Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մարտ 11,1999 00:00
Xosrov Harutyunyan

Մի խումբ լրագրողների խնդրանքով ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադարձավ խորհրդարանական ոլորտին առնչվող մի շարք զարգացումների, որոնք այս կամ այն չափով միջազգային բեմում վերաբերում են Հայաստանին։

Նախեւառաջ անդրադարձ եղավ Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցով զեկուցող Դմիտրի Վոլչիչի ներկայացվելիք զեկուցմանը։ ԱԺ խոսնակն ասաց, թե որեւիցե մեկը չգիտե՝ ինչպիսին կլինի զեկույցի բովանդակությունը, սակայն, այն ընդգրկելու է Հայաստանին վերաբերող ողջ սպեկտրը՝ սկսած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներից մինչեւ դատաիրավական բարեփոխումներ եւ ժողովրդավարական, քաղաքացիական ինստիտուտների կայացում՝ մարդու իրավունքներն ապահովող ողջ շրջանակը։

Դրանից հետո, մարտի 15-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո տեղի է ունենալու, ինչպես Խոսրով Հարությունյանն ասաց, Հարավային Կովկասի երեք հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Տեղի ունենալիքն ԱԺ խոսնակը կարեւորեց այն հիմքով, որ դա պետք է լինի տարածաշրջանի պետությունների միջպետական հարաբերությունների կարգավորման մեկ հանգրվանը։ Իհարկե, դեռեւս դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն արդյունքները, սակայն, հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի այն մտայնությամբ, որ պետք չէ որեւէ ջանք խնայել գործընկերներին համոզելու, թե էական դեր ունի խորհրդարանների գործոնը, եւ բավականին մեծ է պառլամենտական դիվանագիտության պոտենցիալը։

Մյուս կողմից՝ Եվրոպայի խորհուրդն իր այդ քայլով կարող է ձեռք բերել եւս մեկ որակ՝ մեր տարածաշրջանում ստանձնելով տարածաշրջանային համագործակցությունը ջատագովելու ֆունկցիա։

Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն, տնտեսական խնդիրներին հիմնականում Եվրոպական միությունն է հետամուտ։ Այս առումով ԵԽ ԽՎ այս ձեռնարկը կարող է լրացնող, օժանդակող դեր ունենալ խորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Խոսրով Հարությունյանը հույս հայտնեց, թե այս կարեւոր խնդրի լուծման մեջ կարող են հաջող ընթացքներ լինել։ Դրա հիմքերը դիտարկելի են։ Նախաձեռնությանը դրականորեն է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան։ Մի քանի օր առաջ իր համաձայնությունն է տվել նաեւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ալեսկերովը։ Խոսրով Հարությունյանի կարծիքով, ադրբեջանական պատվիրակությունը, տվյալ դեպքում, խիստ ողջամիտ դիրքորոշում է որդեգրել, որովհետեւ տարածաշրջանային համագործակցության գաղափարը մերժելն որեւէ պետության համար խոստումնալից հեռանկարներ չի բովանդակում։

Այսպիսով՝ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի «Կլոր սեղաններ» ձեւավորվեն տարածաշրջանի երեք պետությունների նույնանուն կուսակցությունների միջեւ։ Նախատեսվում է նաեւ պարբերական հանդիպումների կազմակերպում լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ։ Խոսք կլինի նրանց սեմինարների օրակարգերի մշակման մեխանիզմների մասին։

Նախնական տպավորությամբ Խոսրով Հարությունյանն արձանագրեց, որ հնարավոր է ստրասբուրգյան այդ հանդիպումը եզրափակվի համատեղ հայտարարությամբ։

ԱԺ նախագահը խոսեց նաեւ մարտի վերջին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Ֆրանսիա կատարելիք այցելության մասին, որն իրականացվելու է նշյալ պետության Սենատի նախագահ պարոն Պոնսլեի հրավերով։ Նշվեց, թե այս այցելությամբ շատ գործնական խնդիրներ են հետապնդվում։ Միջխորհրդարանական համագործակցությունը պետք է ընդլայնվի, եւ այլեւս իրականացվի ոչ միայն բարեկամական խմբերի, այլ ավելի գործնական մոդելի շրջանակներում։ Հայկական պատվիրակությանը նման առաջարկներ կներկայացնի։ Բացի այդ, այցելությունն ունենալու է նաեւ տնտեսական համագործակցությանը միտված բնույթ։ Ֆրանսիա կմեկնեն նաեւ կառավարության ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ գործարարներ՝ փոխշահավետ կապեր հաստատելու հեռանկարով։

«Հայոց աշխարհի» թղթակցի խնդրանքով Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Սենատի ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրին։ Նա ասաց, թե այդ խնդիրը շրջանցել հնարավոր չի լինի։ Հայաստանի իշխանությունները չէ, որ նման նախաձեռնություն են հանդես բերել, սակայն խնդիրը հետաքրքիր է նաեւ հայկական կողմի համար, ուստի նրա շուրջ առանձնակի խոսակցություն կծավալվի։

Ղարաբաղի խորհրդարանականներին եւս Եվրոպայի խորհրդի քննարկումներին մասնակից դարձնելու նպատակահարմարության խնդրի մասին խոսելով Խոսրով Հարությունյանն ասաց հետեւյալը. «Եթե ելնում ենք քաղաքական խնդիրների այն ըմբռնումից, որ տարածաշրջանային համագործակցության ողջ գործընթացը եւ հակամարտությունների կարգավորումը զուգահեռ պրոցեսներ են, մեկը մյուսին աջակցող եւ լրացնող, եթե ելնում ենք այն ըմբռնումից, որ հակամարտություններում ներգրավված կողմերը պատասխանատվություն կրում են, անկախ նրանից ճանաչված սուբյեկտներ են, թե՝ ոչ, պետք է ներկայացված լինեն ԵԽ ԽՎ քննարկումներին, որպեսզի հասկանան՝ եվրոպական հանրությունն ի՞նչ խնդիրներ է դնում իրենց առջեւ։ Դա բոլորին նույն լեզվով խոսելու հնարավորություն է տալիս։ Կարծում եմ, խորհրդարանների գործոնը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է ծառայեցվել հակամարտությունների կարգավորման նպատակներին»։

Խոսրով Հարությունյանը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին՝ Հայաստանի Ազգային ժողովը Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխըմբռնմանը միտված այլ նախաձեռնություններ էլ է հանդես բերել, որոնք ըմբռնման չեն արժանացել Ադրբեջանում։ ԱԺ նախագահն ասաց, թե տվյալ դեպքում էլ պարզ չէ՝ ինչպիսին կլինեն արդյունքները, սակայն ամեն ինչ պետք է արվի՝ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար, ինչն այսօր այնքան բացակայում է։ Սա առաջին քայլն է, եւ բացառված չէ, որ Ադրբեջանը հոգեբանական եւ ներպետական որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո ինքն էլ հանդես գա նախաձեռնություններով։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031