Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՐԱԾ ՄԱԶՈՒԹԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մարտ 09,1999 00:00
hosanq

Պետրոս Մաքեյանը լրագրողներին առաջարկել էր պատկան մարմիններից բացատրություններ պահանջել էներգակիրների վերաբերյալ իրենց բացահայտումների առնչությամբ։ Այդպես էլ արեցինք եւ դիմեցինք 1993-ին էներգետիկայի նախարար, հետո՝ «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանին։ Նրա ներկայիս պաշտոնը՝ ստորեւ։

Ջրի գործը

ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանը տարբերություններ էր արձանագրել 1993-94-ին Սեւանից բաց թողած ջրի հաշվին արտադրված էներգիայի քանակի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների ուղարկած տեղեկանքների միջեւ։ «Գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյանի ուղարկած տեղեկանքն էականորեն տարբերվում է բնապահպանության նախարարի ուղարկած տվյալներից»։ Սեւանից բաց թողած ջրի քանակության վերաբերյալ տարբեր են նաեւ «Սեւան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մելս Հակոբյանի տրամադրած տվյալները։ Համադրելով այս երեք փաստաթղթերում պարունակվող թվերը, Պետրոս Մաքեյանը որոշել էր. «1993-ի համար տարբերությունը կազմում է 127 մլն մ3 ջուր, որով արտադրվել է 928 մլն կվտ/ժ էներգիա, իսկ 1994-ին՝ 113 մ3 ջուր, որով արտադրվել է մոտ 200 մլն կվտ/ժ էլէներգիա (…)։ Գումարային առումով, արտադրված այս «ձախ» հոսանքը 1993-ին 22,8 մլրդ ռուբլի, իսկ 1994-ին՝ 800 մլն դրամի շահույթ է բերել»։

«1971-ից մինչեւ այսօր, իմ բոլոր պաշտոններում զբաղվել եմ Սեւանի խնդիրներով,- ասաց Մելս Հակոբյանը։- Ինձ էլ են փոխանցել, որ Սեւանի վերաբերյալ նման տարաձայնություններ կան։ Բայց ես տվյալներ եմ ներկայացրել միայն այն ջրի վերաբերյալ, որը բաց է թողնվել «Սեւան-Հրազդանյան կասկադով»։ Սակայն նաեւ այլ կետերում է Սեւանա լճից ջուր վերցվում։ Ես մի 20-25 պոմպակայան գիտեմ, որոնք ոռոգման համար լճից են ջուր վերցնում՝ Մարտունիում, Լճաշենում, Գավառում եւ այլն։ Բնականաբար, ես այդ հաշվառումը չեմ արել, եւ այս տարբեր տվյալները գուցե դրանով են բացատրվում»։

Պետրոս Մաքեյանի կարծիքն էր, թե այս ջրի հաշվին շուրջ 428 մլն կվտ/ժ «ձախ» հոսանք է արտադրվել. «Բացառում եմ, անգամ տարրական տրամաբանությունը դա է հուշում։ Միայն «Սեւան- Հրազդանյան կասկադը» 7 էլեկտրակայաններ են, որոնցից ամեն մեկում հերթապահ 6 բրիգադ կա՝ յուրաքանչյուրում գոնե 3 անձ, կայանի անձնակազմ, պետ եւ այլն։ Այսինքն, միայն «Կասկադից» գոնե 200 հոգի այս մասին պիտի իմանային։ Հիմա գումարենք Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը (որոնցից ամեն մեկում, արդեն 1000-ական մարդ է աշխատում) եւ էլցանցերը։ Բացի այդ, մեր մոտից դուրս եկող գծի վրա է հաշվիչ դրած, այն օբյեկտի վրա էլ, ուր հասնում է այդ գիծը։ Այսինքն, բացի կայանների անձնակազմից՝ պիտի նաեւ գործարքի մեջ մտնես այն մյուս կողմի հետ եւ համաչափ փոխես երկու հաշվիչները։ Ուրեմն այս գործարքն իրականացրած մաֆիայի մեջ ամենաքիչը 10 հազար հոգի են, շատ լավ կազմակերպված՝ որ չբռնվեն, արտահոսք չլինի եւ այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին ենք խոսում։ Նման բան չի լինում, սա անլուրջ է եւ տեսականորեն էլ հնարավոր չէ»։

Մազութի գործը

«Էներգետիկայի նախարարությունը մեզ ներկայացրած փաստաթղթերով արձանագրել է, որ 1993-ին երկաթուղով ստացել է 161835 տոննա, իսկ տրանսպորտի նախարարությունը նույն տարվա մասին գրել է, որ 131344 տոննա են ստացել։ Այսինքն՝ տարբերությունը 30441 տոննա է,- ասել էր Պետրոս Մաքեյանը։- Իսկ նույն տարվա վերաբերյալ արդեն վիճնախարարության տեղեկանքի համեմատ տարբերությունը կազմում է 97 հազար տոննա մազութ։ Գումարային առումով՝ սա 8,7 մլն դոլար է։ 1994-ին տարբերությունը կազմել է 145 հազար տոննա՝ 13,1 մլն դոլար»։

Մազութի՝ իրար չհամապատասխանող այս տվյալների վերաբերյալ էլ Մելս Հակոբյանը բացատրություն ուներ. «Ախր միայն էներգետիկայի նախարարությունը չի մազութ ծախսել։ Ցանկացած գործարան, որ իր արտադրության համար տաք ջուր եւ գոլորշի է օգտագործում՝ իր կաթսայատունն ունի եւ ինքն է մազութ ներկրում։

Բացի այդ, մազութ էին ստանում կոմունալ տնտեսությունները, հացի գործարանները, հիվանդանոցները եւ այլն։

Էներգետիկ համակարգ մտած մազութի քանակը՝ տեսակարար ծախսով գրամը գրամի հետ համընկնում է, տարբերություններ չկան։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ եւ ցանկացածին կապացուցեմ՝ կայաններում էլեկտրաէներգիա չի թերարտադրվել, տեսականորեն էլ ուղղակի հնարավոր չէ շատ արտադրել՝ քիչ գրել։

Իհարկե, նաեւ նման գործ է եղել. հացի գործարանին են մազութ ծախել, բռնվել են, դատվել են, բայց այնտեղ կարծեմ 300 տոննա մազութի՝ 5-6 ցիստեռնի մասին է խոսք եղել։ 300-900 հազար տոննան պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թիվ է։

Հայաստանում մազութի ներքին փոխադրումներ էլ են եղել, բավական մեծ քանակ զինվորականներից ենք վերցրել՝ երկաթուղին սա էլ է անպայման արձանագրում, եւ տարբերությունները գուցե նաեւ սրանով են բացատրվում»։

Պետրոս Մաքեյանը տվյալներ էր հրապարակել, որ 1993-ին քլիրինգային առաքումներով Հայաստան պիտի մտներ 47780 մլն դոլարի վառելիք, իսկ փաստացի մտել է 26 մլն-ի։ «Յուրացվե՞լ է մնացածը, թե՞ փոշիացվել»,- հարցին Մելս Հակոբյանի պատասխանն էր. «Կամ էլ ուղղակի չենք բերել՝ վատ ենք աշխատել, ասենք, կամ էլ պետք չի եղել։ Այսինքն, եթե Ռուսաստանից վառելիք չենք գնել, ուրեմն յուրացրե՞լ ենք»։

Պրն Հակոբյանը նաեւ հայտնեց, որ այս բոլոր խնդիրները բազմիցս ստուգել են իրավապահ մարմինները։ Եվ պատմեց նման մի գործի մասին. «1994-95-ին դատաքննություն է եղել, ինքս վկայություն եմ տվել այդ գործով։ Չեմ հիշում, 3, 4, թե 5 հազար տոննա մազութի մասին էր, բայց ո՛չ 97 հազարի եւ ոչ՝ կորած, այլ առկա։ Այդ գործը քննել է Աղվան Հովսեփյանը։

Այդ դեպքն ընդհանրապես համակարգի հետ կապ չուներ։ Դրսի մի կազմակերպություն մազութ էր առաջարկել «Հայէներգոյին»։ «Հայէներգոյի» տնօրենի տեղակալ Խաչիկ Հովհաննիսյանը պայմանագիր էր ստորագրել, մազութը չէր եկել։ Այդ մարդուն ստիպեցին՝ բերեց գումարը մուծեց, վնասը փոխհատուցվեց։ Նրան դատախազության գրությամբ գործից ազատեցինք։ Մեղադրյալ էլ կար, որին մի քանի տարի տվեցին։ Այդ գործը չէր կարճվել՝ ինչպես գրել էր «Հայքը»։

Մելս Հակոբյանը նաեւ բազմաթիվ մանրամասներ պատմեց ճանապարհներին մնացած մազութի որոշ խմբաքանակների վերաբերյալ։ Մի դեպքում, ինչպես Վրաստանում էր, այն որպես միջպետական վարկ էր ձեւակերպվել։ Ռուսաստանում մնացած մազութի դիմաց ֆինանսական ինչ-ինչ խնդիրներ էին լուծվել։

Եվ միայն Ադրբեջանի տարածք մտած մազութի խմբաքանակի չափն ու ճակատագիրն անհայտ մնաց։ Մինչ այժմ։

Հանձնաժողովի եզրակացության մասին

«Ես Պետրոս Մաքեյանին բացատրել եմ այս ամենը,- ասաց Մելս Հակոբյանը։- Բայց երեւի ավելի կարեւոր էր եւ ձեռնտու, որ սենսացիա լինի։ Իսկ էներգետիկան լավ նյութ է։ Ե՛վ սակագնային, ե՛ւ այլ թերությունների մասին ինքս եմ կարող խոսել եւ հազար անգամ ավելի շատ բան ասել չարաշահումների վերաբերյալ։ Թողած դրանք, ինչ-որ այլ բաների հետեւից են ընկել, եւ նյութին չտիրապետելով, չիմանալով, թե ինչի մասին է խոսքը՝ անհեթեթ բաներ են ասում։ Եվ դրանով իրենց ավելի են վարկաբեկում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031