Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԽ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞

Մարտ 12,1999 00:00
qx

Երեկ տեղի ունեցավ նախագահին կից Քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում էին

ա/ տեղեկատվությունը,

բ/ խորհրդի գործունեության մասին հաշվետվությունը,

գ/ գործադիր քարտուղարի հաշվետվությունը:

Նիստին մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին ներկայացվել էին եզրակացություններ չորս թեմաներով, ընդ որում, չորսն էլ տնտեսական: Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, նախագահը տարակուսանք էր հայտնել, որ Քաղաքական խորհուրդը կենտրոնացել է ավելի շատ տնտեսական հարցերի վրա: Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ ՔԽ-ը իր եռամսյա գործունեության ընթացքում տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ անց է կացրել նաեւ քննարկումներ նույնպես չորս թեմաներով: Թե որքանով է այդ ամենը արժեքավորում ՔԽ-ի աշխատանքը եւ հստակեցնում նրա ֆունկցիաները, դժվար է ասել:

Ամենահետաքրքիրն, իհարկե, ՔԽ-ի նոր գործադիր քարտուղարի ընտրության հարցն էր: Մեր ունեցած տեղեկատվությամբ, այդ պաշտոնը զբաղեցնող սոցիալիստների ներկայացուցիչ Ռուբեն Խուրշուդյանն առանձնապես չէր վառվում գործադիր քարտուղար մնալու ցանկությունից: Սակայն մեղմ ակադեմիական բնավորություն ունենալով, նա չկարողացավ վճռականորեն հրաժարվել այդ դերակատարությունից: Երեկվա քննարկման տրամաբանությունն այն էր, որ, միեւնույն է, մոտակա երեք նախընտրական ամիսների ընթացքում լուրջ նիստեր եւ քննարկումներ չեն լինելու, ուստի ավելի լավ է գործադիր քարտուղարի պաշտոնում թողնել մի մարդու, որի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստանալու հավակնություն չունի, ուստի եւ այդ պաշտոնը զբաղեցնելու հանգամանքն ընտրարշավում չի շահարկվի ընդդիմախոսների կողմից:

Չնայած կարող է լինել նաեւ այլ տրամաբանություն. հենց այս երեք ամիսների ընթացքում Քաղաքական խորհուրդը կարող է լինել այն մարմինը, որը կմշակի ընտրապայքարի քաղաքակիրթ կանոններ եւ կնպաստի հասարակական մթնոլորտի մեղմացմանը: Ճիշտ է, դրա համար այնտեղ պետք է ընդգրկված լինեին ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերը՝ ՀԺԿ-ն, ԱԺՄ-ն եւ Կոմկուսը, ինչին, ցավոք, չհաջողվեց հասնել: Բոլոր դեպքերում Ռուբեն Խուրշուդյանը վերընտրվեց գործադիր քարտուղարի պաշտոնում: Ըստ «Առավոտի» աղբյուրների, ՔԽ-ի նիստի ընթացքում նախագահն իր դժգոհությունը հայտնեց Տիգրան Հայրապետյանի մահվան կապակցությամբ որոշ լրատվամիջոցների եւ կուսակցությունների արձագանքից եւ ներկայացրեց դեպքի պաշտոնական վարկածը (տես՝ ստորեւ):

Մի խոսքով, տպավորությունն այն է, որ ՔԽ-ը կարծես թե պարապ է մնացել: Որպեսզի այդ կարեւորագույն քաղաքական մարմինն անգործ չմնա, ունեմ կառուցողական մի առաջարկ. եւս մեկ անգամ քննարկել նախորդ ռեժիմի հանցավոր գործունեությունը եւ տալ ավելի խիստ քաղաքական գնահատական՝ դրանով իսկ հովացնելով թե՛ ժողովրդի, թե՛ լուրջ («փիղ») կուսակցությունների եւ թե՛ երկրի քաղաքական ղեկավարության սիրտը:

Ա. Ա.

Արդեն հայտնի է, որ մարտի լույս 9-ի գիշերը Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկվել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց եւ ժամը 2-ին մոտ մահացել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունում, մարտի 11-ին, ժամը 6-ին մեղայականով Արաբկիրի ՆԳ բաժին է ներկայացել մայրաքաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Անդրանիկ Մաշկարյանը («Գրիգոր Զոհրապ» համալսարանի 5-րդ կուրսի ուսանող): Նա հայտնել է, որ մարտի լույս 9-ի գիշերը Տ.Հայրապետյանին վրաերթի է ենթարկել ՎԱԶ 21-21 «Նիվա» մակնիշի 64 ԼԼ 461 պետհամարանիշի ավտոմեքենայով:

Նույն աղբյուրի համաձայն, Մաշկարյանն ասել է, թե վրաերթը տեղի է ունեցել հանկարծակի, եւ ինքը փախուստի է դիմել՝ վախենալով փողոցում գտնվող մարդկանցից, իսկ մանրամասնությունների մասին տեղեկացել է մամուլից:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031