Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Մարտ 09,1999 00:00
Hrant Xachatryan

 ՍԻՄ-ԳիԱրՔՄի-Գեղամյան

Արդեն կա ընտրական օրենսգիրքը, ձեւավորված են ընտրատարածքները, մի խոսքով՝ ընտրական գործընթացն օրավուր թափ է հավաքում։

Օրվա խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչ տրամադրություններ գոյություն ունեն Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարած այն ուժերի շրջանակում, որոնց հնարավորությունները 5 տոկոսի շեմը հաղթահարելու առումով բավականին համեստ են գնահատվում։

Մեր զրուցակիցն է «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Նա նախեւառաջ արձանագրեց, թե այլեւս հետեւում են մնացել բոլոր այն ձգտումները, որ պետք է ընդունված ընտրական օրենսգիրքը բարելավել։ Հիմա հրամայականներն այլեւս ուրիշ են. «Սահմանադրական իրավունք» միությունն այդ առումով միանգամայն գործնական մոտեցում ունի առաջիկա ընտրությունների նկատմամբ»։ Կազմակերպությունն այս փուլում ստուգատեսի է ենթարկում իր մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները, ճշտում ՍԻՄ-ի եւ նրա հնարավոր դաշնակիցների վարկանիշը՝ համադրումներ կատարում. «Արդեն իսկ որոշման մակարդակով հաստատված է ՍԻՄ-ում, որ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք Երեւան քաղաքում՝ մեծամասնական ընտրատարածքներում մեր երկու հիմնական թեկնածուների համար աշխատելով»։ Հրանտ Խաչատրյանը ծանուցեց նաեւ, որ ՍԻՄ-ն անպայմանորեն հանդես կգա համամասնական համակարգում եւս, անկախ նրանից՝ այդ ճանապարհին կունենա դաշնակիցներ, թե՝ ոչ։

Ինչ վերաբերում է այդ նպատակով սկսված բանակցություններին, ապա դրանք «ընթանում են լայն ընդգրկմամբ, ավելի լայն, քան եղել է նախկինում։ Իշխանափոխությունից հետո մենք չենք բացառում այլեւս որեւէ ուժի հետ համագործակցության հնարավորությունը», իհարկե, ինչպես Հրանտ Խաչատրյանն ընդգծեց, պայմանով, որ դրանք քաղաքական ասպարեզի ուժեր լինեն։ Այս իմաստով, ՍԻՄ-ն արդեն իսկ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել է։ Հրանտ Խաչատրյանը վկայեց, որ դրանք բավականին ամուր են. «Ողջունում ենք կուսակցությունների այն հայտարարությունները, եւ մենք նույնպես այդպես ենք տրամադրված, որ հայտնի եւ ազդեցիկ կուսակցությունների առաջնորդներն ուժերը չվատնեն մեկը մյուսի դեմ պայքարելով»։

Մեր զրույցի շարունակությունը Հրանտ Խաչատրյանի հետ բնորոշվեց նրանով, որ նա մի քանի կուսակցական գաղտնիք բացեց. ՍԻՄ-ը մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ներկայանալու է իր նախագահ Հրանտ Խաչատրյանով եւ փոխնախագահ, «Իրավունք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանով։ Այդ վճիռն առնվել է հաշվի առնելով ՍԻՄ-ի կազմակերպչական եւ կառուցվածքային հնարավորությունները, թեպետ, ինչպես Հրանտ Խաչատրյանն է կարծում, իրենց կուսակցությունը եղել է կադրերի դարբնոց եւ առնվազն մեկ տասնյակ սիմական մյուսներից պակաս հաջողությամբ չէ, որ կներկայացնեն ժողովուրդը խորհրդարանում։

Ընտրածախսեր ՍԻՄ-ն իր 1999 թվականի բյուջեում նախատեսել է եւ հիմա ճշտվում է՝ դրանք կլինեն կանխատեսվածի չափով, թե՝ ոչ։ «Ասեմ, որ մեր ֆինանսների առյուծի բաժինն «Իրավունք» թերթի վաճառքից է գոյանում։ Այստեղ, սակայն, կա այլ խնդիր՝ «Հայմամուլը» ժամանակին փոխանցում է մեր գումարը, թե՝ ոչ»։

Իսկ թե որքան մուտքեր են սպասվում «Հայմամուլից» հարցիս տրվեց հետեւյալ պատասխանը. «Անկեղծ ասած, ֆինանսական հարցերով ես այնքան էլ խորությամբ չեմ զբաղվում, որովհետեւ մեր ֆինանսական կառույցը շատ վստահելի եւ ամուր է»։

Բոլոր դեպքերում, ՍԻՄ-ը համամասնական ընտրակարգով եւս մրցակցելու է, թեպետ գիտակցում է, որ ընտրացուցակների կազմավորումը լուրջ փորձաքար է դառնալու կուսակցությունների եւ կուսակցական միավորումների ներսում։

Այսքանն ասելուց հետո, Հրանտ Խաչատրյանը բացահայտեց եւս մեկ ընտրագաղտնիք, որն, ըստ երեւույթին, մեր զրույցի ամենակարեւոր մասն էր. «Ունենք նախնական պայմանավորվածություններ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Միաբանություն» կազմակերպության եւ ԳիԱրՔՄի-ի հետ»։

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանին սատարած այս երեք միությունները՝ ՍԻՄ-ը, ԳիԱրՔՄի-ն եւ «Միաբանությունը» հանդես գան միասնական ցուցակով, չբացառելով բանակցությունները մյուս կուսակցությունների հետ։ Այդպիսիք, ինչպես Հրանտ Խաչատրյանը վկայեց, արդեն իսկ տեղի են ունեցել Հայդեմկուսի եւ ՀՌԱԿ-ի հետ, սակայն դեռեւս առանց խնդիրների նեղ շրջանակի սահմանման, այսինքն՝ ընտրական թեմատիկայի ողջ ծավալով։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031