ՀՀՇ 11-րդ համագումարը հանդես եկավ բանաձեւով, որի երկրորդ մասը՝ «Իշխանափոխության եւ ներկա իրավիճակի մասին» կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
1997-ին առաջարկվող հնարավոր տարբերակով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ հաստատվում էր վերջնական խաղաղություն, ԼՂՀ-ն ստանում էր փաստական անկախություն, անվտանգության զարգացման եւ հարատեւման միջազգային երաշխիքներ, ինչպիսիք նա չէր ունեցել երբեւէ։ Հայաստանն ազատվելով շրջափակման կապանքներից, տնտեսական զարգացման եւ հզորացման պայմաններ էր ստանում, միաժամանակ դառնալով ԼՂՀ անվտանգության իրական երաշխավոր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ քննարկման դրվեցին խաղաղության ծրագրի սկզբունքները։ Դա ձեռնտու չէր պահանջատիրության ջահակիրներին. որպես «հարատեւ կռվի» գաղափարախոսներ՝ նրանք զրկվում էին գոյության իմաստից։ Խաղաղության հաստատումը ձեռնտու չէր նաեւ որոշ արտաքին ուժերի, որոնք ձգտում են տարածաշրջանում հակամարտության օջախ պահպանել՝ ըստ անհրաժեշտության իրենց քաղաքական նպատակներին եւ պետական շահերին ծառայեցնելու համար։ Հարցի լուծումը ձեռնտու չէր քաղաքական ընդդիմությանն ընդհանրապես, քանի որ դրանով իշխող քաղաքական ուժը կարեւոր հաղթաթուղթ էր ստանում։ Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը կատարեց քաղաքականապես համարձակ եւ ժողովրդի ու պատմության առջեւ պատասխանատու քայլ՝ հրապարակելով ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների գնալու իր պատրաստակամությունը։
Սոցիալ-տնտեսական եւ ներիշխանական ճգնաժամի հետեւանքով լարված մթնոլորտը լավագույն պայմաններ ստեղծեց քաղաքական վրեժխնդրության եւ ոմանց իշխանատենչության ծարավը հագեցնելու համար. բորբոքվեց ամբոխավարության եւ մաքսիմալիզմի հերթական հիստերիան։ Նախագահի առաջարկած ծրագիրը աղավաղվեց եւ ներկայացվեց իբրեւ պարտվողական։
Կարդացեք նաև
Այս ամենին նպաստեցին եւ դա օգտագործեցին վարչապետը, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Այդ ուժերի ճնշմամբ եւ միջամտությամբ Ազգային ժողովում ստեղծվեց քաղաքականապես դիմազուրկ մեծամասնություն։
Նման պայմաններում, դժվարագույն տարիների մեր իսկ ձեռքբերումները եւ երկրի ներքաղաքական կայունությունը չվտանգելու մտահոգությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականը։ Դրան հետեւեցին Ազգային ժողովի ղեկավարության եւ գործադիր մարմինների մի քանի ներկայացուցիչների հրաժարականները. տեղի ունեցավ իշխանափոխություն, ՀՀՇ-ն հանձնեց իշխանությունը՝ ցուցադրելով քաղաքական կազմակերպությանը վայել վարքագիծ, երկրի եւ ժողովրդի առջեւ պատասխանատվության, ազգային, պետական եւ հասարակական շահերը կուսակցականից եւ անձնականից վեր դասելու ունակություն եւ օրինակ։
Արտահերթ նախագահական ընտրություններն ուղեկցվեցին Սահմանադրության ոտնահարմամբ՝ օրենքների կոպիտ խախտումներով։ Իշխանությանը տիրացած ուժերը չունեին հրապարակված քաղաքական ծրագիր եւ քաղաքական անուն։
Կասկածելի բարոյականությունը, որը դրված էր 1998 թ. փետրվարյան իրադարձությունների հիմքում, ամենաարագ տեմպով վերաճեց բացարձակ անբարոյականության, հաստատելով մեր վատթարագույն կանխատեսումները։ Արհեստական «հավաքականություն» հռչակված վարչակարգը հասարակությանը մտահոգող եւ ոչ մի ոլորտում հաջողություն չարձանագրեց։
Ընդամենը մեկ տարում վարչակարգի քաղաքականության դրսեւորումները եւ արդյունքներն ակնհայտ են.
ա) Սահմանադրության եւ օրենքների բազմակի խախտումներ Ռ. Քոչարյանի կողմից։ Դրանց հետեւանքով հանրապետության օրենսդիր մարմնի գործունեության խոչընդոտում, ճնշումներ Սահմանադրական դատարանի եւ դատական իշխանության մարմինների վրա ընդհանրապես,
բ) պետական զանգվածային լրատվամիջոցներով պրոպագանդիստական տեռոր, հասարակական կարծիքի ապակողմնորոշում, նախորդ տարիների անուրանալի ձեռքբերումների մրոտում եւ արժեզրկում, խորհրդարանի եւ քաղաքական ընդդիմության վարկաբեկում,
գ) իշխանության քրեականացում, վախի եւ սարսափի մթնոլորտի ձեւավորում, ահաբեկչություն։ Տեռորի եւ վախի՝ վերեւներում ձեւավորվող եւ թանձրացող մթնոլորտը դեպի հասարակության մյուս շերտերն իջնելու հստակ միտում ունի,
դ) բարեփոխումների գործընթացի դանդաղում, ծրագրային հիմնախնդիրների փոխարինում պոպուլիստական բնույթի դեկլարացիաներով, միջոցառումների ծրագրի ընդհանրականության խաթարում,
ե) հարկային վարչարարության անվան տակ իրական հարկային բեռի ծանրացում, ապօրինի, կամայական, ստվերային հարկահանություն,
զ) ուժային կառույցների ներթափանցում տնտեսավարման դաշտ, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առանձին ոլորտների հովանավորում եւ վերահսկում, դրա հետեւանքով ապօրինություններ, բռնազավթումներ եւ տնտեսավարող սուբյեկտների իրավունքների ոտնահարում, կամայականություններ, ազատ մրցակցության սկզբունքի խաթարում, մենաշնորհային երեւույթների զարգացում,
է) հասարակական կյանքի բոլոր ոլորտների տոտալ իդեոլոգիզացիա, պահանջատիրության բացահայտ քարոզ,
ը) արտաքին քաղաքական մեկուսացում, եւ դրա հետեւանքով միջազգային կառույցներում ինտեգրման գործընթացի դանդաղում։ Հարաբերությունների վատացում հարեւան եւ տարածաշրջանի երկրների հետ, միջազգային ասպարեզում երկրի վարկանիշի անկում։ Վերջին շրջանում ամենատարբեր մակարդակի միջազգային ատյաններում հայկական դիվանագիտությունը կամ ուշացած է իր գործողություններում, կամ չընկալված իր նախաձեռնություններում, կամ պարզապես անտեսված,
թ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղի մտցնելու անհեռանկար եւ արկածախնդրական դիրքորոշում, ստատուս-քվոն ըստ հնարավորի երկարաձգելու քաղաքականություն, ինչը ի վերջո հղի է պատերազմի վերսկսման վտանգով։
Դժվար չէ նկատել, որ ներկա իրավիճակը նկարագրող կետերը ոչ միայն գործող իշխանության, այլեւ անցյալում սեփական քաղաքականության սխալների եւ ձախողումների ճշգրիտ նկարագրությունն են։