Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 11,1999 00:00
energetik

Որեւէ հերքման ենթակա չէ, որ պետական այլեւայլ հաստատությունները տարբեր տվյալներ են ներկայացնում, թե 1993-94-ին որքան մազութ է ներկրվել Հայաստան, որքան է Սեւանից ջրի բացթողումների քանակը։ Այս խնդիրների վերաբերյալ «Առավոտի» մարտի 9-ի համարում հրապարակել էինք «Սեւան-Հրազդանյան կասկադի» գործադիր տնօրեն Մելս Հակոբյանի պարզաբանումները, բնականաբար, հետո մեկնաբանությունների համար դիմեցինք վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանին։

Բումերանգ

Մելս Հակոբյանն իր տեսակետն էր արտահայտել հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ։ Պետրոս Մաքեյանն էլ իր պարտքը համարեց մինչ որոշակի փաստարկներին անդրադառնալը նախ պրն Հակոբյանի տեսակետների վերաբերյալ կարծիք արտահայտել. «Չեմ կարող զարմանքս չարտահայտել Մելս Հակոբյանի պատասխանների առիթով։ Լավատեղյակ մարդ լինելով, այսուհանդերձ անտեղյակի տպավորություն է թողնում։

Հանձնաժողովի զեկուցման մեջ Մելս Հակոբյանին չէինք անդրադարձել՝ նկատի ունենալով, որ ինքը շատ կարճ ժամանակ էր (3 ամիս- Ա. Ի.) էներգետիկայի նախարար աշխատել, այն էլ՝ պետնախարար Սեպուհ Թաշճյանի ենթակայությամբ։ Հնարավոր է, որ շատ բաներից տեղյակ չէ կամ նախաձեռնողներից չէ։ Իրեն վաղուց գիտեմ եւ համոզմունք ունեի, որ այդ գործարքներին մասնակից չէ։ Այժմ էլ ուզում եմ հավատալ, որ ինչ-որ մեկի փոխարեն է այս անհիմն պատասխանները տվել։

Պարզվում է, որ, այնուամենայնիվ, որոշ հարցերից տեղյակ է։ Նաեւ գործի մեջ է քաշում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ժամանակին զբաղվել է մազութի գործով։ Ըստ մեր որոշման նախագծի՝ ԱԺ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները պիտի ուղարկվեն դատախազություն։ Այժմ առավել եւս մեծ կասկած ունեմ, որ այդ նյութերին որեւէ ընթացք չի տրվելու այն պարզ պատճառով, որ ոչ ոք իր տակը չի քանդի եւ իր փակած գործերը չի վերաբացի։ Այն «փաստարկը», թե իբր մեզ համար ավելի կարեւոր է սենսացիան, եւ այս առումով էներգետիկան լավ նյութ է, ապա պետք է հուսախաբ անեմ. Հայաստանում գրեթե ամեն օրը ուղեկցվում է սենսացիաներով՝ Վանոյի գործը, ՍՊԻԴ-ի դեղի հայտնագործումը, թռչող ափսեների հայտնվելը, իրար հաջորդող սպանությունները…

Ինչ վերաբերում է վարկերի ուսումնասիրության հարցին՝ մասնավորապես էներգետիկայի ոլորտին, ոչ մի սենսացիա էլ չկա, որովհետեւ առանց մեր հանձնաժողովի էլ հասարակությունը համոզված էր, որ ներկրված վարկերի զգալի մասը կամ յուրացվում է, կամ օգտագործվում է անարդյունավետ։ Հանձնաժողովը փաստել է եղածը։ Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, ապա երեք տարի առաջ Ա. Սադոյանը հայտարարեց, որ 1992-94 թթ. արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որքան 1995-96-97 թթ., բայց ի տարբերություն վերջին տարիների, երբ ստանում ենք 24 ժամ հոսանք, ու խավարի տարիներին էլ ստացել ենք 2 ժամ հոսանք, սրանից հետո այս ոլորտում որեւէ սենսացիա անել հնարավոր չէ։

Մենք կասկած չունենք, որ պրն Մ. Հակոբյանը կարող է հազար անգամ ավելի շատ բան ասել չարաշահումների վերաբերյալ, բայց հավատացած ենք, որ չի ասելու։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ նյութին չտիրապետելով՝ անհեթեթ բաներ ենք ասում, ապա նորից պետք է իմ ընկերոջը հիասթափեցնեմ որոշակի փաստերով։

Զեկուցման մեջ նշել ենք, որ էներգետիկայի ոլորտում չկարողացանք խորանալ նաեւ մասնագիտական թերացումների պատճառով»։

Ջրի գործը

«Մասնագիտական գիտելիքներ պետք չեն՝ արձանագրելու, որ Սեւանից բաց թողնված ջրի քանակության տարբերության հաշվին 1993-94 թթ-ին արտադրվել է 428 մլն կվտ ժամ ձախ հոսանք։ Ենթադրում ենք նաեւ, որ դուրս է գրվել նաեւ 12 մլն ԱՄՆ դոլարի գազ կամ մազութ։

Իր բերած «փաստը», որ 20-25 պոմպակայան ոռոգման ջուր են վերցնում Մարտունիում, ճիշտ չէ. այդ պոմպերից ներկայումս աշխատում է 4-5-ը, իսկ 1993-94 թթ. դրանք ընդհանրապես չեն աշխատել, եւ եթե նույնիսկ իր ասած 20-25 պոմպերը աշխատեին, ու նաեւ Վարդենիսի վերցրած ջուրը հաշվենք՝ ապա այն չի անցնում 6 մլն մ3։ Բայց մենք խոսում ենք 240 մլն մ3 ջրի մասին։ Իսկ թե այդ կասկադում եւ ամբողջ համակարգում քանի հազար մարդ է աշխատում եւ ինչպես կարելի է նրանց շրջանցել, ապա ո՞վ չգիտե, որ դրանք արվում են թղթի վրա, եւ այդ տեղեկություններին տիրապետում են խիստ սահմանափակ քանակի մարդիկ»։

Մազութի գործը

«Կառավարության ներկայացուցիչների, նաեւ՝ Մ. Հակոբյանի բացատրությունները աբսուրդի են հասնում։

Մենք փաստել ենք, որ, ըստ տրանսպորտի նախարարության, 1993-ին երկաթուղով Հայաստան է մտել 131.344 տոննա մազութ, իսկ ըստ էներգետիկայի նախարարության, նույն այդ երթուղով ստացվել է 161.835 տոննա։ Այստեղ ինչ կապ ունի, թե ուրիշ գործարաններ եւ կաթսայատներ եւս մազութ են օգտագործել։ Այդ ընկերները պետք է պատասխան տան, թե ինչով է բացատրվում 30.441 տոննա տարբերությունը, եւ որ երկաթուղով է եկել, երբ այդ քանակը տրանսպորտի նախարարությունում արձանագրված չէ։

Առավել եւս, որ ըստ վիճակագրության նախարարության՝ 1993-ին Հայաստան է մտել 228.000 տոննա մազութ։ Տարբերությունը տրանսպորտի նախարարության տվյալներից 97.000 տոննա է։ 1994-ին այդ տարբերությունը, ինչպես արդեն ասվել է, կազմում է 145.000 տոննա։ Երկու տարվա տարբերությունների գումարը կազմում է 21.8 մլն ԱՄՆ դոլար։

Ինչ վերաբերում է այլ կազմակերպություններին եւ այլ ճանապարհներով մազութի ներկրմանը եւ օգտագործմանը, ապա այն երկաթուղով ներկրված մազութի 6%-ից էլ պակաս է։

Բոլոր գործարանների, կաթսայատների, հացի գործարանների, հիվանդանոցների օգտագործած մազութը միասին վերցրած էներգահամակարգի օգտագործած մազութի 4%-ն է կազմում։

Այն, որ էներգահամակարգ փաստացի մտած եւ թղթի վրա արձանագրված մազութի քանակը տեսակարար ծախսով գրամը գրամի հետ համընկնում է՝ մենք չենք կասկածում։

1993-ին քլիրինգային առաքումով Հայաստան ներկրված 47.8 մլն ԱՄՆ դոլարի նավթամթերքի մասին պրն Մ. Հակոբյանը նշել է. «Կամ էլ ուղղակի չենք բերել՝ վատ ենք աշխատել, ասենք, կամ էլ պետք չի եղել։ Այսինքն, եթե Ռուսաստանից վառելիք չենք գնել, ուրեմն յուրացրե՞լ ենք»։

Շատ եմ ափսոսում, որ պրն Հակոբյանը նույնիսկ իրեն չվերաբերող հարցն է շոշափում եւ իր անտեղյակությամբ իրեն դնում է անհարմար վիճակի մեջ։ Այդ 47.8 ԱՄՆ դոլար գումարի մի մասը (11 մլն ԱՄՆ դոլար) վճարել ենք նույն 1993-ին։ Մնացածը ձեւակերպվել է որպես միջպետական պարտք, վարկերի տեսքով։ Այդ գումարից փաստացի ենթադրվում է յուրացում կամ վատնում 20.8 մլն ԱՄՆ դոլար։ Ո՛չ Մ. Հակոբյանի պատմած հեքիաթները, ո՛չ էլ Վրաստանում թողնված վառելիքը, որը հետագայում ձեւակերպվել է միջպետական վարկ, այդ գումարի հետ ոչ մի կապ չունեն։ Չենք կասկածում, որ իրավապահ մարմինները բազմիցս ստուգել են այդ գործերը։ Այդ հարցին հանձնաժողովն անդրադարձել էր նաեւ զեկուցման մեջ։

Ստուգումների հետեւանքը երեւի թե մազութի եւ երկաթուղու հետ կապված անձերի սպանությունները եւ ինքնասպանություններն են՝ Երկաթուղու վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյան, այն ժամանակվա տրանսպորտի ՆԳՆ վարչության պետ Արծրուն Մարգարյան եւ հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան։

Մարդիկ, ովքեր պատվերով մտնում են պաշտպանելու մի ոլորտ կամ համակարգ, որտեղ ջրվել եւ մսխվել են ոչ միայն վարկեր, այլ տասնյակ միլիոն դոլարի վարկային միջոցներ՝ ընդամենը ստվեր են գցում իրենց, իրենց շրջապատի եւ իրենց սերունդների վրա»։

Պատրաստեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031