«Առավոտին» հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանը եւ նրա կուսակիցները հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ասում են՝ հանդիպումն անցել է փակ դռների հետեւում եւ պրն Դեմիրճյանի խնդրանքով գաղտնի է պահվել։
ՉԽՐԱՏՎԱԾԸ
ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Կիմ Բալայանն ընտրվեց առաջին փուլում, ԿԸՀ-ն չգրանցեց նրան։ Պրն Բալայանը դիմել էր դատարան, բայց այդ հարցը մինչեւ այժմ մնացել է առկախ։ Այսինքն, Կիմ Բալայանը դեռ պատգամավորության թեկնածու էր եւ անձեռնմխելի, երբ կալանավորում եւ դատապարտում էին նրան։
Կարդացեք նաև
Այս ոդիսականից դաս չառած՝ այժմ եւս Կիմ Բալայանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել թիվ 5՝ իր նախկին ընտրատարածքում. «Չեմ կարող հուսախաբ անել ընտրողների այն մեծ զանգվածին, ովքեր ինձ ընտրել են, բայց չեն տեսել որպես պատգամավոր»։
Կիմ Բալայանի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ Է
«Ես համոզված եմ, որ Վանո Սիրադեղյանի վրա գործ են սարքում, դա բանսարկություն է»,- հայտարարեց Բաբկեն Արարքցյանը։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ՀՀՇ համագումարի ավարտին Եռաբլուրում Արարատ Զուրաբյանի բջջային հեռախոսով ի՞նչ է խոսել Վանո Սիրադեղյանի հետ, պրն Արարքցյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Հարցրել եմ նրա առողջության մասին, քաղաքական խնդիրների մասին խոսակցություն չի եղել»։
Բ. Արարքցյանի հայտարարությունը՝ 3-րդ էջում։
ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Շահնազարյանը խոսելով սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի գոյության մասին, ասաց, թե հանրապետության նախագահը նման կառույց ստեղծելու իրավունք չուներ։ Նա է այն միակ պաշտոնատար անձը, որը երդվելով Սահմանադրության վրա, պետք է այդ հարցում պահպանողական դիրքորոշում ունենա։ Սահմանադրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ քաղաքական ուժերը։