ԱԺ «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ ինքը եւ ԱԺ նախագահը դատախազությանն են դիմել՝ առաջարկելով քրեական գործ հարուցել «Օրագրի» երկու հրապարակումների առնչությամբ. դրանք վերաբերում էին Հայէկոնոմբանկի վարչության նախագահ եղած ժամանակ Արմեն Մարտիրոսյանի գործունեությանը, որը կոծկվում է Խոսրով Հարությունյանի միջամտության շնորհիվ։ Վերջինս հավելյալ մանրամասներ ներկայացրեց «Առավոտին».
«Ես ուղղակի նամակով պաշտոնապես դիմել եմ դատախազին։ Փաստել եմ, որ հոդվածի հեղինակը (Հայկ Գեւորգյանը- Ա. Ի.) բավական լուրջ մեղադրանքներ է առաջադրում Արմեն Մարտիրոսյանին, բացի այդ՝ անուղղակի նաեւ ինձ է մեղադրում, որ ես հովանավորում եմ նրան։ Այդ իսկ պատճառով, ընդամենը խնդրել եմ, որ հոդվածում տեղ գտած փաստերն ուսումնասիրվեն, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տրվի։ Արմեն Մարտիրոսյա՞նն է մեղավոր՝ պիտի պատասխանատվություն կրի։ Ինչ-որ մեկն է զրպարտում՝ նա՛ պիտի պատասխանատվություն կրի։ Եթե ես հովանավորել եմ՝ ես էլ եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվել»։
Մինչ դատախազությունը կքննի այս բոլոր հարցերը՝ փորձեցինք պարզել Խոսրով Հարությունյանի տեսակետը, թե արդյոք հրապարակումներում շարադրված փաստերը համապատասխանում են իրականությանը. «Բնական է, որ պիտի այդ խնդիրների շուրջ զրուցեի Արմեն Մարտիրոսյանի հետ։ Մենք մտերիմներ ենք, գործընկերներ, նույն պատգամավորական խմբի անդամներ։ Ես հավատում եմ Արմեն Մարտիրոսյանին։ Ուրեմն, իրոք այդպիսի բան է տեղի ունեցել, փաստեր կան, բայց խոսքը վերաբերում է դրանց մեկնաբանությանը եւ այդ հարցերում Արմեն Մարտիրոսյանի պատասխանատու, հանցավոր դերակատարմանը։ Այստեղ կարծես տարբեր են մեկնաբանությունները»։
Ա. Ի.