Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը չի կատարում ավագանու որոշումը

Մարտ 11,1999 00:00
artashat

Անցած տարի Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մենք՝ Ռ. Հայրապետյանս ու Վ. Սաֆարյանս, մեր ձայնը չենք տվել Հովակիմյանի օգտին։

Քաղաքապետ ընտրվելուց հետո նա սկսեց հետապնդել մեզ եւ հաշվեհարդար տեսնել մեր ղեկավարած ձեռնարկությունների աշխատակիցների նկատմամբ, բնականաբար, թույլ տալով օրենքի կոպիտ խախտում։ Քաղաքապետը հաշվի չառնելով ինքնակառավարման օրենքը, 98-ի հոկտեմբերի 5-ին որոշում է ընդունում միավորել «Արտաշատ» եւ «Իսակով» ՊԳՏՁ-երը։ Ստեղծվում է Արտաշատի գյուղատնտեսական ՓԲԸ-ն։

Հոկտեմբերի 8-ին Արտաշատի պետռեգիստրին կարգադրում է գրանցել այդ «անօրեն» ՓԲԸ-ն։ Գրանցումը կատարվում է, հաշվի չառնելով, որ օրենքով նախատեսվում է ստանալ Արտաշատի համայնքի ավագանու համաձայնությունը։ Միայն 98-ի հոկտեմբերի 23-ին է քաղաքապետը հրավիրում ավագանու նիստ, որտեղ քննարկվում է բնակչության գյուղաշխատանքները կազմակերպելու համար մեքենատրակտորային պարկ ստեղծելու հարցը։ Ավագանուց թաքցնելով միավորում ստեղծելու վերը նշված որոշումը, փաստորեն, ուշացած օրինականացվում է բաժնետիրական ընկերության ստեղծումը։ 98-ի նոյեմբերի 5-ին պրն. Հովակիմյանը մեզ՝ տնօրեններիս հրավիրեց խորհրդակցության եւ ներկայացրեց իր «պատմական» որոշումը։ Մենք նշեցինք, որ այս որոշումը հակասում է օրենքի բովանդակությանը եւ բխում է անձնական շահերից։ Հանդիպման ընթացքում հարկային տեսչության գյուղբաժնի վարիչ Վ. Հակոբյանը մեղադրվեց ձեռնարկություններին անդորագրեր տալու համար։ Հակոբյանը քաղաքապետին փորձեց բացատրել, որ իր քայլերով նա վնասում է պետբյուջեին։ Նշենք, որ այդ օրվանից հողի հարկի գանձման աշխատանքներն Արտաշատում ձախողվել են։

Մենք դիմել ենք քաղաքապետին եւ համայնքի ավագանուն արտահերթ նիստ հրավիրելու հարցով՝ նպատակ ունենալով քննարկել մեր ձեռնարկությունների նկատմամբ անօրինական որոշումը։ 98-ի նոյեմբերի 17-ին պարզվեց, որ քաղաքապետը ոտնահարել է համայնքի իրավունքները, խաբել է ավագանուն, որ նորաստեղծ գյուղատնտեսական ԲԸ-ն կապ չունի «Արտաշատ» եւ «Իսակով» ձեռնարկությունների միավորման հետ։ Ավագանու 10 անդամների մասնակցությամբ նիստում քաղաքապետը լուրջ քննադատության է ենթարկվում՝ հարցը ոչ ճիշտ ներկայացնելու եւ իրենց ապակողմնորոշելու պատճառով։ Ավագանու նիստում միացյալ չեղյալ է հայտարարվում հոկտեմբերի 23-ի որոշումը ձեռնարկությունների միավորման մասին։ Ավագանու որոշմամբ քաղաքապետից պահանջվում է վերականգնել «Արտաշատ» եւ «Իսակով» ՊԳՏՁ-ները։ Հարցը, սակայն, չի լուծվում։ Փոխարենը, քաղաքի պետռեգիստրը ստանում է քաղաքապետի 20.11.98 թ. թիվ 0-25/315 գրությունը։ Արդյունքում պետռեգիստր Ս. Միրզոյանը հրաժարվում է վերագրանցել մեր ձեռնարկությունները։ Այս ընթացքում պրն Հովակիմյանը հրաժարվում էր ընդունել եւ լսել մեզ։

Ստիպված 22.12.98 թ. գրավոր դիմեցինք քաղաքապետին՝ տալու նոր կանոնադրություն եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել արտոնագրային վարչություն։ Սակայն թիվ 0-23/361 նամակով պատասխան ստացանք՝ «Իմ կայացրած թիվ 196 որոշումը ոչ ոք չի կարող փոխել։ Ձեր ձեռնարկությունները հրամանով միավորված է Արտաշատի գյուղատնտեսական ՓԲԸ-ի մեջ»։

Մեր կարծիքով, Վ. Հովակիմյանը անձնական շահն ավելի բարձր է դասում։ Նա շարունակում է հետապնդել ընտրություններում իրեն ձայն չտվող քաղաքացիներին։ Արդյունքում՝ համայնքում ձախողվում է հողի հարկի գանձումը, ինչը, բնականաբար, վնաս է հասցնում պետբյուջեին։ Քաղաքապետը վնաս է պատճառում սեփականատերերին՝ կառավարության կողմից նախատեսված տույժերն ու տուգանքները կիրառվելու են նրանց նկատմամբ։ Փաստորեն, փոխանակ ձեռնամուխ լինի հարկերի գանձմանը, զբաղված է վերը նշված հիմնարկությունների տնօրեններին աշխատանքից ազատելով եւ նորերի նշանակմամբ։ Կառավարության կողմից տրված դոտացիան օգտագործել է իր նպատակներով՝ շուրջ 7 մլն դրամ վճարել է ջրամատակարարող կազմակերպություններին, որպեսզի կարողանա ապահովել ջրի մատակարարման խնդիրը։

Մեր կարծիքով, նման ֆինանսատնտեսական գործունեությունն անթույլատրելի է։ Քաղաքապետը նախկինում կառավարիչ աշխատելով Արտաշատի Հայկոոպի բազայում՝ թույլ է տվել անօրինականություններ եւ խաբեություններ։ Հիմնավորելու համար բերենք հետեւյալ օրինակը։ Արտաշատի միակ գործող հանրախանութում աշխատանքից ազատվեցին 25 հոգի։ Հետո նա սեփականաշնորհեց հանրախանութը՝ վերածելով «Բինգոյի» խաղասրահի։ Նույն ճանապարհով սեփականաշնորհվել է նաեւ 2000 քմ տարածքով պահեստ։ Ամենքն էլ այդ պահեստում կարող են տեսնել աղետի գոտի ուղարկված բազմաթիվ սարքավորումներ, որոնք չեն հասել հասցեատիրոջը։

Աշխատանքային վեճի ամբողջ ընթացքում մեր ղեկավարած հիմնարկություններում քաղաքապետի կողմից անընդհատ ստուգումներ են կազմակերպվել։ Կրկնակի, եռակի ստուգումները, որեւէ խախտում չեն հայտնաբերել՝ լարված եւ անհանգիստ վիճակում պահելով կոլեկտիվները։

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Վ. ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031