Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Я ТА՛К ДУМАЮ»

Մարտ 11,1999 00:00
Vazgen sargsyan

Այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Հայաստանում առաջին դեմքն է (հայցում ենք մյուս հավակնորդների ներողամտությունը)՝ նույնիսկ իր հանդեպ ուշադրության առումով, մի անգամ եւս փաստեց ուսանողների հետ երեկվա հանդիպումը։

ԵՊՀ-ի մեծ դահլիճն այնքան լիքն էր, որ այնտեղ հայտնվելը, թեկուզ ոտքի վրա, արդեն մեծ բարեբախտություն կարելի էր համարել։ «Բախտավորված» ուսանողների ու նախարարի փոխադարձ հաճոյախոսությունները բաց թողնելով՝ հանդիպման այն հատվածները կառանձնացնենք, որ ընտրել ենք մե՛ր ճաշակով։ Նախարարն էլ այս հարցում ի՛ր ճաշակն ուներ՝ «ընկերաբար խնդրելով» (բայց՝ զինվորական հրամանի տոնով) իր այս կամ այն ասածը, մասնավորապես հարեւան երկրների մասին, չհրապարակել։

Հանդիպման որոշված թեման բանակը, երիտասարդությունն ու ռազմաքաղաքական իրավիճակն էր։ Ուժային նախարարը ուժը կարեւորեց ու ուժեղի վստահությամբ հայտարարեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հետ հաշվի են նստում հատկապես այն բանի համար, որ այն համարվում է տարածաշրջանում զինապես ամենաուժեղ պետություններից մեկը»։ Այս, նաեւ բանակաշինության հարցում ձեռքբերումների, բանակի ապաքաղաքականացվածության, պատերազմ չուզելու, բայց նաեւ՝ դրանից չփախչելու («պատերազմի նկատմամբ տոտալ ատելությունը հղի է ժողովուրդների ոչնչացմամբ… աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում, բայց եւ չի ատում իր ազատագրական պատերազմը») եւ այլ թեմաներով Վազգեն Սարգսյանի դատողությունների արձանագրումը, առավել եւս՝ գնահատականը, պատմիչներին կվստահենք։ Միայն մեջբերենք այն մտքերը, որ ուսանողները որոտընդոստ ծափերով ողջունեցին։

«Ռուսական զենքը Հայաստան բերելու համար» մեղադրողներին հավատացրեց. «Եղբա՛յր, ես պատրաստ եմ ամեն տեսակ զենք բերել։ Ուրիշ տեղ եթե կա՞, ուրիշ տեղից էլ կբերենք»։

Հայրենասիրության (ասել է թե՝ «բանակասիրության») կոչերին ոգեւորված ծափերով արձագանքող ուսանողները նույն ոգեւորությամբ դժվար թե բանակ գնան։ Նախարարը միամիտ չէ, հասկանում է դա եւ նաեւ՝ նրանց մտավախություններն, ու ընդունում, որ «բանակը պիոներական ճամբար չէ»։ Բայց հետո էլ հավատացրեց. «Հիմա ուզում ենք մի շարք քայլեր անել, որ բանակը մոտեցնում է պիոներական ճամբարին»։ Այդ «քայլերը» շա՜տ բուռն ողջունվեցին. շուտով զինծառայողի օրվա ռեժիմը կփոխվի եւ կեսօրին ժամուկես քնելու իրավունք կստանան («Ի դեպ, հեչ ձեզ չեն տալիս էդ իրավունքը»,- երեսներովս տվեց նման առավելությունից զրկված լինելը)։ Սպորտային պարապմունքներն էլ այլեւս սապոգներով չեն անցկացնի, այլ «Adidas» բոթասներով («դրա համար արժե բանակ գնալ»,- արձագանքեցին դահլիճից)։ Համ էլ, այսուհետ մեր զինվորները զորամասից դուրս, տուն գնալիս, քաղաքում կհայտնվեն տոնական համազգեստով։ 700 հազար դոլար էլ կծախսվի՝ բոլոր զորամասերը սպորտային համալիր հրապարակներով ապահովելու համար։ Իսկ զինվորի օրապահիկի մեջ անգամ «ձու եւ պանիր են ավելացրել»։ Չնայած մեր բանակն ամենաուժեղներից է, բայց Ադրբեջանն իր պետբյուջեից ավելի շատ միջոցներ է հատկացնում բանակին, բա դա՞ ինչպես կբացատրի։ Այս հարցի պատասխանը շատ ինքնատիպ էր. «Գողությամբ։ Այնտեղ շատ են գողանում, շատ-շատ»։ Սա առաջին պատճառն էր, երկրորդը՝ վերաբերմունքը բանակի նկատմամբ՝ «բանակն այնտեղ հարգված չէ»։

Այն հարցին՝ ի՞նչ երաշխիք կտա, որ առաջիկա ընտրություններում բանակի յուրաքանչյուր զինվոր կքվեարկի որպես ազատ քաղաքացի, այլ ոչ թե հրամանատարի հրամանի պարտադրանքով, ասաց. «Իմ երաշխիքը դուք կլսեք ընտրություններից առաջ, երբ ես բաց հայտարարությամբ հանդես կգամ»։ Այս առնչությամբ Վազգեն Սարգսյանը ընտրությունների մի նոր, մինչ օրս չլսված բնորոշում հրապարակեց. «Իսկապես, ես ուզում եմ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու բարի», հետո մի անգամ էլ՝ «արդար ու բարի»։ Նավթի գործոնը Ադրբեջանի համար հաղթաթուղթ լինելը վիճարկեց ու նաեւ կարծիք հայտնեց, որ խաղաղությունն ու կայունությունն ամենից առաջ հենց Ադրբեջանին է պետք, քանի որ «պիտի խաղաղության հասնել, հետո նավթը արտահանել»։ Ա՛յ, հենց սրանից հետո էր, որ «միմինոյաբար» ասաց. «Я та՛к думаю»։

Իսկ այն բողոքը, թե դեպքեր կան, երբ բանակից վերադառնում են ոչ նորմալ հոգեկան վիճակով, հակադարձեց. «Դեպքեր կան, երբ ինստիտուտից էլ վերադառնում են ոչ նորմալ հոգեկան վիճակով»։ Վերաբերմունքն այն տղաների նկատմամբ, որ փորձում են իրեն նմանվել, այսպես ձեւակերպեց. «Եթե խոսքը չամուսնանալու մասին է՝ վատ է»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031