Հաշվի չառնելով անգամ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահին արած հայտարարությունը՝ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը 1998 թ. փետրվարյան, այսպես կոչված, իշխանափոխությունից հետո չդարձավ ծայրահեղ ընդդիմություն, որովհետեւ հարգում է պետականությունը, պետության շահը, պետական ինստիտուտները։
Պետականության գաղափարը կազմակերպության գործունեության հիմնաքարն է։ Սակայն մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերն ապացուցում են, որ վտանգված են ոչ միայն լիբերալ-դեմոկրատական արժեքները, այլեւ պետականությունը, պետության գաղափարն ինքնին։ Լռության մատնված աղմկոտ սպանությունների շարքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Հ. Խաչատրյան, ՊՆ փոխնախարար Վ. Խորխոռունի, ՆԳ փոխնախարար Ա. Մարգարյան, շարունակեց արդեն քաղաքագետ Տ. Հայրապետյանը։ Ուրեմն՝ վտանգված է ազատ միտքը, մտածող քաղաքացին։
Ուրեմն՝ վտանգված է պետականության հիմնարար արժեքը՝ պետության ճշմարիտ քաղաքացին։
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հակված չէ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր միջադեպերը քաղաքականացնելու։ Բայց չի կարող չարձագանքել ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող այս ողբերգությանը։ Կրկնում ենք՝ միտումը մեկն է՝ ոչնչացնել միտքը, մտածող անհատին։ Հայտարարում ենք՝ մտածող անհատներն այսօրվա Հայաստանում քիչ են, մտածող անհատներն այսօր պետական արժեք են։
Կարդացեք նաև
ՀՀ իշխանությունները պարտավոր են կասեցնել արյունոտ սպանությունների այս շարքը։ Քանզի այս գործընթացի հետեւանքներն իսկապես անկանխատեսելի են։
ՀՀ իշխանությունները պարտավոր են խստագույնս պաշտպանել բոլոր մտածող անհատների, ՀՀ բոլոր քաղաքացիների ապրելու իրավունքը, ազատ գործելու եւ ազատորեն մտածելու անկապտելի իրավունքը։
Կո՛չ ենք անում բոլոր կուսակցությունների այն անհատներին, որոնց միտքը դեռ չի մշուշել մոտալուտ ընտրություններին «հաղթանակելու» սնապարծ մղձավանջը, որոնց ուղեղը դեռ չի մթագնել իշխանությանն առընթեր խեղկատակ դառնալու մարմաջը, անկախ կուսակցությանը տված երդումից՝ սթափվել եւ վերջ դնել իրենց անհատական կենսակերպի ինքնաբնաջնջման գործընթացին։
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահություն
10.03.99 թ.