Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այնտեղ, ուր պետությունը քիթը չի խոթել

Մարտ 09,1999 00:00
Hanrakacaran

Վերնագիրը թող շփոթության մեջ չգցի, սա այն դեպքը չէ, երբ անցանկալի է պետության վերոհիշյալ գործողությունը։ Ընդհակառակը՝ շատ էլ ցանկալի է, որ պետություն կոչվածը գնա Արցախի 4 հասցեում գտնվող հանրակացարանը, տեսնի, թե այնտեղ մարդիկ ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են ուտում, ի՞նչ են շնչում, ինչո՞ւ են ուրախ կամ տխուր։

Հանրակացարան կոչվող խորհրդային ժամանակների գերցածր առաստաղով այս շենքում 110 մարդ է ապրում, 90-ը՝ շատ ծեր եւ շատ անօգնական։ Այստեղ ապրող փախստականների մասին առաջին եւ միակ անգամ խոսվեց «Փախստականներ։ Նոր հայրենիքի որոնում» տեսաֆիլմում։ Հետո՝ երկարատեւ լռություն։ Եղան քիչ թե շատ հայտնի մեկ-երկու մարդ՝ մի թեթեւ օգնեցին ծեր փախստականներին։ Իսկ ԱԺ սոցիալական եւ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (այժմ՝ նախագահ) տիկին Ջեմմա Անանյանը խոստացավ, որ փախստականների հեռախոսի հարցը կլուծի եւ զուգարանները կդարձնի մի քիչ հարմարավետ։ Խոստումը մինչեւ այսօր կատարված չէ։

Փախստականների վարչությունը, որն, ըստ էության, փախստականների հարցերով զբաղվող պետական միակ կառույցն է, հավանաբար այս հանրակացարանի տեղն անգամ չգիտի։ Ոչ մեկն այս վարչությունից ոտք չի դրել հանրակացարան, չի հարցրել՝ ո՞նց եք ապրում, ի՞նչ եք ուտում։ Գոնե գային ու հարցնեին՝ ինչո՞ւ չեք դառնում ՀՀ քաղաքացի։ Իսկ մարդիկ այստեղ քաղաքացի դառնալու ժամանակ չունեն։ Նրանք իրենց կյանքն ապրել են եւ ավարտում են արդեն այնքան տխուր ու լքված։

Այստեղ մարդիկ շուտ-շուտ են մահանում, ծեր են ու հիվանդ, մահվան ծախսերն արդեն լուրջ պրոբլեմ են։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեկը մահացավ, մի կերպ կարողացան հասցնել դիահերձարան ու ասում են՝ այնտեղից էլ թաղել են։ Ընդհանրապես, տեր եւ տիրական չունեցողների համար մեռնելը նույնպես խնդիր է։ Ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ փախստականների վարչությունը ոչ մի լումա չի տալիս նաեւ թաղման ծախսերի համար։

Հասարակականները շնորհավորեցին կանանց

Այնտեղ, ուր պետությունը չի գնում, հասարակական, բարեգործական մի քանի կազմակերպություններ շատ սիրված են եւ ճանաչված։ Մարտի 8-ի կապակցությամբ փախստական տատիկներին շնորհավորելու էին եկել «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը, «Անապահով խավ» հասարակական կազմակերպությունը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը, «Հույս-Աշխատանք» կանանց հասարակական բարեգործական կազմակերպությունը Ամերիկյան համագումարի ինֆորմացիոն բաժինը։ Եկել էին ինչպես որ սազում է տոնին. նվերներով, թխվածքով, ժպիտով եւ այլնով։ Տատիկներն էլ իրենց հերթին շնորհավորեցին հյուրերին եւ ոտանավորի ու երգի արանքում սպասում էին նվերների բաժանման հանդիսավոր պահին։

Բժիշկները եկան ու հիվանդին չնայեցին

Տոնից երկու օր առաջ, մարտի 6-ին առողջապահության նախարարության կողմից երկու բժիշկ էր ուղարկվել հանրակացարան՝ երկու հիվանդի զննելու։ Զննել էին նրանց, սակայն երրորդին՝ Սերգեյ Բաբայանին, որը 1988-ի Բաքվի ջարդերի հետեւանքով հաշմանդամ է դարձել, հրաժարվել էին քննել։ Նրանց երկու հիվանդ է հանձնարարված եղել, երրորդին ինչո՞ւ նայեն։ Բժշկի երդման մասին ոչինչ չենք ուզում ասել։

«Իմ հին տան ճամփան եմ հիշում»

Հանրակացարանում 1994-ից ապրող այս ծերերն այլեւս սեփական տուն դժվար թե ունենան։ Քոթեջների համար հերթագրված մի քանիսն իզուր սպասում են տարիներ շարունակ։ Հերթը երբեք այստեղ չի հասնում։ Քաղաքացիության մասին խոսելիս հատուկ շեշտվում է, թե փախստականներից մոտ հինգ հազար մարդ ընդունել է ՀՀ քաղաքացիություն։ Գաղտնիք չէ, որ հիմնականում փախստականները չեն ցանկանում ընդունել ՀՀ քաղաքացիություն, որովհետեւ՝ «անտուն՝ ի՞նչ քաղաքացի։ Անաշխատանք՝ ի՞նչ քաղաքացի։ Անհեռանկար՝ ի՞նչ քաղաքացի»։

Ակորդեոնահար Էդիկ Բաղդասարյան

Նրան հաճախ կարող եք հանդիպել Երեւանի փողոցներում բաց-բարեգործական համերգներում։ Նվագելու համար նրան հարկավոր չէր կոնսերվատորիա ավարտել, կամ՝ երաժշտական որեւէ կրթություն ստանալ։ Խոհանոցն էլ բավական էր, որ Էդիկ Բաղդասարյանի մեջ ծնվեին երաժշտական ընդունակությունները։ Հիմա նվագում է «Հարմոնիա» կենտրոնում։ Հատուկ փախստականների մոտ գալու համար պարոն Բաղդասարյանն իր սպիտակ կոստյումն էր հագել եւ ակորդեոնի վրա զարմանալի հնարքներ գործադրելով մի լավ հիացրեց ներկա կանանց ու տատիկներին։

Հավերժական խնդիրներ

Էլեկտրաէներգիայի վարձ. ամսական կենսաթոշակը մոտ 3500 դրամ, էլեկտրաէներգիայի ամսական վարձը՝ 7000 դրամ։

Հացի խնդիր. կենսաթոշակով հաց անգամ հնարավոր չէ գնել։

Աշխատանք՝ չկա։

Բաղնիք՝ չկա։

Մեռնելը՝ թանկ։

Ապրելը՝ ավելի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031