Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ բիզնես ծննդատանը

Մարտ 09,1999 00:00
Cnndatun

Ծնողներին ստիպում են հրաժարվել երեխայից՝ ասելով, թե նա մահացել է

Երեխա ունենալու երջանկությունը մարդու կյանքի ամենաուրախալի պահերից մեկն է, հատկապես, երբ այդ երեխան առաջնեկն է։ Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ մանկան ծնվելուն հաջորդում է խորին տխրությունը՝ կապված ինն ամսվա սպասումը չարդարացրած անշունչ էակի կամ ծանր պաթոլոգիայով մանկան լույս աշխարհ գալու հետ։

Վերոնշյալ ոչ մի դեպքի հետ ընդհանուր ոչինչ չունեն այն ապրումները, որոնք ծանրացան Նուբարաշենի բնակիչներ Գագիկ Բալասանյանի եւ նրա կնոջ՝ Գայանե Աբրահամյանի վրա։ Փետրվարի 5-ին, ժամը 9-ին, Էրեբունի մասիվի ծննդատանը ծնվեց նրանց առաջնեկը։ Ծնունդն ընդունող բժիշկներն ընդունարանում սպասող հարազատներին վատ լուր հասցրեցին՝ երեխան դեռ ողջ է, բայց ապրելու ոչ մի շանս չունի։ Հաջորդ օրը բաժնի վարիչը՝ Լարիսան, Գագիկ Բալասանյանի ասելով, իրենց բացատրեց, որ մանկան ողնաշարի մի հատված բացակայում է։ Ողնաշարի վրա ջուր է կուտակվում եւ մանուկն ապրելու՝ նույնիսկ 10% շանս չունի։ Հետո սկսվում են անհասկանալի իրադարձությունները։

Նախ՝ երեխայի ծնունդից ընդամենը կես ժամ հետո, նույն բաժնի վարիչը պահանջում է ծնողներից, որպեսզի շտապ կարգով բերվի եւ ներկայացվի երեխայի ծննդյան վկայականը։ Նույնիսկ նրանց հորդորում են, ասելով, որ եթե Նուբարաշենում կարող են ձգձգել, մենք կօգնենք, որպեսզի Էրեբունու շրջանում հաշված րոպեների ընթացքում ձեւակերպվի ծննդյան վկայականը։ Գագիկը ինչ-որ վատ բան կանխազգալով՝ հրաժարվում է։ Բաժնի վարիչը սպառնում է գլխավոր բժշկով, իսկ վերջինս էլ Գագիկի հետ հանդիպման ժամանակ՝ դատարանով եւ «համապատասխան մարմիններով»։

Երիտասարդ ծնողների առջեւ ուլտիմատում է դրվում՝ կամ շտապ ծննդական, կամ հրաժարագիր երեխայից։ Գլխավոր բժշկի կաբինետում տեղի ունեցած վիճաբանությունից եւ տեղի ունեցած քաշքշուկից հետո Լարիսան նույնիսկ սրտացավություն է դրսեւորում, մինչեւ ոստիկանների գալը, Գագիկին ասելով. «Քո ինչի՞ն էր պետք, եկար, հասար գլխավորի մոտ, մի հրաժարագիր է՝ գրեիր, պրծնեիր»։ Գագիկն ու Գայանեն սրտի անասելի ցավով՝ հրաժարագիրը գրելիս նշում են, որ իրենք հրաժարվում են միայն այն դեպքում, եթե բժիշկները երեխայի ապրելու ոչ մի հույս չեն տալիս։

Փետրվարի 7-ին, երբ Գագիկը գալիս է ծննդատուն՝ կնոջը տուն տանելու, նորից գալիս է բաժնի վարիչը եւ ասում, որ իրենք նախորդ օրը երեխային ուղարկել են շտապօգնության մանկական հիվանդանոց (Ծերեթելիի փողոցի), որտեղ երեխան մահացել է։ Այս անգամ նորից Լարիսան պնդում է, որ երեխայի ծննդականը բերեն՝ հակառակ դեպքում Գայանեին ծննդատնից դուրս չեն գրի։ Գագիկը նորից հրաժարվում է եւ կնոջը տուն է տանում։

Երիտասարդ զույգի համար սկսվում են մղձավանջային օրեր ու գիշերներ։ Գագիկը պատմում է, որ այդ օրերին Գայանեն գիշերվա ընթացքում մի քանի անգամ վեր է թռնում եւ սկսում բղավել, որ իր երեխային սպանում են։

Փետրվարի 14-ին զանգում է հեռախոսը, վերցնում է Գագիկը։ Մյուս կողմից հանդիմանալից ձայնը ասում է. «Ինչո՞ւ չեք գալիս ձեր երեխային տեր կանգնեք, գիտե՞ք ինչ լավ բալիկ է՝ աշխույժ, գեղեցիկ»։ Գագիկը հոր հետ սլանում է շտապօգնության հիվանդանոց, տեսնում է որդուն։ Վիրահատող բժիշկն ասում է, որ երեխան առողջ է, առանձնապես բարդ վիրահատություն չի եղել, ուղղակի երեխայի ողնաշարի մասում՝ մաշկի տակ, ջուր է հավաքված եղել, ինչը չի բացառվում, որ ծնունդն ընդունող բժշկի անփութությունից եղած լինի։

Իր պատմությունը Գագիկը եզրափակեց այսպես. «Երբ մենք մտանք հիվանդանոց, բոլորը մեզ հանդիմանանքով էին նայում, եւ մենք ոչինչ չէինք հասկանում։ Հետո մեզ ուղեկցող քույրն ասաց, որ Էրեբունի մասիվի ծննդատնից իրենց զգուշացրել են, որ մանկան ծնողները հրաժարվել են երեխայից։ Իմ մասին ասել էին, իբր խուլիգան եմ եւ ինձ Ռուսաստանից միլիցիայով են բերել։ Ծննդատնից հիվանդանոցի բժիշկներին ասել էին, որ մի մարդ կգա, որը 10 տարի երեխա չի ունենում, մանկանը կտաք նրան։ Բուժքույրն ասում էր, որ մեր բալիկի համար շատ «կլիենտներ» էին գալիս։ Չեք պատկերացնի, թե որքան շնորհակալ եմ մանկական հիվանդանոցի բժիշկներից, որ ինձ իմ կորցրած որդուն վերադարձրին»։

Փոքրիկ Գրիգորը արդեն 4 օր է տանն է։ Վիրահատության շրջանում կորցրած քաշն արդեն վերականգնել է, իսկ վիրահատող բժիշկը, վստահեցնելով, որ երեխան ողնաշարի հետ որեւէ պրոբլեմ չունի, խոստացել է մինչեւ երեխայի քայլելը, ամեն ամիս գալ մանկանը տեսության։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031