Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը գիտի, բայց դեռ չի ասի

Մարտ 11,1999 00:00
Aram Sargsyan

Ըստ երեւույթին, դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն իր կուսակցությունը դասում է «խոշորների» շարքը։ Հակառակ դեպքում երեկ իր ասուլիսի ժամանակ չէր ասի, թե բանակցում են «Միաբանություն», ՍԻՄ, ԳիԱրՔՄի, ՌԱԿ, Հնչակյան կուսակցությունների հետ։ Որ նախատեսում են նույնն անել նաեւ Հանրապետականի եւ ՀՅԴ-ի հետ (կարող էին, չէ՞ չանել)։

Չի բացառվում, որ դեմկուսը համաձայնի բանակցել նաեւ Ժողովրդական կուսակցության հետ: Բայց բանը դեռ սկզբունքային որոշման չի հասել։

ՀՀՇ-ի հետ դեմկուսը սկզբունքորեն որեւէ գործ ունենալ չի կամենում։ ԱԺՄ-ի հետ գաղափարական «տարբերություն» ունեն։ Կոմկուսի հետ «այս պայմաններում» բանակցություններ չեն վարվի, որովհետեւ կան սկզբունքային տարաձայնություններ։ «Դրանք էին պատճառը, որ 91-92 թթ. մենք բաժանվեցինք»։

Քանի որ Սիլվա Կապուտիկյանին հանդիպում ենք համարյա բոլոր կուսակցությունների համագումարների առաջին շարքում, բնական հարց է առաջանում՝ նա դեռ դեմկուսի անդա՞մ է։ «Սիլվա Կապուտիկյանը մնում է, եղել է եւ կա դեմկուսի Կենտրոնական խորհրդի անդամ։ Մենք առանձնացնում ենք նրա տեղն ու դերը մեր կուսակցությունում (ճիշտ՝ ինչպես այլ կուսակցություններն էլ- Լ. Ա.)»։

«ՀՀՇ-ում նրանք, ովքեր բարեփոխումների են ուզում գնալ, պարտություն են կրելու միանշանակ։ Եվ, կարծեմ, կրել են այդ պարտությունը։ Այնտեղ հաղթելու են ծայրահեղականները»,- ՀՀՇ-ի մասին այսպես խոսեց պրն Սարգսյանը։

ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի հետ որեւէ տարաձայնություն դեմկուսը չունի, առաջիկա մի քանի օրում պարզ կդառնա՝ մեկ բլոկում կմիաձուլվեն ՀՅԴ-ն ու դեմկուսը, թե ոչ։ Թեեւ ՀՅԴ-ն հայտարարել է, որ ինքը ընտրություններին միայնակ է գնալու, բայց այդ պարագան դեմկուսի համար փույթ չէ։

Պրն Սարգսյանն ասուլիսի ընթացքում հիմնավորեց, որ դեռեւս 90 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին իր հայտնած կարծիքը որքան տեղին ու ճիշտ էր։ «Այս մեկ տարին նա չպետք է լռեր։ Եկեք տեսնենք, թե ինչու հանկարծ Տեր-Պետրոսյանը ձայն վերցրեց, ձայն արձակեց (որքան ես գիտեմ, պրն Տեր-Պետրոսյանը որեւէ խոսք չի վերցրել, այլ պատասխանել է այն հարցերին, որոնք տվել են լրագրողները- Լ. Ա.)»։ Լեռնային Ղարաբաղից էլ զրուցեց դեմկուսի ղեկավարը։ «Եթե մենք այն ժամանակ նախաձեռնող չէինք, մենք հիմա նախաձեռնություններ ենք առաջարկում եւ թույլ չենք տալիս, որ այդ նախաձեռնությունները մեր ձեռքից վերցնեն» (՜)։ Պրն Սարգսյանն ասաց, որ ինքը գիտի Ղարաբաղի հարցի կարգավորման մասին որոշ բաներ, բայց առայժմ չի ասի։ Այստեղ արժե հիշատակել նրա նաեւ այն միտքը, որ դեմկուսն իր ինտելեկտուալ պոտենցիալով չի զիջում այլ կուսակցություններից եւ ոչ մեկին։ Ընդհուպ՝ հնչակներին։ Իսկ այն, որ 95 թվականին դեմկուսը չկարողացավ հաղթահարել 5 % արգելանքը, կուսակցության ֆինանսական վիճակն է «մեղավոր»։

Պրն Սարգսյանը, պարզվում է, համոզված է, որ եթե դեմկուսը միայնակ մասնակցի ընտրություններին, անմիջապես կանցնի 5% արգելանքը՝ այսպիսով, խորհրդարանում կունենա 3 տեղ։ Կուսակցության որոշ անդամներ ընտրություններին կմասնակցեն մեծամասնական սկզբունքով, եւ «մենք հավակնություն ունենք այդ տեղերում հաջողության հասնել»։

Հետաքրքիր էր նաեւ, որ տարբեր կուսակցությունների հետ բանակցությունները դեմկուսը տարբեր հարթություններով է տանելու. «Մի մասի հետ՝ ազատ, արդար ընտրություններ ապահովելու, մի մասի հետ մաժորիտար սկզբունքով աջակցության խնդիրն է»։ Թե որքանով են, ասենք, ՀԺԿ-ն, հանրապետականները կամ, հենց ՀՅԴ-ն, փորձում դեմկուսի հետ դաշինք կազմել, ճիշտն ասած, որեւէ պատմական աղբյուր չունենք։ Դեռ մի բան էլ դեմկուսն է «կամուկացի» մեջ՝ ո՞ւմ ընտրել իրեն արժանի ու միանալ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031