Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել թափոնների հետ

Մարտ 06,1999 00:00
tapon

Թափոնները բռնել են աշխարհի «կոկորդից»: Չնայած այն հանգամանքին, որ ի հայտ են գալիս թափոնների մշակման եւ օգտագործման արդի շատ եղանակներ, այնուամենայնիվ, դեռեւս չկան դրանցից ազատվելու կատարյալ տեխնոլոգիաներ:

Իհարկե, ցանկալի է հնարավորին չափ պակասեցնել թափոնների քանակը, անցնել դրանց մշակման առավել կատարյալ տեխնոլոգիաների: Արդյունաբերությունում դա նշանակում է թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, իսկ կենցաղում՝ հնարավորին չափ զերծ մնալ թափոններից: Հսկայական պրոբլեմ են տոքսիկ /թունավոր/ մնացորդները: Աշխարհում գոյություն ունեն մի շարք միավորումներ, որոնք աշխատում են այդ մնացորդների յուրացման վրա, ու դրանից նույնիսկ հսկայական օգուտներ ստանում: Նման տեխնոլոգիաներն արդեն վաղուց կիրառվում են Ռուրի ավազանում, Անգլիական մետալուրգիական կենտրոններում, Լյուքսեմբուրգում եւ այլուր: Այս ամենը վերաբերում է տնտեսապես զարգացած երկրներին: Իսկ ինչպես է մեզ մոտ:

Հայտնի է, որ նոր կարգերը իշխանության եկան նաեւ էկոլոգիական պայքարի ալիքի վրա: Հայտնվեցին կրթյալ ու ոչ այնքան կրթված էկոլոգներ, որոնք համատեղ կազմակերպեցին իրենց «կանաչ» պայքարը: Հանրությունը ժամանակ չուներ ստուգելու նման էկոլոգների ոչ միայն կրթական ցենզը, այլեւ նպատակների ազնվությունը: 10 տարի առաջ մեր երկրում հայտնվեցին երկաթուղային ռելսերի վրա պառկողներ, հացադուլ հայտարարողներ: Թե ինչի հասանք, բոլորիս հայտնի է: Աբովյանի «Հեղուկ գազ» գործարանի գործարկման դեմ պայքարողները, չգտնելով ոչինչ կոնկրետ՝ բերվող փաստարկներին պատասխանեցին. «Իսկ եթե գործարանի վրա ինքնաթի՞ռ ընկնի»: Կառուցվել էր նորագույն գործարան, որի նմանները նախագծվել եւ աշխատում էին, օրինակ՝ ԳՖՀ մայրաքաղաք Բոննում, Բունդեստագից 12-15 կմ հեռավորության վրա: Սրան էլ էր բացատրություն տրվում՝ նրանք գերմանացիներ են: Նման պարզունակ բացատրություններ էին տրվում «Նաիրիտի», Ալավերդու պղնձաքիմիական, Վանաձորի քիմիական գործարանների եւ այլ հսկաների դեմ պայքարողներին: «Ինքնաթիռ ընկավ», բայց ոչ գործարանի վրա, այլ՝ այնտեղ ապագայում աշխատողների եւ նման մարդկանց սոցիալական վիճակի վրա:

Հանրապետության արդյունաբերությունը այս թե այն կերպ աշխատում է, հատկապես զարգանում է սննդի արդյունաբերությունը: Այստեղ արդեն ի սկզբանե պետք է ուշադրություն դարձնել էկոլոգիական պայքարին: 10 տարի առաջ շվեյցարական նշանավոր «Միգրո» ճյուղային կոնցեռնը /սննդամթերքի վաճառք/ պայքար սկսեց մեկ անգամ օգտագործվող տարայի դեմ /կաթ, հյութեր, խմիչք եւ այլն/, որը հսկայական էկոլոգիական վնաս է բերում շրջակա միջավայրին: Անցնելով ժամանակավոր մեծ ծախսումների, նրանք վերադարձան ապակյա փոխանակվող տարայի կիրառման: Նման հաշվարկներով ֆիրման անցավ աղացած սուրճի համար պոլիէթիլենային փաթեթների՝ մետաղյա բանկաների փոխարեն, մրգային ջեմերը, կոմպոտները՝ ապակե տարաներում եւ այլն: «Միգրո»-ի էկոլոգիական մտածողությունը վարակիչ դարձավ առաջավոր ֆիրմաների համար, որոնք դրանից միայն ծաղկեցին: Մեզ մոտ, չգիտես ինչու, նույնիսկ խրախուսվում է պոլիմերային տարաների օգտագործումը: Շուտով կգան շոգերը, ու մեր փողոցները կլցվեն պաղպաղակի տուփերով, որոնք կընկերակցեն շպրտված «մեկօրյա» շշերին:

Հանրապետությունում աճում է մարդու տնտեսությունից գոյացող աղբակուտակումը, որն իր պարունակությամբ սկզբունքորեն տարբերվում է նույնիսկ 10 տարի առաջվանից: Մեծացել է պոլիմերային զանազան նյութերից կուտակվող աղբը: Անհրաժեշտ է դրանցից ազատվել, սակայն օգուտ բերելով ժողովրդին, ինչպես վերը բերված օրինակներում: Իսկ դրա համար պետք է համարձակորեն կիրառել տեխնոլոգիաներ, որոնք ժամանակին առաջարկվել են մեր երկրի կամ մեր ազգակից գիտնականների /օրինակ, ակադեմիկոս Ենիկոլոպյանի՝ բարձրճնշումային պրեսներ/ կողմից, խրախուսելով դրանից նյութական օգուտ ստանալ ցանկացողներին:

ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ,

ԳԵՎՈՐԳ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031