Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԷԴ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ»

Մարտ 10,1999 00:00
Suren Abrahamyan

«Հանրապետական» մարզադաշտը սիրո արդյունք է, այլ ոչ բռնաբարության»,- հավաստիացրեց Սուրեն Աբրահամյանը։ Չնայած երկու դեպքում էլ մարզադաշտ հաստատ չի ծնվում։

Կարծես թե գործարարներին հարկադրելը, որ ինչ-ինչ բարի նպատակների համար գումարներ հատկացնեն, մի տեսակ՝ օրինականացված ռեկետը, վաղուց ավանդույթ է դարձել։ Եվ եթե Վանո Սիրադեղյանը դա անում էր Լաչինի միջանցքը պահելու համար, ապա որոշ գործարարների վկայությունների համաձայն (անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում), քաղաքապետն իրենցից անընդհատ գումարներ է պահանջում «Հանրապետական» մարզադաշտը վերանորոգելու նպատակով։ Մեկնաբանության համար դիմեցինք Երեւանի քաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանին։

-Բացարձա՛կ հերյուրանք է։ Բացարձա՛կ անպտուղ խոսակցություն։ Գետի՛նը մտնեն էդ գործարարները, եթե այդպիսի բան են ասել։ Էդ ո՞ր գործարարն է թեկուզ մեկ լումա ներդրել այնտեղ։ Ունեմ 50, 100, 300 դրամի մուծումներ։ Բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն է (ռեկտորի ստորագրությամբ նամակ եմ ստացել) 2 մլն դրամ փոխանցելու խնդիր լուծել։ Բայց հավատացնում եմ, որ դեռ ոչ մի գործարարի հետ քաղաքապետն այդ մասին զրույց չի ունեցել։ Եվ ոչ մի գործարար իր անվանը սազական գումար չի փոխանցել մարզադաշտին։ Առայժմ շինարարական ամբողջ աշխատանքները ֆինանսավորում ենք իմ հայթայթած գումարներով՝ Եվրոպայից, ՈՒԵՖԱ-ից։

-Կարելի՞ է ենթադրել, որ գործարարներն, այնուամենայնիվ, մուծումներ արել են, բայց՝ իրենց անվանը չհամապատասխանող գումարների։

-Ո՛չ։ Դուք էլ եք տեսնում, եւ ես դա չեմ թաքցնում, որ ամբողջ կառույցը շատ ավելի թանկ արժե, քան կարողացել եմ հայթայթել։ Եվ այդ պակասը լրացնելու համար այն համաժողովրդական կառույց եմ հայտարարել եւ բարի կամք դրսեւորելու կոչով ժողովրդին եմ դիմել։ Տարբեր հեռուստաալիքներ համապատասխան գովազդը հաղորդում են։ Այդ մարզադաշտը պիտի սիրո արդյունք լինի եւ ոչ բռնաբարելու։ Կաշխատեմ երկար համոզել այդ նույն գործարարներին, որոնք այդքան ցավագին են ընդունում՝ դեռ գումարը չտված։ Բայց հավատացնում եմ, ոչ մեկի հետ ես բացարձակապես ոչ մի գործնական խոսակցություն չեմ ունեցել։

-Գուցե Ձեր անունի՞ց են պարտադրելու, գումարներ շորթելու փորձեր արվել։

-Հավաստիացնում եմ, որ քաղաքապետարանը նման փորձեր չի արել։ Գուցե ինչ-որ սրիկա կամ մի հանցագործ խարդախ կարող է իմ անունից նման բաներ ասել։ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ էլ Աբովյանի մի «վետերոկից» գնացել, քաղաքապետի օգնական ներկայանալով՝ 150-200 դոլար էին վերցրել։

Այս հարցով անձամբ ես եմ զբաղվում։ Ֆեդերացիայի նախագահի անունից նամակներ են ուղարկվել տարբեր կազմակերպությունների։ Եվ խորհուրդ կտամ հրապարակել այդ նամակներից մեկը, որ համոզվեք՝ պարտադրանքի նշույլ անգամ չկա։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Սուրեն Աբրահամյանը նաեւ հայտնեց, որ «Հանրապետական» մարզադաշտը վերակառուցելուց հետո մտադիր են այն «Երեւան» անվանակոչել։ Այս առնչությամբ մի լրագրող վարկած առաջադրեց. «Ջհանգիրիչը կամ առյուծի կաթ է կերել, կամ «Մակարովի» գյուլլա է կուլ տվել, որ համարձակվում է «Հանրապետական» անունը փոխել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031