Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ այս իշխանավորներին

Մարտ 09,1999 00:00
komkus

Դառնանք կոմունիստաբար ամոթանք տանք «այս երկրի իշխանավորներին, որ մեր կանայք ու աղջիկներն անպտուղ են»։ Դառնանք կոմունիստաբար ամոթանք տանք «Տեր-Պետրոսյան Լեւոնին եւ Ռոբերտին», որ այս երկիրը կոմունիստական լուսավոր ուղուց շեղեցին ու տարան «խաբեբաների, սանձարձակների» ճանապարհով։

Դառնանք կոմունիստաբար փառք տանք Կլարա Ցետկինին, որ տարվա 365 օրերից մեկը միայն հռչակեց կանանց տոն եւ ոչ թե բոլոր մնացած օրերը։ Դառնանք փառաբանենք քուրդ ժողովրդին, որն այնքան հավատարմորեն շարունակում է պայքարել իր առաջնորդ Օջալանի համար եւ քրդական դրոշակով եւ Օջալանի նկարով եկավ Երեւանի Ազատության հրապարակում միանալու կոմունիստական բոցաշունչ կոչերին ու կարմիրին։ Հետո դառնանք ու փառաբանենք Հայաստանի բոլոր կոմունիստներին, որովհետեւ նրանց մարտի 8-ի միտինգի շնորհիվ Ազատության հրապարակի բոլոր արեւածաղկի սերմ վաճառողները փառավորվեցին։

… Իսկ տոնական միտինգին իրենց կրքոտ խոսքով, ամենեւին էլ ոչ մանկավարժական նրբանկատությամբ աչքի ընկան հանրապետության մերձակա գյուղերից ու շրջաններից եկած մանկավարժ կանայք։ Նրանց խոսքը բոլորովին կանացի չէր, այլ գրեթե տղամարդկային։ Կոմունիստ կանանց ամենեւին դուր չեն գալիս աջ ու ձախ բացված բինգոներն ու կազինոները, նրանց խիստ վրդովեցնում է, որ հայրենի արդյունաբերությունը չի աշխատում, որ հայ կանայք պտղավորվելու հնարավորություն չունեն, իսկ հայ տղամարդիկ՝ աշխատելու։ Կանայք երկրի ճակատագրով էին անհանգիստ եւ իրենց 20, 30 եւ ավելի մանկավարժական ստաժի իրավունքով կոչ արեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտպանել միայն կոմունիստական կուսակցության թեկնածուներին։

Ըստ էության, կոմունիստ կանայք որեւէ նոր բան չասացին, սակայն նրանց խիստ խրոխտ ձայնը եւ կոչերը շատ խոստումնալից էին։ Կանանց ելույթները եզրափակեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը։ Արեւը թեժ էր եւ կարմիրն ավելի կարմիր։ Ընկեր Բադալյանին միտինգված հասարակությունը խիստ ջերմ ընդունեց, գրեթե նախագահին վայել. «Բա-դալ-յան» վանկարկումը երկար ժամանակ չէր լռում։

Ընկեր Բադալյանը ներկայանալի տղամարդ է, եւ կանայք էլ ավելի էին ոգեւորված, հատկապես այն պահին, երբ Սերգեյ Բադալյանը խոսեց կանանց հոգսերից, մասնավորապես ասելով, որ «կինը պետք է հավասար լինի տղամարդուն օջախը պահպանելու, երեխաներ դաստիարակելու հարցերում եւ պետք է հետ չմնա տղամարդուց»։ Իսկ հայկական ընտանիքն այսօր քայքայվում է, քանի որ ամեն ինչ եւ ամեն մեկն անպաշտպան է. «մարտի 8-ը նոր իմաստ է ստանում, այն դառնում է պայքարի օր, կինը պետք է պայքարի իր տունը կառուցելու համար»։

Ընկեր Բադալյանի խոսքի կեսին հրապարակ մտան քուրդ եղբայրները՝ Օջալանի համար մղվող պայքարի բոցաշունչ կոչերով։ Ողջունելով նոր եկածներին, ընկեր Բադալյանը փաստեց. «…Հիացած էի, թե ի՜նչ ոգի, ինչ կիրք կա եղբայր քուրդ ժողովրդի կանանց մեջ։ Ողջունում ենք քուրդ ժողովրդին եւ դեն ենք նետում պրովոկացիոն այն հայտարարությունները, որոնք ցանկանում են սեպ խրել հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ»։ Ելույթ ունեցավ նաեւ քրդուհիներից մեկը, որն իր կրքոտ խոսքում այնքան ոգեւորվեց, որ գրեթե գոռաց. «Կորչի հայ…», հետո ինքզինքը հավաքելով ուղղեց. «Կորչի թուրքական ֆաշիզմը»։ Ու հասկանալի էր, թե որքան վտանգավոր է հռետորական խոսքի պաթոսը, մանավանդ՝ իգական սեռի ներկայացուցչի բերանում։

Վերջում հնչեց «Ինտերնացիոնալը», ու «սա է վերջին կռիվը» բառերի ուղեկցությամբ մարդիկ կամաց-կամաց լքեցին կռվի դաշտը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Տոնի կապակցությամբ ՀԿԿ Երեւանի քաղկոմը 150 ակտիվ կոմունիստուհիների ծաղիկներ եւ նվերներ էր հանձնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031