Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանը իսկական մտավորական էր

Մարտ 10,1999 00:00
Tigran Hayrapetyan

«Հաջորդ անգամ, հավանաբար, մի լիբերալի են խփելու»,- ասաց ինձ Տիգրան Հայրապետյանը Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո: Իր հոդվածաշարը, որի 6-րդ հոդվածը դուք կարդում եք այս էջում, նա վերնագրել էր «Ընդդեմ նոր սպանությունների, հանուն արդար ընտրությունների»: Հոդվածաշարը Տիգրանը սկսել էր տպագրել գեներալ Մարգարյանի սպանությունից մեկ ամիս առաջ՝ զգուշացնելով իշխանությանը, ընդդիմությանը եւ հասարակությանը նոր աղետներից:

Վերջին անգամ հանդիպեցինք երկուշաբթի, մարտի 8-ին: Խոսք գնաց ՀՀՇ-ում, այն ժամանակ դեռեւս անավարտ մնացած, վարչության նախագահի ընտրության մասին, եւ Տիգրանն ասաց, որ կուսակցության շարքերը, կարծես, ավելի շատ համակրում են Վանոյին: Իմ զարմացած հարցին՝ «կա՞ն արդյոք այդպիսի շարքեր», նա պատասխանեց. «Պատկերացրու, կան: Երբ 94 թվականի դեկտեմբերի 28-ին ես հայտարարեցի, որ բոլոր դաշնակցականներին հրավիրում եմ իմ կենտրոնը՝ աջակցություն եւ համերաշխություն ցուցաբերելու համար, ոչ մի կենդանի դաշնակ չերեւաց: Երբ դատախազն առաջին անգամ մտավ ԱԺ Վանոյի գործով, ՀՀՇ-ում ասեղ գցելու տեղ չկար»:

Մտավորականը միշտ հակադրվում է իշխանությանը եւ համակարգին՝ լինի այն կոմունիստական, ՀՀՇ-ական, երկրապահական թե դաշնակցական: Նրա առաքելությունն է սթափեցնել եւ զգոն պահել հասարակությանը:

Մտավորականը միշտ լիբերալ է, ազատությունն է նրա բացարձակ արժեքը:

Մտավորականը միշտ ճշմարիտ ազգային ու սոցիալական արժեքների կրողն է եւ, միեւնույն ժամանակ, միշտ հակադրվում է մարազմատիկ ազգայնական տեսլականներին եւ շարիկովյան սոցիալիզմին:

Մտավորականը միշտ մի քիչ խենթ է. նրա դատողություններն ու կանխատեսումները չպիտի միարժեքորեն ընդունելի լինեն հասարակության համար:

Տիգրանը իսկական մտավորական էր:

Որքանով էր պատահական Տիգրանի մահը՝ այդ հարցի պատասխանը կարելի է ստանալ հենց իր՝ Տիգրանի հրապարակումներից՝ «Առավոտում», այդ թվում նաեւ այս վերջին նյութից: Համենայնդեպս, այնքան ժամանակ, որքան «անհայտ մեքենայի» վարորդը չի հայտնաբերվել եւ չի ապացուցվել, որ դա դժբախտ պատահար է, հասարակությունը հակված կլինի կասկածելու, որ դա սպանություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031