Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԱՌԵՂԾՎԱԾԻ ԱՌՋԵՎ

Մարտ 09,1999 00:00
HHsh hamagumar

«Ես կարծում եմ, որ ՀՀՇ վարչության 6-ական ժամ տեւած երկու նիստերի ընթացքում էլ լուրջ քննարկումներ ծավալվեցին։ Դա ոչ թե անձերի, այլ նպատակահարմարության եւ ուղղությունների պայքար էր։ Ճիշտ է, գաղափարական տարաձայնություններ բոլորովին գոյություն չունեն, սակայն կան սկզբունքներ, որոնք եւ պաշտպանվում էին ՀՀՇ վարչության նախագահի դիրքի համար մղվող պայքարում։ Արդյունքում ընտրվեց Վանո Սիրադեղյանը»,- այսպես մեկնաբանեց ՀՀՇ վարչության քվեարկության արդյունքներն այդ կուսակցության նախորդ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։

Մեր զրույցում նա նշեց, որ Սիրադեղյանի ընտրվելուն գոհունակությամբ է վերաբերվում, քանի որ ինքը կողմ է քվեարկել։ ՀՀՇ հնարավոր պառակտմանը վերաբերող հարցին էլ պատասխանեց, թե բացառում է այդ հեռանկարը։

Մինչդեռ Անդրանիկ Հովակիմյանի հանգստությունը չեն կիսում ՀՀՇ վարչության բազմաթիվ այլ անդամներ, որոնք այն կարծիքին են, թե Բաբկեն Արարքցյանի ՀՀՇ վարչության նախագահ չընտրվելը կարող է եւ պառակտում առաջացնել կազմակերպության մեջ։ Մասնավորապես խոսվում է, թե կհեռանան Բաբկեն Արարքցյանին ավելի մերձ ՀՀՇ-ական դեմքերը։ Վարչության անդամներն, իհարկե, այնքան էլ հակված չէին խոսելու, թե ինչ փաստարկումներ էին ներկայացվում հօգուտ Արարքցյանի կամ Սիրադեղյանի։ Սակայն, ասենք նաեւ, որ եղել է նաեւ երրորդ թեկնածուն՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը մարտի 6-ի ՀՀՇ վարչության նիստում մինչեւ գործը կհասներ քվեարկության, ինքնաբացարկ է հայտարարել։ Նիստը շարունակվել է մարտի 8-ին՝ մինչեւ ուշ երեկո։

Հիմա արժե խոսել, թե ինչպես ընթացավ ՀՀՇ համագումարի աշխատանքների երկրորդ օրը։ ՀՀՇ 11-րդ համագումարի բանաձեւի ընդունումից հետո հրապարակվեց նաեւ վարչության կազմը։ Նախորդ տարիներին դա կարող էր կառավարության, եւ ընդհանրապես իշխանության տպավորություն թողնել. Երջանիկ Աբգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Արա Սահակյան, Բաբկեն Արարքցյան, Քոչար Դավթյան, Սամվել Գեւորգյան, Ավետ Գրիգորյան, Արարատ Զուրաբյան, Լեւիկ Խաչատրյան, Տեր Հուսիկ քահանա Լազարյան, Հովհաննես Իգիթյան, Գեւորգ Արզումանյան, Արամ Մանուկյան, Սարգիս Թամազյան, Գրիգոր Ոսկերչյան, Սեդրակ Հովհաննիսյան, Տիգրան Հակոբյան, Անդրանիկ Հովակիմյան, Շահեն Պետրոսյան, Աշոտ Սարգսյան, Վահագն Հայոցյան, Արտուշ Մելիքբեկյան եւ այլք։

Մարտի 6-ին ՀՀՇ վարչությունն իր այս անդամներով քվեարկել է, եւ ընդամենը մեկ ձայն չի բավականացրել, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերընտրվի նախագահի պաշտոնում։ Նա ստացել է 20 ձայն։ Բաբկեն Արարքցյանի ձայներն անփոփոխ են՝ 14։ Ինչեւիցե, սա առաջին դեպքն է, երբ ՀՀՇ-ում նման քվեարկություն է տեղի ունենում։ Անցյալում ամեն ինչ որոշվել է մինչեւ համագումարը, ծայրահեղ դեպքում՝ ինչպես Սիրադեղյան-Եգորյան մրցամարտի ժամանակ պատահեց, համագումարի ընթացքում։

Այսքանով հանդերձ, հարկ է նշել, որ Վանո Սիրադեղյանի վերընտրվելը միայն ՀՀՇ վարչության անդամների մի մասին չէ, որ չի բավարարում։ Մարտի 6-ին ՀՀՇ 11-րդ համագումարի եզրափակիչ փուլին ներկա գտնվածները տեսան, թե ինչ տեղի ունեցավ, երբ վարչության կազմը հրապարակելիս տրվեց Վանո Սիրադեղյանի անունը՝ բուռն, որոտընդոստ եւ երկարատեւ ծափահարություններ։ Ի դեպ, պարոն Սիրադեղյանը վարչության ամենաշատ ձայներ ստացած անդամն է։ Նրա ցուցանիշն է 341 ձայն։ Սակայն, մինչ ՀՀՇ-ականները բուռն ծափահարում էին Վանո Սիրադեղյանի անվանը, Արարատի մարզից ընտրված ՀՀՇ-ականները նույնիսկ ոտքի չկանգնեցին։ Դրանից հետո զրույցի հրավիրեցինք Արարատի մարզի ՀՀՇ-ական կառույցի ներկայացուցիչ, Արարատի մարզպետարանի քարտուղար, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Սարգսյանին։ Մեր առաջին հարցը վերաբերում էր արարատցիների պահվածքին։

– Ընդհանրապես ոչ բոլորն էին ոտքի կանգնել, հոտընկայս ծափահարում էր համագումարի մասնակիցների ընդամենը մի մասը։ Դա նպատակահարմար չէր՝ եթե ոտքի են կանգնում, ապա դա պետք է արվի բոլոր թեկնածուների անունները հիշատակելիս։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Վանո Սիրադեղյանին, ապա նա էլ մյուսների նման նորմալ թեկնածու էր։ Ինչի մասին է խոսքը։

– Իսկ ինչո՞վ բացատրել, որ ՀՀՇ-ի Արարատի մարզի կառույցը չգնաց դեպի Հանրապետական կուսակցություն՝ այն հիմքով, որ Վազգեն Սարգսյանն Արարատի մարզից է։

– Ես ընդունում եմ բոլոր քաղաքական գործիչներին։ ՀՀՇ-ածին բազմաթիվ կուսակցություններ կան այսօր. ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ «Ժողովրդավարական հայրենիքը», ե՛ւ Դավիթ Շահնազարյանի կուսակցությունը, ե՛ւ Հանրապետականը։ Մենք նրանց բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք, բոլորին էլ հարգում ենք, բայց ունենք մեր գաղափարախոսությունը, որի ջատագովն ենք եւ, բնականաբար, որպես անհատ եմ ասում, ես չէի կարող իմ դավանանքը փոխել։ Եթե կյանքում հանկարծ այնպես պատահի, որ ես ՀՀՇ-ից դուրս գամ, ապա այլ կուսակցություն չեմ մտնի։

– Իշխանափոխությունից հետո առատ հոսք եղավ դեպի «Երկրապահ»-Հանրապետականը։ Արարատի մարզում ՀՀՇ-ից արտահոսքը դեպի Հանրապետական մե՞ծ է եղել։

– Մեր կազմակերպության մեջ մենք ունեինք երկրապահներ, ուստի, բնականաբար, նրանց մի մասը հեռացավ դեպի Հանրապետական կուսակցություն։ Նրանք, իհարկե, շատ փոքր տոկոս են կազմում, սակայն ՀՀՇ-ականների թիվը, ես նկատի ունեմ հիմնականում Արտաշատը, պահպանվում է։

90 թվականից Արտաշատի ՀՀՇ-ն մեր էլիտայի մի քանի ներկայացուցիչների աչքի փուշն է եղել, որովհետեւ մենք ունեցել ենք հստակ կարծիք։ Մենք կողմնակից ենք նույնիսկ ներկուսակցական այլախոհությանը։ Իմ կարծիքով, ամեն ինչ չէ, որ պետք է անվերապահորեն ընդունել։ Սխալն անպայմանորեն պետք է ասվի, ասվի եւ շտկվի։ Եթե սխալների այդ շարանը չլիներ, իմ կարծիքով, իշխանափոխության անհրաժեշտություն չէր լինի։

– Ճի՞շտ հասկացա ձեր խոսքի ենթատեքստը, որ սխալները Վ. Սիրադեղյանի անվան հետ եք կապում։

– Ես Վանո Սիրադեղյանին անվերապահորեն ընդունում եմ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, նա շատ լավ նախարար է եղել։ Բայց ես կարծում եմ նաեւ, որ այս փուլում նպատակահարմար չէր նրա ՀՀՇ վարչության նախագահ լինելը։ Իմ կարծիքով, այդ դերն ավելի հարմար կգար Էդվարդ Եգորյանին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հատված ՀՀՇ 11-րդ համագումարի բանաձեւից կարդացեք 5-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031