Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ՍԱՐԸ Ո՞ՒՄՆ Է, ԷՍ ԾԱՌԸ Ո՞ՒՄՆ Է

Մարտ 09,1999 00:00
carahatum

Մի քանի օր առաջ Նորքի I զանգվածի բնակիչներից ահազանգ ստացանք, որ Գայի արձանի մոտ ինչ-որ մարդիկ անխնա կտրում են ծառերը։ Յուրաքանչյուր հատված ծառ անմիջապես տեղափոխվում է, իսկ տեղը՝ բետոնապատվում։

Բնակիչներին այդպես էլ չի հաջողվել «անտառահատներից» եւ շինարար-բանվորներից որեւէ ստույգ պատասխան ստանալ, թե ո՞րն է այդ ամենի նպատակը։ Մի անգամ ասել են, թե երեխաների համար կարուսել են սարքում, մի ուրիշ անգամ՝ սրճարան։ Բնակիչները հավատացնում են, որ դիմել են քաղաքապետարան, այնտեղ (որքան հիշում էին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը) նրանց ասել են, թե «մի հինգ մետր ենք թույլ տվել»։ Հինգ թե տասը, բնակիչները, միեւնույն է, բողոքում են եւ պահանջում չզրկել իրենց եւ իրենց երեխաներին մաքուր օդ շնչելու հնարավորությունից։ Մեր փորձերը՝ կապվելու Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանին, ապարդյուն անցան։ Այնպես որ, նրանից չհաջողվեց ճշտել «հինգ մետրի» պատմությունը։ Քաղաքապետարանի բնական գոտիների վարչության պետի տեղակալ Ռոմիկ Կոսեմյանը հայտնեց, որ կատարվածից տեղյակ չեն (ի դեպ, բնակիչներն ասում էին. «մի շաբաթ է՝ հուպ են տալիս» – Ա. Գ.)։ Խոստացավ ահազանգել, ուր որ հարկ է։

Մի քանի ժամ անց նրանից տեղեկացանք, որ նա հայտնել է քաղաքապետարանի շինվերահսկողության վարչություն։ Այնտեղ պարզվել է, որ վերոնշյալ շինարարության համար չկա թույլտվություն։ Աշխատանքները դադարեցվել են։ Նույնը հաստատեցին նաեւ քաղաքապետարանի ճարտարապետական շինարարական վերահսկողության վարչությունում։ Այստեղ իմացանք նաեւ այն, որ գոյություն ունի բացօթյա սրճարանների մասին քաղաքապետի որոշումը։ Միայն թե այս դեպքում շինարարությունը համաձայնեցված չի եղել բնապահպանության վարչության հետ։ Շինվարչության պետի տեղակալ Սարդար Ադամյանն ասաց, որ անօրինական շինարարության մասին իրենք տեղյակ են պահել Նորք-Մարաշ թաղապետին եւ ՆԳ բաժին։ Շինարարությունը կասեցված է։ Մեր այն հարցին, թե մինչեւ ե՞րբ, պրն Ադամյանն ասաց. «Մինչեւ էկոլոգիայի եւ կանաչապատման վարչության հետ համապատասխանեցնելը»։

Չենք կարծում, թե համապատասխանեցնելը շատ կուշանա. գարուն է, ուր-որ է՝ ամառն էլ կգա, բացօթյա սրճարանների իսկական ժամանակը։ Այնպես որ, եթե մինչ այդ ծառերը հատվում էին ապօրինաբար, այնուհետեւ այդ կլինի բացառապես օրենքի սահմաններում։ Երեխաներն էլ մաքուր օդ շնչելու փոխարեն թող պաղպաղակ ուտեն. հայրենական արտադրությանը զարկ տալ պե՞տք է, թե՞ ոչ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031