Սեւանի հարցը շատերն են շահարկում եւ շատերն են այդ հարցից օգուտ քաղում։ Սեւանի խնդիրը շատ էլ շահութաբեր է։ Խնդիրը կա, մնում է ծաղկեցնել, այսինքն՝ սեմինար եւ գիտաժողով անցկացնել, հանձնաժողովներ ստեղծել, որոշման նախագծեր կազմել եւ հարցն ի ցույց դնելով, ըստ էության մտցնել փակուղի
Գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության նախարարություններն արդեն վաղուց իրար հետ կռիվ են տալիս, կողքից մի քանիսն էլ իրենց լուման են ներդնում ու կռիվը թեժացնում։ Այդպես էլ չի հստակեցվում, թե ձուկը ով է ուտում, էներգիան ով է ծախսում, ջուրն ով է խմում։ Այս վերնախավային կռվի վնասներն անմիջականորեն իր վրա կրում է խեղճ ու կրակ Սեւանը եւ շարունակում է ցամաքել։
Ժուռնալիստների տանը Սեւանի հիմնախնդրի շուրջ զրույցի էին հրավիրվել «Սեւան» հայրենակցական միությունը (նախագահ՝ Ղուկասյան), «Գեղարքունիք» թերթի խմբագիր Խաչատրյանը, բնապահպանության նախարարության վարչության պետ Կիրակոսյանը, ինչպես նաեւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Հովհաննիսյանը։
Թեպետ մասնակիցները «շատ ուրախ էին», որ նման հանդիպման եւ զրույցի առիթ է ստեղծվել, սակայն «Առավոտը» վստահ է, որ այս զրույցն էլ կգնա ու կխառնվի Ծովինար տատի հեքիաթներին ու Սեւանի խնդրին մի կաթիլով անգամ չի օգնի։ Բայց համաձայն ենք հանդիպումը կազմակերպողների հետ, որ հարցը չպետք է քնեցնել։
Կարդացեք նաև
«Գյուղմինիստրությունը Սեւանի ջուրը տանում, վաճառում է, գյուղմինիստրությունը ջուրը չպիտի վաճառի, այլ պետք է գնի»,- ասում է «Սեւան» հայրենակցական միության նախագահը։ Նա ընդհանրապես պնդում է, որ Սեւանը պետք է մեկ տեր ունենա ջրի բաց թողնման, անտառտնտեսության, ձկնորսության եւ այլ հարցեր կարգավորելու համար. «Սեւանն ունենա մի տեր կառավարությանը կից, որին կտրվեն բոլոր իրավունքները եւ մի քանի տարով արգելեն ձկան որսը, եթե ուզում ենք, որ սիգը գոնե մնա եւ գոյություն ունենա»։
Այդ դեպքում ինչի՞ համար է բնապահպանության նախարարությունը, թեպետ այն կառավարությանը կից չէ, պարզապես մի օղակն է։ Երեւի դա բավարար չէ Սեւանը պահպանելու համար, մանավանդ նախարարության աշխատակից պարոն Կիրակոսյանը խոսքն այնպես կառուցեց, որ չհասկացանք, թե բնապահպանության նախարարությունն ումի՞ց է պահանջում Սեւանի հարցի լուծումը։ Նրա ասելով հարկավոր է իրատես լինել։ «Գիտնականը կասի, ժուռնալիստները կասեն, որ հարկավոր է փրկել Սեւանը, ժողովուրդը, որը բնության մասին մտածում է, կասի, որ այո, հարկավոր է փրկել Սեւանը, … միգուցե առաջարկվի մի հատ էլ դարպաս դնել», որ Սեւանի ջուրը չհոսի՞. «Ինչի՞ չի արվում»,- հարցը տալով պարոն Կիրակոսյանն ինքն էլ պատասխանեց. «Կար՝ չարեցի՞նք, թե՞ կար՝ կերանք»։ Դե, մենք ի՞նչ իմանանք, ուտողն ուրիշներն են, լրագրողները միայն փաստերն են ներկայացնում։ Հավանաբար բնապահպանության նախարարությունն իր իսկ առաջադրած հարցերի պատասխանները մեզնից լավ կիմանա։
Մի հետաքրքիր թվի մասին արժե խոսել. գյուղնախարարությունը ջուրը Սեւանից վերցնում է 0,2 դրամով, իսկ սպառողին վաճառում 3 դրամով։ Իրականում (բնապահպանության նախարարության աշխատակցի ասելով) այդ երեք դրամը չկա։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր լիտր ջուրը Սեւանից բաց է թողնվում միմիայն ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ բացթողնումն իրականացնում է «Հայհիդրոմետ» վարչությունը։
Սեւանի խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ հետաքրքիր փաստեր եւս նշվեցին, որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ։
Վերջում ասենք, որ Սեւանի շուրջ ստեղծված «Ազգային պարկ»-ում 260 աշխատակից կա, եւ բոլոր 260-ին էլ «խիստ հետաքրքրում է» ձկան խնդիրը։ Եթե այսպիսի «սրտացավ» մոտեցումը շարունակվի, ապա սիգը եւս առանց պրոբլեմի կհայտնվի «Կարմիր գրքում»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Այս տարվա հունիսի 15-ից ձկնորսությունը կդադարեցվի անորոշ ժամանակով, հնարավոր է՝ ընդմիշտ, իսկ մինչ այդ կբռնվի 300 տոննա սիգ։ Ձկնորսների ցանցերի վրա հաշվիչ դրամարկղային սարքեր չկան, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե 300 տոննայի փոխարեն 900 տոննա չի հավաքվի։ Ձուկ է, որ լողաց-մտավ ցանցը, խեղճ ձկնագողն ի՞նչ անի։