Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Մարտ 06,1999 00:00
skori

Շտապօգնության ծառայության մասին հաճախ են ասում, որ այն տուգանային զորամասի նման մի բան է՝ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածության առումով։ Իրենք՝ շտապօգնության բժիշկներն ու բուժքույրերն այնքան էլ համաձայն չեն այս համեմատության հետ՝ երեւի ինչ-որ տեղ վիրավորական համարելով այն։

Փոխարենը 03-ից օգտվելու անհրաժեշտությունը հաճախ «տուգանային» են համարում դրանից օգտվողները՝ հասարակ, ավելի ճիշտ անսպասելիորեն ու հանկարծակի (եւ ոչ այնքան) վատթարացած առողջական վիճակով եւ շտապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները։ Իսկ ինչո՞ւ տուգանային։ Պարզապես սա շատ ու շատ մարդկանց համար դարձել է առողջապահության՝ որպես ընդհանրապես այս ոլորտի հետ «շփման» միակ հնարավորությունը։ Որոշների համար այդ բարակ թելն էլ է կտրվել. մեղմ ասած, վստահ չեն, թե դրանից որեւէ օգուտ կա։

Եղնիկ ԳԱԶ-ելն ու վարազ «Երազ»-ը

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Արա Մինասյանը փորձեց ապացուցել, որ այնքան էլ այդպես չէ։ Վերջերս իրենք Երեւանի շտապօգնության ծառայությունը բարելավելու աշխատանքներ են կատարում։ Ձեռնարկել են շենքային վերանորոգման աշխատանքներ։ Ձեռք են բերել շտապօգնության հինգ նոր մեքենա՝ ԳԱԶ-ել տիպի։ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Խառատյանի կարծիքով, դա լուրջ թիվ է եւ ավտոկայանը թարմացրել է (մեր բնորոշմամբ) ընդամենը 10%-ով։ Պրն Մինասյանն ասաց, որ ծրագիր կա ԳԱԶ գործարանից (եւ բանակցություններն ընթանում են) գնելու մեքենաներ՝ մեծ խմբաքանակներով, ընդ որում ամենացածր՝ 7500-8000 ԱՄՆ դոլար արժեքով։ Թե ինչու է վաճառող կողմը շահագրգռված նման ցածր գներով, այնքան էլ պարզ չէ։

Մինչեւ այս տարվա վերջ մտադրություն կա գնելու 40 մեքենա։ Դրա հնարավորությունը ընձեռում է այն, որ սարքավորումների եւ մեքենաների ձեռքբերումը բյուջեն առանձին տողով է նախատեսում կատարել (հատկացված է 250 մլն դրամ)։ Մինչդեռ առաջ դա մտնում էր կանչի արժեքի մեջ եւ առանց այն էլ չնչին՝ 2500 դրամ գումարից դժվար էր մի բան էլ մեքենայի համար «հետ գցել»։

Հիմա շտապօգնության կայանի բակում հին ու համարյա ջարդուխուրդ «Երազ»-ների եւ մի քանի արդեն լավ օգտագործված արտասահմանյան «Ֆորդ» մակնիշի մեքենաների կողքին իր նոր ներկով ու փայլով հպարտ հերթապահում են «ԳԱԶ-ել»-ները։ Կայանում դրանցից գոհ են, թեեւ դրսի չար լեզուներից մեզ հասել է, որ սրանք շատ շուտով «Երազ»-ից էլ վատ օրի կընկնեն։ Աստված չանի, թե չէ բյուջեն կնեղանա ու էլի «տողերը» կխառնի իրար։

Ֆինանսներն ավելի ցածր են երգում

Արա Մինասյանը հայտնեց, որ սկսել են առանց ուշացման վճարել աշխատավարձը, դեռ կարողացել են մի քիչ էլ բարձրացնել այն։ 24 ժամ կայանում հերթապահող եւ այդ ընթացքում միջինը յոթ կանչի «պատասխանող» բժիշկը ամսական ստանում է 12 հազար դրամ։ Սա պատճառներից մեկն է, որ շտապօգնությունում աշխատող բժիշկների 80%-ը կանայք են։

Ըստ պրն Մինասյանի, շտապօգնության բժշկի դեղերի զամբյուղը բավական «ծանրացվել» է։ Դրանում իրենց տեղն է գտել 20-25 անուն դեղ, ինչը իդեալական թիվը չէ, բայց արդեն թիվ է։ Պետբյուջեն էլ, ի դեմս ՀՀ կառավարության, ավելի «տաք աչքով է նայում» կանչին, դրա արժեքը բարձրացել է մինչեւ միջինը 4000 դրամ։ Էլի թիվ է։ Չնայած կառավարություն ներկայացվել է կանչի 8000 դրամ արժեքի առաջարկություն։

Անունը փոխվել է՝ միջինը նույնն է

Շտապօգնության կայանը նոր է դարձել ՓԲԸ։ Դա մեծ փոփոխությունների առիթ է դարձել։ Փոփոխությունների՝ կնիքի, բլանկի, թղթարարության առումով։ Եվ միայն։ Իսկ այլ փոփոխություններ փորձում են իրենք տեղում անել։ Պրն Խառատյանը ցույց տվեց իր առանձնասենյակի վարագույրները եւ ասաց, որ «ջուրն է բերել»՝ բառացիորեն։ Պարզվում է, իրենց մոտ տեղադրվել են ջրաչափեր եւ դրանից հետո իրենք անհամեմատ քիչ են վճարում ջրի համար։ Տարբերությունն օգտագործվում է այսպես՝ վարագույր եւ այլ «մանրուքներ»։

Կայանը 100%-ով ապահովված է անհրաժեշտ կադրերով։

Շտապօգնության կայանը իր յոթ ենթակայաններով օրական կատարում է միջինը 350 կանչ (տարեկան մոտավորապես 50 մլն դրամի)։ Պրն Մինասյանն ասաց, որ հիմա ինքը մի քիչ գոհ է, ինչ-որ բան դեպի լավը փոխվել է։ «Վերջապես ժողովուրդը փողոցում շտապօգնության մի նոր մեքենա տեսավ»։

«Կանչո՜ւմ եմ, կանչո՜ւմ եմ…»

Կայանում մեկ ժամից ավելի սպասեցինք քիչ թե շատ «ծանրակշիռ» կանչի։ Խրոնիկական հիվանդների զանգերն այնքան հետաքրքիր չէին. մի ներարկում պետք է կատարվի։ Ճիշտ է, անկեղծ ուրախանում էինք, որ մեր ժողովուրդն իր երեկոյան հանգիստը «ողջ եւ առողջ» էր վայելում, սակայն մենք էլ էինք հետաշխատանքային հանգստի կարոտ, եւ գիշերը կայանում՝ կանչի սպասելով լուսացնելու հեռանկարն այնքան էլ գայթակղիչ չէր։ Շուտով հայտնեցին, որ Բագրատունյաց պողոտայում մեկն անհամբեր շտապօգնության բրիգադի է սպասում։ Բրիգադը «համալրվեց» լրագրողով, եւ «ԳԱԶ-ել»-ը մեզ (բավական տհաճ դխկդխկոցով) հասցրեց Նժդեհի հրապարակ։ Ճանապարհին բժշկուհին ասաց, որ օգնության կարիք ունի մի հղի կին, որը բողոքում է շնչահեղձությունից։ Պարզվեց, որ երիտասարդ կինը վերջերս գրիպով է հիվանդացել, եւ այն՝ որպես «ժառանգություն» հետեւանք է թողել բրոնխների վրա։ Քանի որ նա հղիության 8-րդ ամսում էր, բժշկուհին բուժման «տնային» միջոցներ նշանակեց՝ դեղաբույսերի թուրմ, մեղր ու սոխ, սերկեւիլի կորիզներ եւ թույլ անտիբիոտիկներ։

Առանց վերջինների՝ բրոնխիտը կարող էր թոքաբորբի վերաճել։ Կինը խնդրեց ջերմաչափով ստուգել ջերմության աստիճանը։ Բրիգադի զամբյուղում ջերմաչափ չհայտնաբերվեց։

Ինչպես ընդունված է, հիվանդի «տերերը» սուրճ առաջարկեցին։ Հրավերն, իհարկե, չընդունվեց։ Այդ ընտանիքում իմացան, որ բժշկական բրիգադը լրագրողներով է «համալրված», ինչը չխանգարեց (մենք հակված ենք ենթադրելու, որ ավելի շուտ՝ նպաստեց), որ հիվանդ կնոջ ամուսինը «դրամային» շնորհակալություն փորձի հայտնել բժշկուհուն։ Փորձն անհաջողությամբ պսակվեց, սակայն բժշկուհուն անհարմար վիճակի մեջ հաջողվեց գցել։

Վերջում

Շտապօգնության տնօրեն Ռաֆայել Խառատյանը, ի պատասխան մեր այն հարցին, թե շտապօգնության զամբյուղում ջերմաչափ ինչո՞ւ չկա, ասաց, որ նույնիսկ եթե մի հազար հատ առնեն, երկու օր հետո ոչ մի հատ չի մնա։ Դրանք շատ շուտ են կոտրվում եւ շարքից դուրս գալիս։ Միանվագ օգտագործման ջերմաչափերն էլ շատ թանկ են։ Ընդունելի պատճառաբանություն է, բայց բնավ հռետորական հարց չէ. ջերմաչափն այսուհետեւ ավելո՞րդ բուժսարքավորում է։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՕՊԵՐԱՏԻՎ ՏՎՅԱԼՆԵՐ 03 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

(15․02․-21․02․1999 թ․)

1․ Կանչերի ընդանուր քանակը                                                                     3063

2․ Հոսպիտալացման ընդհանուր քանակը                                                   224

3․ Մանկական կանչեր, որից հոսպիտալացվել են                                       42

4․ Անարդյունք կանչեր                                                                                       –

5․ Ինֆեկցիաներ, որից հոսպիտացվել են                                                       3

6․Մահ                                                                                                                    6

7․Արտակարգ իրավիճակներ                                                                            –

(ճանապարհային պատահարներ)                                                                   4

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031