«Տիգրանի դեմ ահաբեկչությունն առաջինը չէր՝ մինչ այդ էլի դեպքեր են եղել։ Փաստորեն, սկսվել են ազատ խոսքի եւ մամուլի դեմ հալածանքներ»,- ասաց Սամվել Գեւորգյանը։ «Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց սա սովորական բան չէ եւ քաղաքական արձագանք կլինի։ Իշխանությունները պարտավոր են անմիջապես կտրուկ գործողություններ անել, որ հասարակությունը հաստատ իմանա, որ սա քաղաքական հերթական հետապնդման նշան կամ հարված չէ»,- սա էլ Կարապետ Ռուբինյանի տեսակետն է։ Երկուսն էլ չմասնակցեցին ՀՀՇ վարչության երեկվա նիստին, որտեղ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ հայտարարություն ընդունվեց։
ԽՓԵՑԻՆ ՀՄԱՅԱԿԻ ԳՈՐԾԻՆ
Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության վարչությունն այլեւս ունի չորս քարտուղար՝ առաջվա մեկի փոխարեն։ Հիմա Հմայակ Հովհաննիսյանի կողքին նույն լիազորություններով օժտվել են նաեւ Արմեն Խաչատրյանը, Ռուբեն Միրոյանը եւ Գագիկ Ասլանյանը։
Կարդացեք նաև
ՀԱՅՏ
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը «Առավոտի» հարցին, թե փորձելո՞ւ է նորից պատգամավոր դառնալ, պատասխանեց. «Հավանաբար կմասնակցեմ ընտրություններին։ Այս պահին մտադրված եմ մեծամասնական համակարգով ընտրվել։ Եվ իմ թեկնածությունն առաջադրելու եմ Կենտրոնի թիվ 11 ընտրատարածքում»։ Սա մասամբ նույն ընտրատարածքն է, որտեղ նախկինում պատգամավոր էր ընտրվել պրն Հարությունյանը։ Ի դեպ, ԱԺ նախագահը դեռ չգիտեր, թե ովքեր են լինելու իր մրցակիցները։
ԱՐՁԱԳԱՆՔ
ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանը երեկ հայտարարեց, որ կա մարտի 9-ին սկսված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո եւս մի արտահերթ նիստ գումարելու օրենսդրական նախաձեռնություն։ Օրակարգում Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի հաշվետվություններն են՝ վերջին տարվա ընթացքում կատարված հայտնի պետական եւ քաղաքական գործիչների սպանությունների բացահայտման ընթացքի մասին։