Գալիք խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրվելու են հայտնի կամ անհայտ մի շարք կուսակցություններ։ Համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց նկատառումներն են արտահայտում կուսակցությունների նախընտրական ցուցակներ կազմելու սկզբունքների վերաբերյալ։ Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ ընտրական ցուցակներում առաջին հերթին կընդգրկվեն մարդիկ, ովքեր մեծ հեղինակություն ունեն ժողովրդի մեջ եւ օժտված են բարոյական բարձր հատկանիշներով։ Թեկնածուների մեջ կլինեն թե կուսակցական, թե անկուսակցական մարդիկ։ Կլինեն նաեւ անկուսակցականներ, որոնք ի զորու կլինեն ինչ-որ չափով թեթեւացնել ժողովրդի հոգսերը։ Կուսակցության ցուցակները կհրապարակվեն առաջիկա 10 օրվա ընթացքում։ Ի դեպ, Երրորդ հանրապետության ժամանակաշրջանում ՀՅԴ-ն առաջին անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին։
ԱԻՄ-ի ներկայացուցիչ Մեխակ Գաբրիելյանի խոսքերով՝ կուսակցությունն աշխատելու է գերազանցել թեկնածուների թիվը 56-ից, որպեսզի մեծամասնականով անցած թեկնածուների փոխարեն ուրիշ կադրեր ունենան։
Հանրապետական կուսակցության վարչության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պնդմամբ, ընտրացուցակները կազմելու միայն մեկ սկզբունք կա. այն է՝ ցուցակներում ընդգրկել մարդկանց, որոնք մեծ ավանդ ունեն կուսակցության գործունեության մեջ։ Ցուցակներում մտավորականներին տեղ տալու հարցին ի պատասխան, պրն Թորոսյանն ասաց, որ զուտ լավ նկարիչներ կամ լավ երգիչներ պրոֆեսիոնալ խորհրդարանին պետք չեն, այլ անհրաժեշտ են մտավորական գործիչներ։
Ըստ ԳիԱրՔՄի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի, կուսակցության ընտրացուցակների առաջին անունները պետք է ճանաչելի լինեն ժողովրդի կողմից։ «Եթե ժողովուրդը կուսակցությանը չի ճանաչում, ապա լսելով այդ մարդկանց անունները՝ կարող է կողմնորոշվել»։
Կարդացեք նաև
ԷԼԼԱԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ