Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԻԶԻԿՆԵՐԻ ՈՒ ԼԻՐԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃ»

Մարտ 10,1999 00:00
Toto

Այսպիսի բնորոշում էլ ստացավ երեկվա հանդիպումը, որտեղ, ֆիզիկներ ու լիրիկներ չգիտենք, բայց՝ բավականին «բազմերանգ» պաշտոնյաներ էին հավաքվել՝ ԳԱԱ նախագահ, կրթության եւ գիտության փոխնախարար, բուհերի ռեկտորներ, բուհերի հայոց լեզվի ամբիոնների վարիչներ եւ այլն։ Քննարկված հարցերի շրջանակն էլ աղքատ չէր՝ չնայած հանդիպման թեման բուհերում հայոց լեզվի դասավանդումն էր, իսկ նախաձեռնողը՝ Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը։

Նման լրջագույն թեման միայն կրթության եւ գիտության նախարարը չէր կարեւորել՝ չնայած հենց իր մասնակցության հույսով էր ավելի վաղ ծրագրավորված հանդիպումը մի երեք-չորս անգամ հետաձգվել։ Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանը փորձեց նախարարի բացակայությունն արդարացնել հույժ կարեւոր պետական գործերով, բայց ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը նախարարին չներեց. հետո հասկացանք, որ նրան «լուրջ» ասելիք ուներ։ Թե որքանով էր այն առնչվում երեկվա քննարկվող թեմային, դժվար է ասել (Լեւոն Գալստյանն էլ հարկ գտավ թեմայից չշեղվելու կոչ անել), բայց ոնց որ թե դա պրն Եզեկյանին ավելի էր մտահոգում, քան բուհերում հայոց լեզվի դասավանդման որակը։ Նրան շատ էր զայրացրել նախարարության որոշումը՝ հայոց լեզվից դպրոցի ավարտական քննության գնահատականը բուհի ընդունելության քննություն (ոչ մրցութայինների դեպքում) համարելու մասին։

«Հարգելի՛ նախարար, որ տանում եք քննությունները դպրոց, դրանով վարկաբեկում եք մայրենի լեզուն»,- հեռակա դիմեց Լեւոն Մկրտչյանին Լեւոն Եզեկյանը՝ չմոռանալով նաեւ հիշեցնել, որ անցյալ տարի էլ հայոց լեզվի ընդունող հանձնաժողովների նախագահները մասնագետ, այսինքն՝ լեզվաբան չէին։ Նման անթույլատրելի «բացթողումը», ոչ ավել ոչ պակաս, որակվեց՝ «հայոց լեզվի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք»։ Գոնե իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի բացակայությունից պրն Եզեկյանը պիտի որ չբողոքի, քանի որ այս տարի նախարարի որոշմամբ հենց ինքն էր ընտրվել այն հանձնաժողովի նախագահը, որի մենաշնորհն էր ՀԲ-ի վարկով տպվող դասագրքերի մրցույթին ներկայացված հայոց լեզվի դասագրքերը գնահատելն ու հաղթողին ընտրելը։ Իսկ թե բուհերի ընդունելության քննությունների մի փոքր մասը դպրոցներին զիջելը քննադատողներն իրականում ինչի համար են մտահոգված, թող ամեն մեկը դատի իր խղճի համաձայն։

Բուհերում հայոց լեզվի ուսուցման որակի անկման եւ այն բարելավելու առնչությամբ հնչած տեսակետները եւս խիստ բազմազան էին։ Ոմանց կարծիքով, բոլոր բուհերում հայոց լեզու դասավանդելն ավելորդ ծանրաբեռնվածություն է, մյուսների կարծիքով՝ այդ նպատակով հաստատված երկամյա ժամկետը կարճ է։ Այդ ժամկետը որոշ բուհերում կրճատելու միտումը պրն Եզեկյանը «տգեղ երեւույթ» որակեց, իսկ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, պրոբլեմը ժամկետների մեջ չէ, այլ՝ մասնագետների, ծրագրերի, ուսուցման մեթոդների։ Թե չէ այդ երկու տարում էլ ոչինչ չեն սովորում եւ հինգերորդ կուրսեցին անգրագետ դիմումներ է գրում։

Նաեւ կոչեր եղան «ուսանողներին քերականախեղդ չանել»։ Պրն Եզեկյանը, գլխավոր նպատակը ծրագրերի բարելավումը համարելով, կարեւորեց առարկան ուսանողների համար հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։ «Քերականությունը նպատակ չէ, այլ նպատակին հասնելու միջոց» բանաձեւով՝ «քերականախեղդ չանելու» կողմնակիցներին միացավ մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Աշոտ Մարությանը։ Վերջինս մտահոգվելու բազում փաստեր ուներ, ասենք՝ բուհ դիմելու մի հավակնորդ հայտարարել էր, որ Սասունցի Դավիթը հայրենական մեծ պատերազմի հերոս է։ Բայց անգրագիտության լավագույն խորհրդանիշը հայոց խորհրդարանն էր, որի հասցեին «լավ խոսքեր» ասացին։

Լեւոն Եզեկյանը, գերխնդիր համարելով այն, որ ուսանողները «իմանան նորմալ գրել ու խոսել», համեմատեց՝ «ոչ թե մեր ղեկավարների, ԱԺ պատգամավորների նման»։ Իսկ պրն Մարությանը կոչ արեց ԱԺ-ից «ձեռ քաշել», քանի որ «այլեւս հույս չկա, որ մեր դեպուտատները (փոխնախարար Միհրան Ստակյանը առիթը բաց չթողեց եւ ուղղեց՝ «պատգամավորները»- Ն. Հ.) կարող են հայոց լեզու սովորել»։ Բայց ուր էր թե միայն հայերենի վատ իմացությունը լիներ մեր պատգամավորների թերությունը։ Հերիք չէ իրենց ասածները գրագետ չեն ձեւակերպում, դեռ՝ դրանք «միտք էլ չեն արտահայտում»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031