Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԺԽՏՈՒՄ

Մարտ 06,1999 00:00
krtutyan nax

Երեկ «Առավոտ», «Հայոց աշխարհ» եւ «Երկիր» օրաթերթերի թղթակիցները հրավիրվել էին կրթության եւ գիտության նախարարի մոտ հանդիպման՝ «մի շատ նուրբ հարցի» առնչությամբ։

Խոսքն ԵՊՀ պատվիրակության փետրվարի 16-19-ը Թուրքիա կատարած այցի եւ ԵՊՀ-ի ու Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանի միջեւ համաձայնագրի հուշագիր կնքելու մասին էր։ «Առավոտին» միայն երեկ հայտնի դարձավ, որ, պարզվում է, դա միանշանակ չի ընդունվել Հայաստանի եւ առավել եւս՝ Սփյուռքի որոշ շրջանակներում։

Ավելին, վերջիններս շտապել են իրենց դժգոհությունը հայտնել այդ առթիվ։ «Առավոտին» նման դժգոհություններ չեն հասել, մինչդեռ ասենք՝ «Հայոց աշխարհի» խմբագիր Սպարտակ Սեյրանյանը պնդում էր, որ իրենք օրական հարյուրավոր նման զանգեր ու նամակներ են ստանում։ Հանդիպմանը հրավիրվել էր նաեւ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, որի, ինչպես նաեւ նախարարի պարզաբանումները նպատակ ունեին որոշակի հստակություն մտցնել այս հարցում։ «Առավոտի» ցանկությունն այս թեմայով մամուլում խոսակցություն բացելն ու բոլոր կողմերին լսելն է, քանի որ թեման իրոք կարեւոր է ու միանշանակ չընկալվող։

Ի դեպ, անհասկանալի էր պարոն Մարտիրոսյանի այն տարակուսանքը, թե ինչո՞ւ մամուլը իր այցի մասին մանրամասներ չփորձեց իմանալ իր վերադարձից անմիջապես հետո։ Մեր ընթերցողներին տեղյակ պահենք, որ մեր թղթակիցը, պատվիրակության վերադարձից անմիջապես հետո փորձել էր հանդիպել պարոն Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինիս տեղակալը մերժել էր՝ այն հիմնավորմամբ, որ ռեկտորը հարցազրույց կտա միայն «Արմենպրեսին» եւ «Նոյյան տապանին»։ Ի դեպ, նման պատասխան էր ստացել նաեւ «Օրագիր» օրաթերթի լրագրողն ու այդ մասին նույնիսկ ռեպլիկ գրել։

Ներկայացնելով կրթության եւ գիտության նախարարի եւ պարոն Մարտիրոսյանի տեսակետները՝ մենք այսօր զերծ կմնանք գնահատականներից։ Միայն նկատենք, որ նման խոսակցություններ թերեւս չլինեին, եթե հստակ լիներ մեր պետության քաղաքական դիրքորոշումը Թուրքիայի հետ այս կարգի համագործակցությունների նկատմամբ ընդհանրապես։ Բնական է, որ տարբեր կուսակցություններ, տարբեր մարդիկ կարող են տարբեր, նույնիսկ իրարամերժ տեսակետներ ունենալ այս կամ այն հարցի վերաբերյալ։ Բայց պետությունը հո պարտավո՞ր է իր հստակ դիրքորոշումն ունենալ. ինչո՞ւ, ասենք, գործարարներին թույլատրելի է համագործակցել, իսկ գիտնականներին՝ ոչ։ Կամ՝ Հայաստանի մայր բուհի ռեկտորը թաքուն չի մեկնել Թուրքիա ու թաքուն չի համաձայնագիր կնքել։

Նման իրավունք ինքնավար համալսարանի կանոնադրությունն ընձեռում է, բացի այդ՝ այցի մասին տեղյակ էին ոչ միայն կրթության եւ գիտության նախարարը, այլեւ ավելի վեր կանգնած օղակները։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նույնիսկ վստահեցրել է, որ «արգելված» թեմաներ չկան, եթե խոսքը կրթական համագործակցության մասին է։ Իսկ պատվիրակության կազմում նաեւ արտաքին գործերի նախարարության երկու ներկայացուցիչ են եղել՝ ԱԳՆ-ի Թուրքիայի բաժնի վարիչ Արսեն Ավագյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, ովքեր ուսումնասիրել են համաձայնագիրը՝ մինչ ԵՊՀ ռեկտորին արտոնելը, այն ստորագրել։ Նաեւ պարզաբանենք, որ ռեկտորի հավաստմամբ կնքված փաստաթուղթը դեռեւս պայմանագիր չէ, այլ մտադրությունների մասին համաձայնագիր, որը կարող է պայմանագիր դառնալ հետագայում, եթե երկու կողմերը համաձայնվեն։

Կրթության եւ գիտության նախարարը, հավաստելով, որ «մեր համալսարանները լիովին ինքնուրույն են, իրավունք ունեն կնքել միջհամալսարանական պայմանագրեր աշխարհի ցանկացած համալսարանի հետ, եւ սա վերահսկողության պրոցես չի ենթադրում», նաեւ գտնում է, որ կնքված «համաձայնագիրը չի կարող գործնականորեն կիրառվել՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ»։ Սա՝ իբրեւ նախարար, սակայն դաշնակցության (թեկուզ՝ սառեցված) անդամ, դաշնակցության գաղափարախոսությանը հավատարիմ Լեւոն Մկրտչյանը, որ նաեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարած աշխատանքներում մեծ ավանդ ունի եւ նաեւ շատ է կարեւորում Սփյուռքի տեսակետն այս հարցում, ահա ա՛յդ Լեւոն Մկրտչյանն այս հարցում իր հստակ տեսակետն ունի

։ Ըստ դրա՝ «երկու ժողովուրդների հարաբերություններն այնքան բարդ են, որ տվյալ համալսարանը պետք է (թուրքական- Ն. Հ.) մեր ազգային հիմնախնդիրների նկատմամբ հստակ տեսակետ հանդես բերի՝ որպես նախապայման համագործակցության համար»։ Այստեղ նախարարը տեղին համարեց տեղեկացնել, որ հենց նոր ստացել են ավետիս այն մասին, որ «Միչիգանի համալսարանը պաշտոնապես ընդունել է հայոց ցեղասպանությունը եւ մերժել թուրքագիտական ամբիոն բացելու առաջարկը»։ Դա եղել է տեղի հայ համայնքի ակտիվ աջակցության շնորհիվ։ Այսինքն, աշխարհի համալսարաններում թուրքագիտական ամբիոններ բացելու դեմ պայքարող Սփյուռքի հայ համայնքները չեն կարող հանդուրժել թուրքական համալսարանի հետ մեր մայր բուհի համագործակցության փաստը։ Նախարարը համագործակցությանը կողմ է միայն ռեգիոնալ համագործակցության շրջանակներում։ Ասենք՝ եթե ԵՊՀ-ն դառնա «Սեւծովյան համալսարանների ասոցիացիայի» անդամ։

Ի դեպ, Ռադիկ Մարտիրոսյանի արդարացմամբ էլ իրենց այցը նախատեսված էր հենց Սեւծովյան համագործակցության շրջանակներում, որի անդամ են ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը (1992 թ.-ից), իսկ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությունը Սեւծովյան համագործակցության պայմանագրի դրույթներից մեկն է։

Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանի որակին (ասում են, որ Թուրքիայի թիվ 1 համալսարանն է, իսկ միջազգային մակարդակով՝ միջին մակարդակի եվրոպական բուհ է), նրա հետ համագործակցության արդյունավետությանը գիտական ու կրթական տեսակետից չենք անդրադառնա, քանի որ ակնհայտորեն հարցի քաղաքական կողմն է վիճահարույց։ Ռադիկ Մարտիրոսյանի հավաստմամբ ինչ-որ բաներ պարտադրելու փաստեր երկու կողմից էլ չեն արձանագրվել եւ թուրքական համալսարանին էլ կրթական-գիտական կողմն էր հետաքրքրում։ Պարոն Մարտիրոսյանը ըստ անհրաժեշտության ներկայացրել է Հայաստանի տեսակետը հայ-ադրբեջանական հակամարտության եւ այլ հարցերում։ Իսկ կրթական համագործակցությունը դեռեւս չի նշանակում, որ հայկական կողմը մոռացել է հայկական ցեղասպանությունը, մեր պահանջատիրությունը, բայց կյանքն առաջ է շարժվում եւ նման թեմաներով բանավեճերը՝ թուրք եւ հայ գիտնականների մասնակցությամբ, եթե լինեն նաեւ կլոր սեղանների շուրջ, ոչ միայն առանձին հրապարակումներով ու ելույթներով, ապա դրանից վնա՞սը շատ կլինի, թե՞ օգուտը։

Համագործակցության ցանկությունը հայրենասիրությանը չի հակասում եւ արժե՞ Սփյուռքի մեր հայրենակիցների խիստ հասկանալի, բայց հուզական վերաբերմունքը դնել պետական քաղաքականության հիմքում։ Չենք ժխտում այն մտավախությունը, որ՝ թուրքը մնում է թուրք։ Մենք էլ պիտի նրա հետ հարաբերություններում զգույշ լինենք։ Հիմա հարցն այն է՝ ընդհանրապե՞ս մերժել նրա հետ հարաբերությունները, թե՞ աշխատել հնարավորինս օգուտներ քաղել նման համագործակցությունից՝ մեր շահերը առաջնային համարելով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031