Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ ոչ լեգիտիմ խորհրդարանին

Մարտ 10,1999 00:00
Albert Bazeyan

Ընտրական օրենսգիրքը մարտի 9-ին նորից ԱԺ քննարկումների առանցքում էր։ Նորից նրանում փոփոխություններ կատարելու առաջարկով խորհրդարան էր ներկայացել «Երկրապահը», սակայն այդ գործը ոչ թե Վիկտոր Դալլաքյանին, այլ Գագիկ Մինասյանին վստահելով։

Ելույթները շատ չէին, ընդամենը՝ 5-6-ը։ Արշակ Սադոյանն, օրինակ, սկսեց թվարկել վրիպակների վրիպակները, որ ասենք, եղել է մի բան, հետո պարզվել է, որ չպետք է լիներ այդ բանը, իսկ հիմա ուզում են, որ լինի այդ բանը։

Բոլոր ելույթներում հնչած քննադատություններին, ըստ էության, պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

«Հիմնական վեճն ընդամենը չորս հարցի էր վերաբերում՝ համամասնական-մեծամասնականի հարաբերակցություն, հանձնաժողովների ձեւավորում, բանակի քվեարկություն եւ ընտրացուցակների կազմում։ Քննարկումների, բանակցությունների ընթացքում երկրապահների նախապես ներկայացրած մեծամասնական 90 տեղերից այդ թիվն իջեցվեց 75-ի։ Հանձնաժողովների ձեւավորման հարցում միասնական տարբերակում առաջարկվում էր ԱԺ-ում եղած ֆրակցիաներից 2-ական ներկայացուցիչ։ Այժմ պարոն Սադոյանը մեր բոլորիս ներկայությամբ հայտարարում է. «Այս Ազգային ժողովը նշանակովի է»։

Ես հարց եմ տալիս. պարո՛ն Սադոյան, եթե Ազգային ժողովը նշանակովի է, դուք ինչպե՞ս եք վստահում այս Ազգային ժողովին, որպեսզի նրանում եղած ֆրակցիաներից կազմվեն հանձնաժողովներ։ Մեր մոտեցումը եղել է հետեւյալը՝ հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, անկախ նրանից՝ նրանք Ազգային ժողովում ներկայացված են, թե՝ ոչ։ Ապահովել ենք հավասար հնարավորություններ բոլորի համար, աստիճանաբար ուզում ենք գնալ քաղաքակիրթ ձեւի։ Դուք տեղեկացված եք, որ շատ պետություններում հանձնաժողովները կազմվում են ուղղակի չինովնիկներից, սակայն հաշվի առնելով մեր պետությունում տիրող քաղաքական իրավիճակը, այո, մենք գնացինք այդ զիջմանը՝ 10 տեղ հատկացվում է կուսակցություններին՝ 5-ը խմբակցություններին, 5-ը դրսից եկող քաղաքական ուժերին, եւ երեք տեղ ընդամենը գործադիր իշխանությանը։

Այսօր հավասարակշռված հանձնաժողովներ են ներկայացվում։ Բանակցությունների արդյունքում մենք եկել ենք այս դիրքորոշմանը։ Խոսվում է ընտրագրավների եւ, այսպես ասեմ՝ ստորագրահավաքի վերաբերյալ։ Չկայի՞ն այդ բաները ընտրական օրենսգրքի միասնական նախագծում։ Այսօր միասնական նախագծի կողմնակիցները քննադատվում են անգամ այդ հարցերում։

Ինչեւէ։ Գուցեեւ սա նախընտրական փուլ է։ Իմ համոզմունքը հետեւյալն է՝ քննադատելով ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակը, իհարկե, հարվածն առաջին հերթին ուղղվում է նրա թիկունքում կանգնած քաղաքական կազմակերպությանը՝ այդ օրենսգիրքը ներկայացնող քաղաքական ուժին։ Սա բնական է։

Եվ հետո ուզում եմ պարզապես տեղեկացնել. հարգելի գործընկերներ, մենք, այո, մի քիչ ավելի շատ մեծամասնական տեղերի կողմնակիցը լինելով հանդերձ, երբեք չենք փորձել մեր վրա ձեւել այդ տարածքները։ Այսօրվա հանձնաժողովների ներկայացուցիչները նույն կուսակցությունների ներկայացուցիչներն են, ովքեր որ դեմ են այդ հանձնաժողովների, այսպես ասեմ, կազմած տարածքներին։ Երկրապահները չունեն այնտեղ ներկայացուցիչ, երկրապահներին սատարող Հանրապետական կուսակցությունը ընդամենը մեկ ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։ Այնպես որ, ձեր մեջ փնտրեք, թե որտեղ են կատարվում այդ կեղծիքները։

Մեծամասնական տեղերի վերաբերյալ։ Այս փուլում պաշտպանելով մեծամասնականի առավելությունը համամասնականի համեմատ, ուղղակի հաշվի եմ առել այսօրվա իրավիճակը։ Մեր հարցումների արդյունքները ցույց են տվել, որ մեր ժողովուրդը ցանկանում է ճանաչել պատգամավորներին։ Ժողովրդի մեծամասնությունը մեր հարցումների հիման վրա 70-75 տոկոսով նախընտրում է մեծամասնական ընտրահամակարգը։ Կուսակցական ցուցակներն այս պահին մի քիչ դեռեւս անընկալելի են ժողովրդի համար։ Ես ինքս որեւէ տարածքում առաջադրվելու մտադրություն չունեմ բացարձակապես՝ պաշտպանելով հանդերձ մեծամասնական համակարգը։

Չփորձենք անընդհատ կասկածի տակ դնել առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ անընդհատ ժողովրդին այդպես տրամադրել։ Մենք իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչներ, իբրեւ քաղաքական հոսանք, բացարձակապես կողմ չենք լինելու, որպեսզի կեղծիքներով Ազգային ժողով ձեւավորվի։ Ոչ ոք այս պետության մեջ ի վիճակի չի լինի 4 տարի եւս ոչ լեգիտիմ պիտակով աշխատել։ Ուղղակի անհնար է, այսպես ասեմ, աշխատել ոչ լեգիտիմ պիտակ ունեցող Ազգային ժողովում։ Համոզված եղեք»։

Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանն էլ, որը հանդես եկավ եզրափակիչ խոսքով, կոչ արեց կողմ քվեարկել օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, այն երաշխիքով, որ «ցանկացած նախաձեռնություն, որը կվերաբերվի թե՛ օրենքին, թե՛ օրենսգրքին, ամենայն մանրամասնությամբ կքննարկվի եւ փորձ կարվի գտնել հնարավոր կառուցողական լուծումներ»։

Սակայն, չնայած նախագահող Ալբերտ Բազեյանի հրավերներին, անհրաժեշտ թվով պատգամավորներ նիստերի դահլիճ չներկայացան, ուստիեւ, փոփոխությունների նախագիծը չդրվեց քվեարկության։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031