Հանրապետությունում արդեն 6-7 ամիս տեւող մեկը մյուսին հաջորդող աղմկալից իրադարձությունները, սոցիալ-տնտեսական կյանքի վատթարացումները, ԱԺ-ում ընթացող թեժ քննարկումները, ինչպես նաեւ նախընտրական փուլում ուժերի վերադասավորման հարցերում առկա անորոշությունները կառավարության ներսում ստեղծել են քաոսային գործելավիճակ, որը արտաքնապես փորձում են ծածկել։ Սակայն այն դրսեւորվում է նախարարների ու վարչապետի ասածների եւ արածների մեջ հակասությունների առկայությամբ։ Մասնավորաբար, դա դրսեւորվեց տարածաշրջանային ինտեգրացիոն հարցի նկատմամբ ցուցաբերած մոտեցումներում։
1999 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստան-Հունաստան եւ Հայաստան-Հունաստան-Իրան համագործակցություններին վերաբերող Աթենքում մարտի 14-17-ին կայանալիք երկկողմ եւ եռակողմ հանդիպումները նախապատրաստող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Այդ նիստի ժամանակ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Տ. Բարսեղյանը ներկայացրեց նախարար Ֆ. Փիրումյանի գրավոր առաջարկը «Խաչմերուկ» ծրագիրը երկկողմ եւ եռակողմ հանդիպումների աշխատանքային հարցերի ցանկից հանելու վերաբերյալ, որը բուռն հակազդեցության արժանացավ նիստը վարողի եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի կողմից։ Նրանք պահանջեցին, որ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիոն ընթացող գործընթացների համար կարեւոր համարվող այդ ծրագրի «դուրսմղման» պաշտոնական հիմնավորում ներկայացնի քաղաքաշինության նախարարը։
Հայտնի է դարձել, որ քաղաքաշինության նախարարը պատրաստվում է ուղարկել (կամ գուցե արդեն ուղարկել է) մի շատ հետաքրքիր պատասխան նամակ, որում «Խաչմերուկ» ծրագրի հանումը՝ երկկողմ եւ եռակողմ համագործակցության քննարկվող հարցերի ցանկից, հիմնավորում է տարօրինակ ձեւով.
«Այդ ծրագիրը ՀՀ կառավարությունը պատրաստվում է քննարկել այս տարվա ընթացքում»։
Կարդացեք նաև
Նախ կառավարությունը վաղուց է, ինչ այդ ծրագիրը պաշտոնապես ներկայացրել է Եվրոպական EBRD բանկին եւ մի շարք միջազգային կոնֆերանսների քննարկմանը։ Ապա ընտրություններից առաջ կառավարությունը չի կարող կազմել 1999 թ. ընթացքում քննարկվելիք հարցերի ցանկ, քանզի ԱԺ ընտրություններից հետո կառավարության կազմը կարող է փոխվել։
Եթե նույնիսկ քաղաքաշինության նախարարությունից ստացված տեղեկությունն անգամ ճիշտ չլինի, միեւնույն է, փետրվարի 26-ին տեղի ունեցածը միարժեքորեն փաստում է, որ քաղաքաշինության նախարարը գործում է ՀՀ վարչապետի Բրյուսելից վերադառնալուց հետո հրապարակած մոտեցումներին ճիշտ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մեջ ինտեգրելու փոխարեն՝ ինքնամեկուսացման տանելու ճանապարհով։ Կամ, եթե այդպես չէ, ապա վարչապետը ասում է մի բան, իսկ իր կաբինետի անդամների միջոցով անում է այլ բան։
ՌՈՒԲԵՆ ԵԳՈՐՅԱՆ
«Մտավորական Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ քաոսային իրավիճակում