Ես՝ Ֆրիդա Ավետիսի Մադոյանս, Տիգրան Հայրապետյանի մայրն եմ։ Հեռուստատեսությամբ հաղորդել են, որ իմ տղայի մահվան պատճառը սովորական ավտովթար է եւ կոչ են արել խուճապի չմատնվել։ Ես այդ վարկածին կտրականապես դեմ եմ եւ ժողովրդին կոչ եմ անում չհավատալ, որովհետեւ սա պատվիրված քաղաքական սպանություն է։ Մանրամասն տեղեկություններ ես կհաղորդեմ տղայիս հուղարկավորությունից հետո։ Ես կասեմ, թե ինչպես են իմ երեխային պարբերաբար ահաբեկել։ Այդ մասին միայն ես չէ, այլ շատերը գիտեն։ Սակայն տղաս միշտ մատների արանքով էր նայում եւ ծիծաղով արձագանքում այս ամենին։ Բայց, փաստորեն, չարագործությունը կատարվեց։ Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԾԻՔԸ
«Հերթական զոհը չէ՞ արդյոք քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը» հարցին անկեղծ պատասխանելու ուսանողների խնդրանքին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը երեկ ասաց. «Հիմա, եթե անկեղծորեն պատասխանեմ, վաղը ողջ մամուլը գրելու է, որ նախօրոք արդեն ինքը (Վազգեն Սարգսյանը- Ն. Հ.) կանխորոշեց ելքը։ Դրա համար այս հարցին անկեղծորեն պատասխանել չեմ կարող։ Շատ ցավում եմ Տիգրանի համար, շատ ցավալի է։ Իմ ներքին կարծիքը, ներքին համոզմունքն այն է, որ չեմ կարծում, թե այստեղ քաղաքական բան կա»։ Ավելի ուշ պրն Սարգսյանը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցի, իր կարծիքն ասաց «Օրագիր» թերթում եղած այն տեղեկության առնչությամբ, ըստ որի թե՛ Արծրուն Մարգարյանը, թե՛ Տիգրան Հայրապետյանը, իրենց մահից առաջ ցանկացել են ինչ-որ կարեւոր բան հաղորդելու նպատակով հանդիպել նախարարի հետ։ Վերջինիս հավաստմամբ, «Արծրուն Մարգարյանը իմ բարեկամն էր եւ ինձ հետ հանդիպելու խնդիր չուներ, իր մտահոգությունները, ուրախությունները ինձ հետ կիսել է եւ հատկապես սեւեռվել այն հարցի վրա, թե ցանկացել է ինձ հետ հանդիպել՝ ինչ-որ բան ասելու համար, ճիշտ չէ»։ Իսկ Տիգրան Հայրապետյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին միայն թերթից էր իմացել։
Կարդացեք նաև
Սեփ. լր.