«Առավոտն» արդեն հայտնել է, որ Արմեն Կիրակոսյանն ու Էդվարդ Եգորյանը նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրել՝ վերջին տարվա ընթացքում հայտնի գործիչների սպանությունների գործերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի հաշվետվությունները լսելու համար։ Արտահերթ նիստ հրավիրելու փոխարեն, նախաձեռնողները ստորագրություններ են հավաքում այդ հարցը եռօրյայի ընթացքում արտահերթ քննարկելու համար։ Նախաձեռնությանն առայժմ միացել են ՀԿԿ-ն, «Շամիրամը», «Հանրապետությունը»։ «Երկրապահը» դեռ չի կողմնորոշվել։
ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ՞
Մաքսային վարչության տարբեր պաշտոնյաների հետ փորձեցինք ճշտել այն լուրը, որ համակարգում նախորդ օրը ձերբակալություններ էին եղել, հարցաքննություններ։ Մեր զրուցակիցների մի մասը նշում էր, թե ոչինչ չգիտի այդ մասին։ Մեկը վախվորած խոստովանեց, թե դա 1,5-3 տարի առաջ եղած մի դեպքի առնչությամբ է եղել, բայց շատ արագ՝ դրանից էլ հրաժարվեց։ Այս ամենի պատճառով չճշտված մնաց նաեւ լուրը, թե այս ձերբակալությունների հետ է առնչվում, որ այս շաբաթ «Միլանո» խանութը չի աշխատել։
Կարդացեք նաև
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
Արդեն նախնական տեսքի է բերվել Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը։ Նրա առաջին տեղերում, Վազգեն Սարգսյանից հետո, նշված են Հանրապետականի հին անդամների անունները՝ Անդրանիկ Մարգարյան, Յուրի Բախշյան, Գագիկ Մինասյան, Գալուստ Սահակյան եւ այլք։ Ալբերտ Բազեյանն ընդհանրապես չկա ցուցակում, որովհետեւ մտադիր չէ առաջադրվել պատգամավորության թեկնածու։ Չկա նաեւ Արամազդ Զաքարյանի անունը, որը Պառավաքարում մրցակցելու է Հանրապետականի ցուցակում ընդգրկված մի բանկիրի հետ։ Հերմինե Նաղդալյանը ցուցակում 30-րդն է։