Մարտի 8-ի ուշ երեկոյան ավարտվեց ՀՀՇ վարչության նիստը, որը վարչության նախագահ վերընտրեց Վանո Սիրադեղյանին։ Նա ստացավ 22 ձայն, իսկ նրա մրցակից Բաբկեն Արարքցյանը՝ 14։
ՀՀՇ-ում առկա զարգացումների մասին՝ 3-րդ էջում։
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԸ ԲԱ՞ՆԿՆ ԷՐ
Կարդացեք նաև
1993-ի մարտին օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի նույն նիստին մասնակցած տարբեր պաշտոնյաները հակասական տեղեկություններ էին «Առավոտին» հայտնել։ Մի մասը պնդում էր, որ վարչապետ Հրանտ Բագրատյանը գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին հանձնարարել էր էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանին աշխատանքից ազատել եւ նրա վերաբերյալ քրեական գործ հարուցել կորած 70 հազար տոննա մազութի առնչությամբ։ Մյուս մասը պնդում էր, որ այդ գործը վերաբերել է վարկային էմիսիայի գումարների ծախսմանը։
Մելս Հակոբյանը, որի տեղակալն էր Երվանդ Զախարյանն այդ ժամանակ, պատմեց, որ Հրանտ Բագրատյանն իրեն այս հիմնավորումն էր ներկայացրել, թե Զախարյանը գումարներ է օգտագործել բանկ բացելու համար. «Բայց բանկ բացել էր իր աշխատակիցը, էներգետիկ համակարգի ավելի ցածր մի պաշտոնյա՝ ոչ ինքը»։
Իսկ կորած մազութի եւ էներգետիկ խնդիրների մասին կարդացեք 4-րդ էջում։
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
ՀՀՇ վարչության անդամ, Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանի հայտարարությունից հետո, թե ինքը հեռախոսազրույց է ունեցել Վանո Սիրադեղյանի հետ, նրան դատախազություն են հրավիրել։ Հաստատելով «Առավոտի» այս տեղեկությունը, պրն Զուրաբյանը մանրամասնեց, որ իրեն հարցաքննելու դրդապատճառը հետախուզման մեջ գտնվող Սիրադեղյանի հասցեն կամ հեռախոսահամարը պարզելն էր. «Ես ասացի, որ չունեմ դրանք։ Վանո Սիրադեղյանն ինքն է կապվում ինձ հետ։ Նա Դուբայում է։ Մեր հեռախոսազրույցների հիմնական թեման ՀՀՇ համագումարին առնչվող կազմակերպական աշխատանքն էր»։ Պրն Զուրաբյանը դարձյալ նշեց, որ հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս շեշտվել է՝ Վանո Սիրադեղյանը քննությանը խոչընդոտելու մտադրություն չունի եւ անպայման վերադառնալու է՝ առողջական վիճակը լավանալուց հետո։