Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԸ ՀԵՌԱՆՈԻՄ ԵՆ

Մարտ 10,1999 00:00
Karapet Rubinyan

Վանո Սիրադեղյանի՝ ՀՀՇ վարչության նախագահ դառնալը կուսակցության պառակտման պատճառ կարող է դառնալ։ Այդ փաստի հետ չհամակերպվողներն ընտրեցին ՀՀՇ վարչության աշխատանքներին չմասնակցելու ճանապարհը, եւ առաջինները Սամվել Գեւորգյանն ու Կարապետ Ռուբինյանն էին, որոնք պարզաբանումներ ներկայացրին «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցներին։

«Դեռ շաբաթ օրը ՀՀՇ վարչության առաջին նիստում ես հայտարարել էի, որ համաձայն չեմ այդ գործելակերպին։ Համաձայն չեմ համագումարի ընթացքում կատարված քվեարկությունների ընթացքին, քանզի կեղծումներ եղան։ Մենք պայքարում էինք, որ գոնե այս համագումարում արդար ընտրություններ լինեին, եւ ես շատ տխրեցի, ցավեցի, որ այդպես չեղավ,- ասաց Սամվել Գեւորգյանը։- Բացի այդ, առաջին նիստում փորձեցին թվաբանությամբ բանականությունը ճնշել, եւ ես հասկացա, որ այլեւս այդ վարչությունում անելիք չունեմ։ Այս պահին նպատակահարմար եմ գտնում կասեցնել իմ անդամակցությունը ՀՀՇ վարչությանը»։

Սամվել Գեւորգյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ կեղծիքներ են եղել համագումարում. «Տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ հավաքվում էին սեղանի շուրջ եւ ուղղակի բաց քվեարկում։ Այդ մասին ես, Արա Սահակյանը, Բաբկեն Արարքցյանը ասացինք վարչության նախագահի տեղակալներին եւ հաշվիչ հանձնաժողովի նախագահին, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ»։

Համագումարում կատարվածի վերաբերյալ վերապահումներ ուներ նաեւ Կարապետ Ռուբինյանը. «Մինչ մենք զբաղված էինք ազատական ժողովրդավարական կուսակցության՝ իր ուղին վերագտնելու եւ շարժվելիք ճանապարհը մատնանշելու տեսական փնտրտուքներով՝ մարդիկ կային, որ բոլորովին կազմակերպչական այլ խնդիրներով էին զբաղված։ Աշխատեցին այնպիսի վարչություն ձեւավորել, որը նախագահ կընտրեր Վանո Սիրադեղյանին։ ասեմ, որ դա այնքան էլ բարդ խնդիր չէ. ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, ՀՀՇ-ն այդպես էլ չկարողացավ հաղթահարել կուռքեր ստեղծելու եւ դրանց երկրպագելու իր մանկական բնավորությունը։ Եվ շռնդալից ծափահարություններով ընտրությունները դրա վկայությունն էին»։

Կարապետ Ռուբինյանը վարչության որոշ թարմացման վերաբերյալ նշեց. «անզեն աչքով էլ երեւում էր, որ դրանց մեծ մասը նպատակային թարմացում էր»։ Նրան խնդրեցինք որոշակի փաստեր մատնանշել, թե ինչպես են տարել այդ նպատակային կազմակերպչական աշխատանքը՝ գուցե կաշա՞ռք են բաժանել կամ պաշտոննե՞ր խոստացել։ Պրն Ռուբինյանը նման դեպքերի մասին չգիտեր. «Ինքս չեմ տեսել՝ ինձ ասել են, որ ցուցակներ են եղել, որոշ կազմակերպություններ միմյանց հետ պայմանավորվել են՝ մենք ձեր թեկնածուին չենք ջնջի, դուք էլ՝ մեր թեկնածուին։ Նաեւ՝ ՀՀՇ վարչության նախագահի փոխանորդների ղեկավար հրահանգներ են եղել՝ ինչ է պետք անել, ում ձայն տալ եւ այլն»։

Կարապետ Ռուբինյանի քայլերը ՀՀՇ վարչությունից դուրս գալով կարծես չեն սահմանափակվում. «Վանո Սիրադեղյանի ընտրվելու պահից սկսած՝ ես ինձ հոգեպես համարում եմ ՀՀՇ-ից դուրս, բայց ֆիզիկապես անելիքներ ունեմ։ Պիտի ՀՀՇ Շենգավիթի խորհրդի նիստ հրավիրեմ իմ հրաժարականի հարցով»։

Այնուամենայնիվ, 14 ձայնը լուրջ ցուցանիշ է՝ մտադիր չի՞ փոքր-ինչ հապաղել՝ գուցե ժամանակ անց իրադրությունը փոխվի, եւ իրենք ՀՀՇ վարչությունում մեծամասնություն դառնան։ «Սպասելու իմաստը չեմ տեսնում,- խոստովանեց պրն Ռուբինյանը։- Անիմաստ է ողջ կյանքս Վանո Սիրադեղյանի դեմ պայքարին նվիրելը։ Ոչ նյարդեր ունեմ, ոչ էլ շատ ժամանակ, որ դրանով զբաղվեմ. ինչ-որ պահի պիտի ձերբազատվեմ այդ ամենից եւ փորձեմ առանց կապանքների առաջ նայել։ Ի դեպ, դա կարող է լինել ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ ընդհանրապես քաղաքականությունից դուրս»։

«Ի վերջո, անձնական հակասությունների արդյո՞ւնք է այս ամենը։ Գուցե ուղղակի դեմ էիք, որ Վանո Սիրադեղյանն ընտրվի» հարցին Սամվել Գեւորգյանը բացասաբար պատասխանեց. «Դեմ չէի լինի, եթե նա այստեղ լիներ։ Բայց խոսքն անձերի մասին չէ, այլ գործելակերպի։ Ես գտնում եմ, որ Բաբկեն Արարքցյանը՝ որպես շատ փորձառու քաղաքական գործիչ եւ զուսպ ու լիբերալ մարդ՝ այս պահին կարող էր ավելի օգտակար լինել կազմակերպությանը։ Երկրորդ հանգամանքը, որ ինձ համար շատ կարեւոր է՝ չեմ ընդունում կուսակցության հեռակայող ղեկավար երեւույթը։ Գտնում եմ, որ մանավանդ ընտրությունների այս պատասխանատու պահին ՀՀՇ ղեկավարը պիտի ամենօրյա, ամենժամյա աշխատանք տանի, իսկ հեռախոսով դժվար թե կուսակցություն ղեկավարվի»։

Թերեւս ավելորդ է նշել, որ Կարապետ Ռուբինյանն էլ է Բաբկեն Արարքցյանի թեկնածությունը լավագույնը համարում։ Իսկ թե ինչու է իր կյանքի մի հատվածը նվիրել Վանո Սիրադեղյանի դեմ պայքարին՝ բացատրությունը հետեւյալն էր. «Ինքս չեմ համարում, թե Սիրադեղյանի դեմ եմ պայքարում, բայց, ցավոք սրտի, նույնիսկ ամենամտերիմներս ասում են, որ ես դա շատ անձնականացրել եմ։

Վանո Սիրադեղյանն իսկապես շատերին է վատություն արել, բայց չեմ կարողանում հիշել, որ ինձ ինչ-որ վատություն արած լինի։ Ոչ մի անգամ չենք գժտվել։ Ես համարում եմ, որ պայքարում եմ Վանո Սիրադեղյանի գաղափարախոսության դեմ։ Ես համարում եմ, որ նա ոչ լիբերալ է, ոչ էլ դեմոկրատ։ Նա ինչ-որ լրիվ այլ բան է։ Հիմա եթե մենք բանաձեւ ենք ընդունում եւ վերահաստատում, որ ազատական-ժողովրդավարական կուսակցություն ենք՝ Վանո Սիրադեղյանն այստեղ ընդհանրապես անելիք չունի։ Նա ինձ համար, որպես քաղաքական գործիչ մահացել է ներքին գործերի նախարարության շենքում։ Իսկ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց բերել ու վերակենդանացնել նրան որպես ՀՀՇ վարչության նախագահ՝ այդ պահից սկսել եմ պայքարել նման գծի դեմ։

Հիմա ինձ անընդհատ ասում են՝ Վանոյից ի՞նչ ես ուզում, Վանոն լավ տղա է։ Շատ լավ տղա է կենցաղում։ Իսկապես լավ զրուցակից է, քեֆի լավ ընկեր։ Բայց եթե քաղաքականությամբ եմ ուզում զբաղվել՝ չեմ ուզում սեւեռվել Վանո Սիրադեղյանի վրա եւ անընդհատ այդ մասին խոսել։ Ի վերջո, դա զզվելի է դառնում»: Մեր զրուցակիցներին խնդրեցինք մեկնաբանել, թե արդյոք Վանո Սիրադեղյանին առնչվող քրեական գործերը չեն անդրադառնա նաեւ ՀՀՇ-ի վարկի վրա։ «Քանի դեռ դատավարություն չի եղել՝ այդպիսի բան չեմ կարող ասել։ Գուցե Վանո Սիրադեղյանը գա եւ դատարանում ապացուցի բոլորովին հակառակը, գուցե դատվողից դատող դառնա։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ դատարանը կարող է որոշել»,- ասաց Սամվել Գեւորգյանը։

Կարապետ Ռուբինյանը վարկանիշի կտրուկ փոփոխություններ չէր կանխատեսում, քանի որ ամեն ինչ նույնը մնաց. «Եվ Վանո Սիրադեղյանի, այսպես կոչված, մեկնելուց առաջ էլ նույն հանգամանքները կային։ Գուցե շատ ռոմանտիկ եմ, բայց, կարծում եմ, որ երբ սկսվեցին դատախազական այս գործողությունները՝ կուսակցության ղեկավարը պիտի անմիջապես հետեւյալ հայտարարությունն աներ, թե հրաժարվում է այդ պաշտոնից՝ կուսակցությունը եւ դրա գաղափարախոսությունը հարվածի տակ չդնելու նպատակով եւ պայքարում արդարության համար։ Բնականաբար, այդ դեպքում էլ կուսակցությունն իր ողջ ուժերը կներդներ իր գաղափարակցին պաշտպանելու համար։ Բայց արված քայլերն ինձ համար անընդունելի էին ի սկզբանե»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031