղծել ու կերակրել: Նրանք եւ դուք բացարձակապես նույնն եք, պարզապե՜, ասենք, 1995 թվականի «Հանրապետություն» բլոկի նախընտրական ցուցակի վերջինները դարձան 1999-ի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջինները: Նույնիսկ անունն է համարյա նույնը մնացել: Ովքե՞ր են ավելի շատ մեղավոր՝ քծնանքով ապրող առնետնե՞րը, թե՞ նրանց անընդհատ ստորությունների մղող հին ու նոր տերերը:

Բայց ինչո՞ւ միայն նրանք՝ պատգամավորներն ու նախարարները: Իսկ մե՞նք՝ հասարակ քաղաքացիներս: Գուցե խնդիրը մե՞ր մեջ է: Գուցե մեզնից շատերիս չոքե՞րն են դողում, երբ տեսնում ենք փորը ցցած տեղական հեղինակությանը՝ կոչվի նա համայնքապետ, թաղապետ, գյուղապետ, թե պարզապես բարեգործ-երկրապահ: Գուցե մեզ համար ավելի կարեւոր է այդ խմբապետի գողացած փողերից մեզ բաժին հանած մի կիլո եղուբրի՞նձը, որը «նաղդ է», քան ինչ-որ մի վերացական քվե, որը չգիտես որտեղ է կորչելու: Գուցե հրեշը, այնուամենայնիվ, մե՞նք ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031