Վերջերս Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ «Ճանապարհորդների ակումբ» հաղորդաշարով ցուցադրված Յուրի Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» ֆիլմը, բնական է, մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում։
Սակայն, ցավոք, հայկական որոշ հեռուստաընկերություններ, առանց OPT-ի կամ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր PA&PA ֆիրմայի համաձայնության ֆիլմը ցուցադրել են իրենց եթերում։ Համենայնդեպս, դրանում համոզված է PA&PA-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը։ Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Մարտիրոսյանը նշեց, որ ըստ իրենց ունեցած տվյալների, ֆիլմի շատ անորակ կրկնօրինակը ցուցադրվել է «Ար» եւ այլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերում, ինչը խիստ ազդում է ինչպես ֆիլմաշարի, այնպես էլ բուն Հայաստանի վարկի վրա։
Այս հարցը ճշտելու համար դիմեցինք «Ար» հեռուստաընկերության փոխնախագահ Վահրամ Մարտիրոսյանին, որը պատասխանեց. «Մենք Սենկեւիչի հաղորդումը չենք ցուցադրել։ Մեր եթերում եղել է միայն մեր այն նկարահանող խմբի նկարածը, որը Սենկեւիչի հետ շրջագայում էր Հայաստանում եւ նկարահանում նրանց աշխատանքի ընթացքը»։
Բանն այն է, որ ֆիլմի ցուցադրության իրավունք կարող են տալ միայն PA&PA-ն եւ OPT-ն, հակառակ դեպքում, ֆիլմի ցանկացած ցուցադրում «ծովահենական» է եւ չի համապատասխանում քաղաքակիրթ մոտեցման որեւէ նորմի։ PA&AP-ի գլխավոր տնօրենը նշեց, որ դրանից բացի նման հեղինակային իրավունքի ոտնահարման փաստերը կարող են շատ վատ ազդել Հայաստանի մասին ֆիլմաշարի հաջորդ երկու ֆիլմերի նկարահանման գործընթացի վրա։ Արտյոմ Մարտիրոսյանը անհանգստություն հայտնեց նաեւ այն կապակցությամբ, որ շատ հայկական կազմակերպություններ այսօր փորձում են խցկվել «արդեն վաղուց հեռացած գնացքը», ինչով նույնպես ավելորդ խոչընդոտներ են ստեղծում աշխատանքների համար։
Կարդացեք նաև
Գ. Ա.