Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Մարտ 09,1999 00:00
ashxatanq

Գրելով այս հոդվածը՝ ես ելնում եմ այն իրողությունից, որ հայկական իրավունքը պատկանում է գրված իրավունքի համակարգերին։ Որեւէ պաշտոնյա չի կարող բանավոր հայտարարություններով կամ համաձայնություններով հավակնել սահմանելու իրավունքի նորմեր։

Երբ փետրվարի 13-ին Ա. Դարբինյանը հայտնի խորհրդակցությունում առաջարկեց հարկատուներին պայմանագրեր կնքել, որով վերջիններս ստանձնում են որոշակի հարկային պարտավորություններ, իսկ կառավարությունը պարտավորվում է ստուգումներ չանցկացնել, մենք բոլորս համակվեցինք սպասումով։ Սպասում էինք, թե երբ եւ ինչ ձեւով այդ խորհրդակցությունում ձեռք բերված պայմանավորվածություններն իրավաբանական ձեւակերպում կստանան, այսինքն՝ կգրվեն որեւէ օրենքում կամ ենթաօրենսդրական ակտում։ Սակայն դա չեղավ եւ ամենայն հավանականությամբ՝ չի լինի։ Դրա փոխարեն մի քանի չինովնիկներ իրարամերժ մեկնաբանություններ արեցին, որոնցում մի ընդհանուր բան կար. իբր հարկային պայմանագրերը տեղավորվում են հարկերի մասին օրենքի 22 հոդվածի շրջանակներում։

Սակայն անգամ ոչ պրոֆեսիոնալի համար ակնհայտ է, որ այդ 22 հոդվածը ոչ վարչապետին, ոչ որեւէ այլ անձի ոչ մի նման լիազորություն չի տալիս։ 22 հոդվածը կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ հարկատուի մեղքով (հաշվառման բացակայություն, կեղծ տվյալների ներկայացում եւ այլն) անհնար է գնահատել կամ հաշվարկել հարկատուի հարկային պարտավորությունը։ Ըստ 22 հոդվածի, նման դեպքերում հարկային պարտավորությունը հաշվարկում է հարկային տեսչությունը։ Հաշվարկման կարգում, որ սահմանվել է կառավարության կողմից, բացակայում է պայմանագիր կամ փոխադարձ համաձայնություն ենթադրող որեւիցե նորմ։ Խոսք է գնում միակողմանի կարգով հարկային տեսչության կողմից հարկային պարտավորության որոշման մասին։

Հարկային պայմանագրերը հակասում են ոչ միայն գործող հարկային օրենսդրությանը, այլեւ՝ սահմանադրությանը, որի 5 հոդվածով պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ։

Դրանք հակասում են նաեւ հարկային համակարգի երկու կարեւոր սկզբունքներին, այն է՝ հարկային պարտավորությունը պետք է հաշվարկվի հարկատուի կողմից ինքնուրույնաբար, իսկ օրենքը պետք է սահմանի հարկման ընդհանուր կանոններ բոլոր հարկատուների համար։ Այնինչ, տվյալ դեպքում հարկային պարտավորությունը, փաստորեն, որոշվում է պետական մարմնի հետ երկկողմանի համաձայնությամբ, իսկ տարբեր հարկատուներ հայտնվում են տարբեր նորմատիվ դաշտերում։ Մի կողմից՝ պայմանագիր կնքածներ, մյուս կողմից՝ այդպիսիք չունեցողներ։ Պայմանագիր կնքածների մեջ՝ շահավետ պայմանագրեր եւ ոչ շահավետ պայմանագրեր։ Մի կողմից՝ ստուգման ենթականեր, մյուս կողմից՝ ստուգումներից ազատվածներ։ Եթե անգամ այս ամենն արվում է բարի նպատակներով, դրա հետեւանքները շատ վտանգավոր են։

Ամենազավեշտականն այն փաստարկն է, ըստ որի հարկային պայմանագրերը կոչված են պաշտպանելու հարկատուին հարկային տեսուչից։ Բայց եթե հարկային օրենսդրությունը վատն է, ինչպես կարող են լավ տեսուչներ լինել։ Զարմանալի է, որ իշխանությունն այսօր երես է թեքում իր կողմից վարժեցրած տեսուչի այն տիպից, որի ենթագիտակցության մեջ արդեն իսկ օրենքը ոչ առանց հիմքի նույնացվում է պատժի հետ։ Անհարգելիությունն օրենքի հանդեպ առավել տարածված է հենց պետական մարմիններում, այլապես ինչպես հասկանալ, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների ձեւերում, որ սահմանվում եւ տարածվում է հարկային տեսչության կողմից, եւ որոնց ներկայացման ժամկետը մինչեւ ապրիլի 15-ն է, հարկվող շահույթի որոշման կարգը չի համապատասխանում օրենքով սահմանվածին։

Ի՞նչն է խանգարում կառավարությանը օրենք գրել առ այն, որ հարկային պարտավորությունը որոշվի խելքին ու տրամաբանությանը մոտ չափերով եւ ձեւերով, եւ որ հարկատուի իրավական պաշտպանվածությունը բավարար լինի ստուգողների ամենաթողությունից։ Բնական է, որ այդ դեպքում շատ ու շատ չինովնիկներ կկորցնեն իշխանության տված ազդեցության մի մասը եւ կամ կազատվեն լավամարդ դառնալու մղումներից։ Սակայն հարկ է հիշել հետեւյալը. վատ օրենքը ձեռնտու է իշխանությանը, լավ օրենքը՝ հասարակությանը, օրենքի բացակայությունը՝ ոչ մեկին։ Հարկային պայմանագրերը վատ օրենքների անտեսման արտահայտությունն են եւ ուղղակի հանգեցնում են օրենքի ինստիտուտի բացասմանը։ Իրականում այդ պայմանագրերը ոչ մի հարկատուի համար երաշխիք չեն կարող ստեղծել հարկային պարտավորությունների վերջնական գնահատման համար։ Որովհետեւ, ինչպես ասում են, ոչ մի կառավարություն անմահ չէ։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031