Իսկ Արա Երնջակյանը վախենում է, որ պատմության մեջ կմնա որպես գեղեցկուհիներ «հայթայթող»
Եթե ցանկանում եք հանդիպել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ կամ, ինչպես ժողովուրդն է ճանաչում, գեղեցկուհիներ «մեյդան հանող» պրն Երնջակյանի հետ, պետք է հաղթահարեք լաբիրինթոսը։
Լաբիրինթոսի սիրահարներին խորհուրդ եմ տալիս այցելել Երեւաննախագիծ ինստիտուտ։ Այս բազմաճյուղ շենքի քարուքանդ եղած, ամայի սրահներն ու սենյակները, անթիվ ու անսահման դռները, որոնք բացելիս (որեւէ տեղեկություն ստանալու ակնկալիքով)՝ լավագույն դեպքում հայտնվում ես հետնամուտքում, կամ աստիճանների վրա, կամ ինչ-որ «զարմացած» զգեստների պահարանում, կամ ջրհեղեղված զուգարանում։ Կամ ինչ-որ դատարկ սենյակում, որի դուռը փակվում է կողքի սենյակի դռան փակվելու ժամանակ, եւ դուրս գալու համար պետք է սպասես կողքի սենյակի դռան բացվելուն։ Վատագույն դեպքում վրաերթի ես ենթարկվում պոլի փայտից կամ գլխիդ ընկնող պլակատներից։ Երբ հաղթահարելով բոլոր գլուխկոտրուկները հասնում ես հարկավոր դռան առջեւ՝ մոռանում ես ինչի համար ես եկել եւ այլ դռան կարիք ես ունենում։ Խորհուրդ եմ տալիս «հրաշք» կառույցի մուտքում բաժանել «ни пуха, ни пира» վերնագրով ուղեցույցներ, իսկ շենքը վերանվանել «Սարսափի լաբիրինթոս»։
Քարտուղարուհու «Առավոտը հասավ» խոսքերով, վերջապես, ուղեկցվեցի պրն Երնջակյանի առանձնասենյակը։ Ի դեպ, նշեմ, որ արկածային ճանապարհորդության պատճառով ուշացել էի պայմանավորված ժամից։ Բայց պրն Երնջակյանը սպասում էր, որ ուշ թե շուտ կհայտնվեմ, եւ ինչպես ինքն ասաց՝ «Առաջին օրը մենք էլ էինք կորել… հաջորդ անգամ հեշտ կգտնեք»։ Զրույցը սկսվեց մշակութային պլաններից եւ պրոբլեմներից։ Բազմաթիվ ծրագրերից պրն Երնջակյանը առանձնացրեց ֆիլհարմոնիայի փոքրիկ դահլիճի հետ կապված խնդիրները։ Ներկայումս այն վերանորոգվում է եւ մեկ ամսից «Կդառնա մշակութային կենտրոն, ոչ թե կուսակցությունների ժողովի դահլիճ։ Այդ դահլիճում անցկացվելու են զանազան միջոցառումներ, հայտնի եւ անհայտ նկարիչների ցուցահանդեսներ՝ առանց վարձավճարի։ Իսկ շաբաթվա մեկ օրը տրամադրվելու է քաղաքապետարանի եւ տարբեր բնագավառների անձանց հանդիպմանը»։
Կարդացեք նաև
Արդյոք մեզ մոտ, ինչպես եվրոպական երկրներում, մշակույթի ոլորտի մարդկանց տրվելո՞ւ է արտոնություն (կոմունալ, տրանսպորտային զեղչեր). այս հարցին պրն Երնջակյանը պատասխանեց, որ «դա շատ նուրբ հարց է, թվում է, այդպես էլ պետք է արվի, բայց ո՞վ ասաց, որ առողջապահության բնագավառի աշխատողները կամ դասատուները իրավունք չունեն օգտվել այդ արտոնություններից։ Եթե այսպես թվարկենք, թիվը կհասնի 3 միլիոնի, իսկ հնարավորություն չկա։ Հնարավոր է արտոնություն տալ միայն արժանի դեմքերին, որոնք պետության դեմքն են»։ Ի՞նչ խնդիրներով է երիտասարդությանը դիմում հարցին պրն Երնջակյանը ասաց. «Ցավոք, մեծ ակտիվություն չկա եւ հիմնականում դիսկոտեկա բացելու հարցերն են իրենց հետաքրքրում, որին ես այդքան էլ լավ չեմ վերաբերվում»։
Արա Երնջակյանը շեշտեց, որ իր ամենամեծ նպատակն է՝ այնպես անել, որպեսզի երիտասարդները ճանաչեն իրենց քաղաքը, իսկ երբ ճանաչեն՝ կսիրեն եւ չեն լքի։ Այնուհետեւ մեջ բերեց, որ երբ իրենք երիտասարդ էին՝ «Ամեն տեղ պարծենում էինք մեր վարդագույն քաղաքով, հենց այս նպատակով է կազմակերպվել Կամերային թատրոնի կողմից համայնքապատկեր խաղը, այդ նպատակով ենք նշել Երեւանի 2780-ամյակը»։ Այստեղ հարց ծագեց, թե ինչո՞ւ են 2779-ի փոխարեն նշել 2780-ը։ Պարոն Երնջակյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Երեւանը 2779 կամ 2780 տարեկան է, դա պայմանական թիվ է, Երեւանը հին քաղաք է, կարեւորը նշելն է, որին շատերը դեմ էին»,- հետո ավելացրեց, որ այս խոսքերից հետո գիտնականները կսկսեն իրեն քարկոծել, բայց դա իր կարծիքն է։
Ունենալով հումորի զգացում, առաջարկեցի այս տարի նշել 8000-ամյակը։ Լայն գործունեություն է ծավալվում նաեւ Ալբերտ Ազարյանի սպորտդպրոցը վերանորոգելու համար, որին մասնակցում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ներդրումներ են կատարվում այլ երկրներից։ Մեծ աշխատանքներ են տարվում նաեւ հանրապետական մարզադաշտում. «Երեւանի համար կստեղծվի մի գեղեցիկ գողտրիկ մարզադաշտ, որտեղ կանցկացվեն թե՛ սպորտային միջոցառումներ եւ թե՛ զանազան փառատոներ»։ Ցավով նշեց, որ ամբողջ աշխարհը Միսս Հայաստանի եւ ԱՊՀ-ի գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հաջողության առիթով մինչ այսօր շնորհավորանքներ է ուղարկում, իսկ մենք ոչինչ չենք արել։ Գեղեցկության մրցույթը շատ կարեւոր է, եւ որ դա էլ է քաղաքականություն։ Պրն Երնջակյանը շեշտեց, որ Գոհարիկը խելքը գլխին աղջիկ է, նա շատ հետաքրքիր առաջարկներ է ստացել, բայց չի պատրաստվում լքել քաղաքը եւ իր վաստակած գումարը՝ իր որոշմամբ, ծախսելու է բարեգործական աշխատանքներում։ Այնքան գովերգեց Գոհարիկին, որ մի հարց ծագեց։ Այդ աղջիկներից ո՞ւմ եք ավելի շատ սիրում, գնահատում։
– Լուսինեին։
– Լուսինեի՞ն։
– Իմ աղջկան։
– Ես նկատի ունեմ մեր գեղեցկուհիներին։
– Ինքն ինձ համար գեղեցկուհի է, Միսս Հայաստան է, ԱՊՀ է, Եվրոպա է։
Հետո ասաց, որ բոլորին էլ սիրում է, որ շատ դժվար է իր համար ժյուրիի անդամ լինել։ Արա Երնջակյանը հայտնեց, որ շատ է սիրում Կամերային թատրոնը, որ շատ բան է արել այդ թատրոնի համար, եւ ցավալի է, որ ինքը պատմության գիրկը կընկնի՝ որպես գեղեցկուհիներ «հայթայթող»։
ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ