Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԱՆԱԿԻ ՊԵՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ

Մարտ 09,1999 00:00
armentel

Կապի մենաշնորհը վաճառել ենք։ Պետություն ներկայացնող բոլորս՝ նախկին ու ներկա բոլոր դեմքերով, այդ գործարքը համարել ենք տնտեսական հրաշք։ Հրաշքի դիմաց այդ դեմքերը չեն վճարելու։ Վճարելու են հեռախոսի շարքային տերերը (բաժանորդները)։

«ԱրմենՏել» հանրահայտ ձեռնարկությունը գոնե հեռախոսային կապի ոլորտում ունիկալ է։ Կամ՝ ժամանակակից շուկայական հայկական տերմինով ասած՝ մոնոպոլիստ։ Նա կարող է հանգիստ փոխել ձեր հեռախոսահամարը։ 57 եւ 53 համարներով սկսվող հեռախոս ունեցող բաժանորդներին զանգահարում են «ԱրմենՏել»-ից ու զգուշացնում. «Ձեր համարը փոխվել է»։ Երբ բաժանորդը փորձում է պարզել փոխելու պատճառը, պատասխանը նույնն է՝ կապի որակի բարձրացումն է եւ այլն։ «ԱրմենՏել»-ին չի հետաքրքում, թե հեռախոսահամար փոխելն ինչ հետեւանքներ կունենա։ Հեռախոսի տերն ինքը պետք է այդ մասին տեղյակ պահի իր հարազատներին։ Եթե խոսքը գնում է շարքային բաժանորդի մասին, իսկ եթե խոսքը տնտեսավարող սուբյեկտների մասին է, ապա հենց իրենք էլ կարող են հաշվարկել հեռախոսահամարի փոխման պատճառով կրած վնասները։ Դրանք միեւնույն է չեն փոխհատուցվելու։ Միայն թոշակառուն կամ բիզնեսմենը «պարտավոր» են իրենց բարեկամներին ու գործընկերներին զանգահարել ու հայտնել հեռախոսահամարի փոխվելու լուրը։ Հանրապետության մյուս քաղաքներ կամ արտասահման զանգահարելու համար իրենք էլ վճարելու են։ Բոլոր դեպքերում տուժողը բաժանորդներն են, իսկ շահողը՝ «ԱրմենՏել»-ը։

Ա. Գ.

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ «ԱՐՄԵՆՏԵԼԻ»

«ԱրմենՏելում», ըստ երեւույթին, որոշել են զանազան վարձերից ու մուծումներից գլուխները կորցրած քաղաքացիներին վերջնականապես շփոթեցնել։ Համաձայն Վանաձորի քաղաքային կապի հանգույցում արդեն մեկ տարի փակցված հայտարարության, տվյալ ամսվա հեռախոսավարձերն ու խոսակցությունների պարտքերը վճարվում են մինչեւ հաջորդ ամսվա վերջը, սակայն դա չի խանգարում, որ քաղաքացիներին հրամցվելիք գումարի մեջ ներառվի նաեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա հեռախոսավարձը եւ ներկայացվի իրենց կարծիքով միամիտ լոռեցիներին՝ կարծես թե «պարտքի» տեսքով։ Համենայնդեպս, թվաբանությունից դպրոցում «5» ստացածները մի կերպ կարողանում են երկար-բարակ «ռազբիրատից» ու համակարգչի տվյալները ջրի երես հանելուց հետո «ջոկջկել» ու ապացուցել, թե իրականում ինչքան է իրենց պարտքի չափը եւ ոչ թե «գլխանց» մուծումներ կատարել, այն դեպքում, երբ դեռեւս քննարկման ենթակա է հեռախոսավարձերի գումարի չափի հետ կապված հարցը։ Վանաձորցիները նաեւ վրդովվել են հեռահաղորդակցության նախարարի այն հայտարարությունից, թե առաջիկայում հանգամանորեն կբացատրվի տեղական խոսակցությունների րոպեավճարի գանձումը կամ «մեղմացման մեխանիզմներ» կմշակվեն։

Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031