Արամ Սարգսյանը «ձախ կուսակցությունների», «ձախ լարանցումների» եւ այլնի մասին
«Մենք այդպես էլ մնացինք ընդդիմախոս այս կառավարությանը»,- Վանաձորի կենտրոնական գրադարանի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը։ Կառավարության կողմից տարվող քաղաքականությունը նա անվանեց լիբերալ, եւ նշեց, որ լիբերալ քաղաքականությամբ ոչինչ չի փոխվի։ Նրան մտահոգում էր այն, որ հայտնի չէ, թե երկիրը սոցիալ-տնտեսական զարգացման ո՞ր ուղիով է գնում։ Նաեւ նշեց, որ «Սեփականաշնորհումը գնաց այնքանով, որքանով դա ձեռնտու էր պետությանը», եւ ընդգծեց, որ սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում՝ թալանված լինելու պատճառով։ Արամ Սարգսյանը առավել ծավալուն խոսեց միջազգային հարաբերությունների մասին եւ մասնավորապես նշեց, որ «Չինաստանի հետ մեր հարաբերությունները միայն զարգանալու են» (հուսով ենք, ոչ այն պատճառով, որ Չինաստանում նույնպես մարդու իրավունքները ոտնահարվում են – Գ. Հ.)։
Չնայած դեմոկրատական կուսակցության նախագահը հայտնեց, որ ինքը ազատ մամուլի կողմնակից է, սակայն լրագրողներին ժամանակ առ ժամանակ զգուշացնում էր, թե «արտահայտությունների մեջ զուսպ եղեք»։ Իբրեւ հայկական մամուլի մի դրական առանձնահատկություն նա նշեց, որ այդ մամուլը հակաադրբեջանական մթնոլորտ չի ստեղծում, մինչդեռ, նրա կարծիքով, ադրբեջանական մամուլը հեղեղված է հակահայկական տրամադրություններով։
Գլխավոր դեմոկրատն անդրադարձավ նաեւ ԱԺ գալիք ընտրություններին, ինչպես նաեւ «ձախերի» եւ «աջերի» հավերժական խնդրին՝ նշելով, թե կոմունիստները մյուս «ձախերից» «ավելի ձախ» են։ «Առավոտի» թղթակցի այն հարցին, թե «Դեմոկրատիան եւ ժողովրդավարությունը նույն հասկացություններն են, իսկ ի՞նչ տարբերություն կա նրանց եւ ազգային ժողովրդավարների միջեւ»՝ պատասխանեց, թե իրենք, ըստ էության, սոցիալ-դեմոկրատներ են, սակայն իր համար պարզ չէ, թե ի՞նչ բան է «ազգային ժողովրդավարությունը»։
Կարդացեք նաև
Ի թիվս այլեւայլ հարցերի, հանդիպման մասնակիցներից մեկը հռետորին հարց տվեց, թե «Ինչո՞ւ Գագիկ Մարտիրոսյանը մինչեւ հիմա կառավարության կազմում է»։ Այստեղ Արամ Սարգսյանը նշեց, թե՝ «Որպես բնակիչ ես էլ եմ դեմ, որ էներգահաշվիչները դրեցին պարկերի մեջ ու տներից իջեցրին», սակայն իբրեւ «նվաճում» դիտեց այն, որ հաշվիչների տեղափոխման հետեւանքով «ձախ» լարանցումները վերացել են (իսկ մենք «միամտաբար» կարծում էինք, թե դա հովհարային անջատումների վերացման արդյունք է – Գ. Հ.)։ Մեկ ուրիշը քննադատեց սեփականաշնորհման քաղաքականությունը եւ հարցրեց. «Մի երկու տարի հետո՞ ինչ եք վաճառելու՝ լեռնե՞րը»։ Այդ հարցին էլ պատասխանեց, որ ինքը ներդրումների կողմնակից է, բայց գործարանները օտարներին վաճառելուն՝ դեմ։ Իսկ 3 ամիս թոշակ չստացող զայրացած մի քաղաքացու՝ պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ, Արամ Սարգսյանը խոստացավ ցանկության դեպքում «երաշխավորությամբ» (ինչ խոսք, ոչ կոմերիտական) ծերանոցում տեղավորել։
… Չնայած ընդունված «օրինաչափության» համաձայն, լրագրողներից մեկը ցանկացավ ՀԴԿ նախագահին ներքաշել «հակավանոյական» խնդիրների շուրջ, սակայն դա հարց տվողի կողմից ակնկալվող արդյունքը չտվեց։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ