Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ

Մարտ 11,1999 00:00
socap

Միամտություն կլինի կարծել, թե երկրի սոցիալական իրավիճակի պատասխանատուն միայն սոցապ նախարարությունն է, սակայն այս կառույցը վաղուց զրկվել է իր ֆունկցիոնալ նշանակությունից՝ վերածվելով անկարեւոր եւ ավելորդ օղակի։

Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնականն այն է, որ այս նախարարությունը կորցրել է պետության հնարավորությունների սահմաններում սոցիալական վիճակի կայունությունն ու առաջընթացը ապահովող մարմնի ֆունկցիան, հայտնվելով այդ ունեցվածքը բաժանողի (լավ կամ վատ) դերում։ Դա ունի նաեւ իր հոգեբանական կողմը։ Նախարարության ներկա ղեկավարությունը տարիներ շարունակ խրված լինելով եւ թրծվելով հումանիտար օգնությունների բաշխման գործում, չի կարողանում ձերբազատվել բաշխողի՝ իր հոգեբանությունից եւ քայլ անել առաջ՝ վերցնելով սոցիալական իրավիճակի համար պատասխանատվության բաժինը, մշակելով իրավիճակին համապատասխան սոցիալական քաղաքականություն՝ հաստատված զարգացման եւ առաջընթացի միտումներ պարունակող ծրագրերով։ Որ ՀՀ սոցապ նախարարությունը վերածվել է բաշխիչ կայանի, ցայտուն երեւաց ընտանեկան նպաստի ներդրման եւ դրա իրականացման ողջ ընթացքում։

Առաջ անցնելով ասեմ, որ ես ընտանեկան նպաստի ամենաջերմ ջատագովն եմ։ Այն միանշանակ առաջադիմական է եւ կարող էր սոցիալական մշտական ցնցումների ու տատանումների մեջ յուրօրինակ մեղմացնող դեր կատարել, սակայն նախարարության կողմից մշակված եւ կառավարությանը ներկայացված մեթոդիկան, սկզբունքը, սոցիալական ստեղծված կացության անիրազեկության պայմաններում կատարած սխալ հաշվարկները այս համակարգը վաղուց զրկել են արդիականությունից եւ դատապարտել ձախողման։

Այսպես, ուրեմն, որոշվել էր ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկել 230 հազար կարիքավոր ընտանիք։ Եվ սա այն դեպքում, երբ «Փարոս» համակարգում կարիքավոր էր համարվել եւ հաշվառվել 500 հազարից ավելի ընտանիք։ Որտեղի՞ց վերցվեց 230 հազարը։ Սա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրման արդյունքո՞ւմ ձեւավորված թիվ է, թե՞ կառավարության ունեցած հնարավորությունների։ Առաջինը բացառված է, որովհետեւ այդպիսի ուսումնասիրություն չի տարվել։ Մնում է երկրորդը, այսինքն՝ կառավարությունն այս նպատակով բյուջեից հատկացրել է այսքան գումար եւ թվաբանական պարզ գործողությունների արդյունքում ստացվել է վերոնշյալ թիվը։

Ամբողջ աշխարհում կարիքավորությունը որոշվում է անձի կամ ընտանիքի ունեցած եկամտով, մենք գնացինք ձախ ձեռքով աջ ականջը բռնելու ճանապարհով, կարիքավորության առաջին հատկանիշ դիտելով մարդու՝ սոցիալական այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքը, այսինքն՝ ընտանիքի ապահովության աստիճանի գնահատման կարգի անուղղակի եղանակով (ուղղակի եղանակը՝ եկամուտով որոշելն է)։

Եվ պարզից էլ պարզ էր, որ անապահովության գնահատման անուղղակի եղանակով ունենալու էինք կարիքավորության ոչ թե իրական, այլ անուղղակի պատկերը։ Անապահովության գնահատման նման կարգ որդեգրելու պատճառը բոլորովին էլ ստվերային եկամուտների առկայությունը չէ, այլ այն, որ մասսայական գործազրկության պայմաններում կարիքավոր ընտանիքների թիվն անհամեմատ մեծ է՝ ներկայացրած 230 հազարից։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հաշմանդամին տրվեց 49 միավոր, իսկ գործազուրկին՝ ընդամենը 27։

Գնահատման նման մեթոդաբանությունը հանգեցրեց սոցիալական արդարության սկզբունքի կոպիտ խախտումների, նպաստ ստանալու հնարավորություն տալով հազարավոր ունեւոր կեղծ հաշմանդամների, ամուսնալուծվածների եւ գործազուրկների, զրկելով նպաստից կարիքավոր, բայց որեւէ սոցիալական խմբի չպատկանող ընտանիքներին։ Ընտանեկան համակարգի գործադրման հենց առաջին ամսում ներկայացված փոփոխությունների արդյունքում (հիմնականում՝ գործազրկության մասին տեղեկանքներ) հազարավոր ընտանիքներ արդեն ձեռք են բերել նպաստի իրավունք, եւ այդպիսի ընտանիքների թիվը հնարավոր է, վաղուց գերազանցել է 230 հազարը, եւ կառավարությունն ու նպաստառուներն արդեն կանգնել են փաստի առաջ։ Ասածս հաստատելու համար բերեմ ընդամենը մեկ օրինակ. Գյումրիում եւ Երեւանի Էրեբունու շրջանում միայն հունվար ամսին այդ թիվն աճել է 3000-ով։

Թե ինչքան է աճել ամբողջ հանրապետությունում, այս մասին դարձյալ լռություն է պահպանվում։ Եվ դա բնական աճ է, եթե մարդիկ նախկինում չէին դիմում գործազուրկի կարգավիճակ ձեռք բերելու՝ տրվող խորհրդանշական գումարի կամ հումանիտար ալյուրի պատճառով, հիմա ընտանեկան նպաստը քիչ թե շատ պատկառելի գումար է եւ ոչ ոք գործազուրկներին կանգնեցնել չի կարող։

Մեր բոլոր փորձերը, դեռեւս 1998-ի հոկտեմբերից՝ կասեցնել համակարգի ներդրումը մինչեւ մեխանիզմների վերջնական հստակեցումը, ոչ միայն արդյունք չտվեցին, ավելին՝ ընդունվեցին սվիններով, դիտվելով իբրեւ ոտնձգություն Սոցապ նախարարության, ընտանեկան նպաստի հանրապետական շտաբի եւ, վերջապես, կառավարության դեմ։ Ավելորդ շտապողականությունը, չկշռադատված, ոտքի վրա կայացրած որոշումներն ու անիմաստ հրահանգները հանգեցրին նրան, որ կառավարությունն այլեւս չի կարող կասեցնել այս համակարգի անհեթեթ դրսեւորումներով ուղեկցվող ընթացքը, եթե չձեռնարկվեն ոչ ստանդարտ միջոցներ։ Սակայն նախարարն արդեն հայտնաբերել է այդ ոչ ստանդարտ միջոցը։

Խախտելով ՀՀ օրենքները, չունենալով ստուգումներ անցկացնելու լիազորություններ, հրամաններ է ստորագրել ծառայությունները ստուգելու։ Հոգեբանորեն նրան հասկանալ կարելի է։ Զգալով մոտալուտ պատասխանատվության վտանգը, այդ պատասխանատվությունն իր հետ կիսողներ է փնտրում, մի դեպքում ձեռքը գցելով համայնքներին, մի այլ դեպքում՝ սոցիալական ծառայություններին։ Ստուգումների ընթացքում կիրառում է բոլոր միջոցները՝ պարտադրելով նպաստների ցուցակներից կամայականորեն հանել ընտանիքներ՝ բարեկեցիկ որակելով։

Խոսքը հազարավոր ընտանիքների մասին է։ Սա եւս հասկանալի է։ Նպաստի իրավունքը նոր ձեռք բերած հազարավոր ընտանիքների պետք է պատասխան տալ։ Ընտանիքներ, որոնց համար բյուջեով, սակայն, միջոցներ նախատեսված չեն։ Այդ մեթոդը առաջինը կիրառվեց Գյումրիի ծառայությունում։ Նախ, որ Գյումրիի ծառայության տնօրենը այս ամբողջ ընթացքում ակտիվորեն քննադատում էր նախարարի գործունեությունը (հրապարակավ) եւ երկրորդ՝ սպասված ձախողումը տեղի էր ունեցել։ Եվ երբ նախարարի ուղարկած անօրինական ստուգումներ անցկացնող խումբը դուրս հրավիրվեց ծառայությունից, դրան ի պատասխան, տառացիորեն մի քանի օր անց Ազգային հեռուստատեսությամբ հայտարարվեց իբր Գյումրիի սոցիալական ծառայությունում հայտնաբերված կեղծիքների մասին, այն էլ՝ 42 տոկոս։

Տարօրինակն այն է, որ այսպիսի կեղծիքների առկայությամբ՝ փաստերը ոչ թե հանձնվում են դատաքննչական մարմիններին, այլ հանձնարարվում է «մանրակրկիտ ստուգումներ անցկացնող հանձնախումբ կազմել»։ Ինչո՞ւ նոր հանձնախումբ կազմել, եթե կարելի է ոչ թե 42 տոկոս, այլ ընդամենը 2 տոկոս կեղծիքների դեպքում էլ գործը իրավապահ մարմիններին հանձնել։ Որտե՞ղ է ձեր ստուգումների կամ, ինչպես դուք եք ասում՝ ուսումնասիրությունների ակտը։ Ինչո՞ւ եք Շիրակի մարզպետի առաջ անօրինական պայման դնում, եթե «աշխատանքից անհապաղ չազատի ծառայության տնօրենին՝ կազատվի մարզպետը»։ Պարզվում է, որ ՀՀ սոցապ նախարարը չգիտի ոչ միայն իր երկրի օրենքները, այլեւ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, որով մարզպետին աշխատանքից չի կարող ազատել որեւէ նախարար։

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գյումրիի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031