Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գործ՝ հանուն դատախազության

Մարտ 09,1999 00:00
grpan

Աչքը միշտ ուրիշի գրպանին պահելը մեր ազգային մենթալիտետի ամենակարեւոր հատկանիշներից է։ Իրավապահ մարմիններին հնարավորություն է տրված ոչ միայն հաշվելու, այլ նաեւ վերցնելու այդ գրպաններից։

Ցավոք, ոչ միշտ է, որ այդ գրպանները լիքն են լինում։ Երկրի սոցիալական վիճակը ծանր է, եւ մարդիկ, որոնք, ի դժբախտություն իրենց, առնչվում են իրավապահ մարմինների հետ, իրենք են ուրիշի գրպանին նայում։ Լիքը գրպաններ մեր երկրում ունեն միայն իշխանավորները եւ նրանց շրջապատող «ազատ բիզնեսմենները», սակայն նրանք էլ անհասանելի են մեր իրավապահներին։ Իշխանափոխությունը բավական պարարտ հող նախապատրաստեց փող աշխատելու համար։ Իշխանություն, եւ, բնականաբար, փող ունեցող մարդկանց մի հսկայական բանակ հայտնվեց «փողոցում»։ Սակայն առայժմ մասամբ։ Գործադիր իշխանությունից հեռացվածների զգալի մասը տեղ ունի նաեւ խորհրդարանում, որը կաշխատի մինչեւ մայիսի 30-ը։

Դատախազությունում, համոզված, որ այս մարդիկ այլեւս չեն վերընտրվելու, հաշվում են մինչեւ մայիսի 30-ն ընկած օրերը։ Ոչ միայն պարզ հաշվում են, այլ նաեւ մանրակրկիտ նախապատրաստվում են։ Վերջին ամսվա ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես են հանրապետական դատախազության աստիճաններով բարձրանում պատգամավոր եւ ոչ պատգամավոր պաշտոնյաներ, մարզպետներ։ Դատախազության աշխատակիցներին լուսավոր ապագա է սպասվում եւ նրանք հետեւողականորեն պատրաստվում են դիմավորելու։ Այդ խաղի մեջ բավական հաջող ներքաշվելու է նաեւ մամուլը։ Իշխանական եւ մերձիշխանական մամուլը արդեն վաղուց լծված էր նախկիններին պատժելու հասարակական պատվեր ձեւավորելու սրբազան գործին։ «Նախկին թալանչիները պարտավոր են պատասխան տալ ժողովրդին թալանելու, ազգային հարստությունը փոշիացնելու համար»,- պահանջում են մեր գործընկերները, որը իրավապահները հասկանում են այսպես. այս մարդիկ մինչեւ այժմ գումարներ են աշխատել իրենց գոյությունը հաշվի չառնելով։ Այժմ նրանք պարտավոր են փոխհատուցել անցած շրջանի համար։

Մենք՝ լրագրողներս, բազմիցս բողոքել ենք, որ մեր գրած հոդվածներով որեւէ մեկը չի հետաքրքրվում, մեր նշած հանցագործներից որեւէ մեկը իր կատարածի համար պատասխանատվություն չի կրում, մի խոսքով ձայն բարբառո հանապատի։ Գլխավոր դատախազը խոստացել է, որ այլեւս այդպես չի լինելու, եւ դատախազությունը հետեւողականորեն քննելու է մամուլում հնչած մեղադրանքները։ Թերեւս կարելի է ցնծալ, արդյունքում կբարձրանա լրագրողներիս կշիռն ու հեղինակությունը, եւ հանցագործ իշխանավորները կվախենան, որ իրենց արարքները կտպագրվեն եւ իրենք պատասխանատվության կենթարկվեն։ Բայց այս փաստով չպետք է չափազանց հրճվել։ Մտավախություն կա՝ լրագրողները կօգտագործվեն իբրեւ ամենաիսկական դանոսչիկներ։ Այսուհետեւ բազմաթիվ լրագրողներ հոդվածներ կգրեն ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ դատախազության համապատասխան ցուցումից հետո։

Ի տարբերություն ալարկոտ եւ ոչ արհեստավարժ լրագրողների, դատախազությունը բավական ինֆորմացված է։ Այդ ինֆորմացիան կտրամադրվի թերթերին, որից հետո դատախազության աշխատակիցները կգնան համապատասխան ինֆորմացիայի հետքերով։ Հասկանալի է, որ այդ ինֆորմացիան կվերաբերի նախկին իշխանություններին կամ ներկա իշխանության անցանկալի տարրերին։ Մեր նախկին իշխանավորները կփորձեն ամեն ջանք գործադրել եւ կրկին ընտրվել պատգամավոր, լեզու գտնել դատախազության եւ մյուս իրավապահների հետ կամ հեռանալ Հայաստանից։ Իսկ լրագրողներս կպարգեւատրվենք ժողովրդական բարձր հեղինակությամբ՝ հնչեղ անուններ բացահայտելու եւ նրանց պատժմանը հասնելու համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031