Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Մարտ 09,1999 00:00
hancagorcutyun

1998 թ. մարտի 8-ի երեկոյան, հանցավոր խումբը մասնավոր ձկնալճի դաշտային տնակում ոգելից խմիչքներ կոնծած վիճակում, զինված մարտական «Կալաշնիկով» եւ «Մակարով» տեսակի զենքերով, հարյուրից ավելի կրակոցներով, բազմաթիվ մարդկանց կյանքին ռեալ վտանգ սպառնացող պայմաններում կյանքից զրկել է նախկին զինվոր, երեք մանկահասակ երեխաների հայր, 37-ամյա, կյանքի գարունն ամբողջությամբ չճաշակած, Գրիգոր Վաղարշակի Մկրտչյանին։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի՝ հիմնականում մեկ հարկանի բնակարաններով կառուցապատված թաղամասում, հարյուրավոր գնդակներ են կպել բազմաթիվ բնակարանների պատուհաններին, պատերին… Հիմնավորված է, որ դեպքը կրել է ցինիկ, չարամիտ խուլիգանական շարժառիթներ, այն զուգորդվել է հարայ-հրոցով, աղմուկ-աղաղակով, ահաբեկչական բղավոցներով եւ բազմաթիվ ակամա վկաներ, այդ թվում եւ՝ ծերեր, մանկահասակներ, հանցախմբի կողմից իրականացվող «մարտական գործողությունները» դիտել են թաքստոցներից՝ հազիվ փրկելով իրենց գլուխները սուլացող գնդակներից։

Շրջանային դատախազությունը փաստի առթիվ քր. գործ է հարուցել քր. օր.-ի 99 հոդվածի համապատասխան կետերով, 222 հոդվածի 3-րդ մասով եւ 232 հոդվածով։ Նախաքննությունը վարվել է անփորձ քննիչի կողմից, այն էլ՝ մակերեսորեն։ Չեն կատարվել առերեսումներ, չի որոշվել մեղավորների շրջանակը, չեն նշանակվել լրացուցիչ ձգաբանական փորձաքննություններ, չեն առգրավվել հանցագործության գործիքները՝ զենքերը եւ չորսամսյա հենց այնպես քաշքշուկներից հետո մի չհիմնավորված որոշմամբ քննիչը հերքել է ամբողջ դատախազության մտքի արգասիքը հանդիսացող արարքների որակումը, այսինքն՝ առաջադրված մեղադրանքները քր. օր.-ի 99-ից վերաորակել 100 հոդվածի։ Վերը նշված խայտառակության մասին տեղեկանալուց հետո մենք դիմել ենք հանրապետության իրավապահ մարմիններին եւ բոլոր լրատվամիջոցներին, նախարարություններին, հանրապետության նախագահին՝ խնդրելով գործը պահանջել եւ հանձնել հատկապես կարեւոր գործերով քննիչի, որը, ելնելով գործի իրական հանգամանքներից, պետք է շտկեր թույլ տրված միտումնավոր կեղծիքները եւ հանցագործության յուրաքանչյուր մասնակցին պատժի ներկայացնելուց զատ, նաեւ բարձրացներ կեղծիքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցերը։

Չնայած այն բանին, որ մենք եւ Էջմիածնի հասարակությունը հարյուրավոր դիմում-բողոքներով այդ կեղծիքների մասին տեղյակ ենք պահել հայոց աշխարհում «եղանակ» ստեղծող այրերին, սակայն կեղծիքների հեղինակներին հաջողվել է փրկարար օղակներ նետել, չսուզվող շապիկներ հագցնել իսկական հանցագործներին։ Շրջանային ժողդատարանը (նախկին դատավոր Վարդապետյանի նախագահությամբ) չորս ամիս ընդհատումներով տեղի ունեցած դատավարությամբ կոծկեց իրականությունը եւ իր հերթին կայացրեց խայտառակ դատավճիռ, որով չի նկատել ոճրագործներից չորսին, իսկ առաջինին ազատ է արձակել դահլիճից, մյուսին դատապարտելով ընդամենը տասը տարվա ազատազրկման։

Դատական նիստերին մենք՝ տուժողի ներկայացուցիչներս, դեպքին ականատես շատ վկաների հետ չենք մասնակցել եւ գործի վերաբերյալ ներկայացրել ենք 32 կետից բաղկացած միջնորդագիր, ուր նշված են բոլոր բացթողումները եւ կեղծիքները, որոնք չեն կարող հերքվել նույնիսկ ամենաանվանի քրեագետների կողմից։ Համաձայն չլինելով արձակված վճռին, դիմել ենք Վճռաբեկ դատարան, որը, հարգելով մեր բողոքը եւ համոզվելով մեր ներկայացրած 32 կետերի իրական պահանջների մեջ, գործը վերադարձրել է նոր դատաքննության՝ պահանջելով կատարել միջնորդություն։ Գործը ներկայումս գտնվում է Էջմիածնի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Տիգրան Պետրոսյան), որը գործի քննությունը նշանակել էր 17.02.99 թ.։ Երբ ներկայացանք դատարան, դատակոչվածներից որեւէ մեկը չէր ներկայացել, կալանավորը չէր փոխադրվել Էջմիածին, տնօրինական նիստով չէր որոշվել մյուս հանցագործների խափանման միջոցների հարցը, չէր որոշվել անտեղի, ապօրինի գործից մասերն անջատելու անօրինական լինելը։

Մենք ստույգ իմանալով, որ հենց այնպես չէ, որ գործով կատարվել են բազմաթիվ կեղծիքներ՝ հօգուտ մեղավորների եւ կեղծարարների, համոզված լինելով, որ այդ ամենը կատարվել է Էջմիածնի շրջանային դատախազության եւ դատարանի նախկին նախագահի ձեռքերով, որ ներկայիս դատավորները չորս տարի եղել են կեղծիքների հեղինակների մտերիմ ընկերները եւ ենթակաները, որ հայտնի շարժառիթներով նրանք ճշմարտությունը վեր չեն հանելու, քանի որ օբյեկտիվության վեր հանելը մեղադրական ակտ է համարվելու կեղծարարների համար, գրավոր բացարկ հայտնեցինք՝ խնդրելով գործը հանել Արմավիրի տարածքից։ Ի զարմանս մեզ, դատավոր Տ. Պետրոսյանը յուրովի պարզաբանումներ արեց, հայտնելով, որ բացարկի հարցը գլխավոր դատախազի գործն է։

Այսօր լրանում է ողբերգության տարին, մենք դեռ տառապում ենք վշտից եւ ցուցաբերվող քար անտարբերությունից։ Ընթերցում ենք հանրապետության թերթերի արձագանքները ոճիրը դատապարտելու, քննչական խաղերը քննադատելու մասին, թերթում ենք իրավապահ վերադաս մարմինների հավաստիացնող երկտողերը, հիշում ենք նախագահ Քոչարյանի հավաստիացումները Էջմիածնի հասարակության ներկայությամբ, որ գործը կավարտվի օբյեկտիվ դատավճռով։ Սակայն կեղծիքների թափանիվը կանգնեցնող չկա։ Մի՞թե գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարյուրավոր դիմում-բողոքներից գոնե մեկը աչքով չի անցկացրել նա, մի՞թե նրա օգնականներն այս ողբերգական դեպքի մասին նրան չեն տեղեկացրել։ Հավանաբար, գլխավոր դատախազի օգնականները հաշվի չեն նստում այն հանգամանքի հետ, որ վտանգավոր խաղ են անում, երբ նրա անունից հանդես են գալիս Հանսյան անտարբերությամբ։

Դիմողներ՝

ՎԱՂԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԿՐՏՉՅԱՆ

ՇՆՈՐՀԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031