Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՄ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

Մարտ 06,1999 00:00
lrutyun

Մակրոտնտեսության, ռազմաքաղաքական ռազմավարության առումով Հայաստանում իրավիճակն անմխիթար է, թեպետ, կառուցվածքային բարեփոխումների նախարար պրն Ավանեսյանն ընդհանուր առմամբ գոհ է իրականացված տնտեսական բարեփոխումների, մասամբ՝ ապապետականացման պրոցեսից, նշելով, որ ձեւավորվեց սեփականատերերի որոշակի դաս։

Բայց ձեւավորված սեփականատերերի միլիոնավոր բանակը դեռեւս դինամիկ կապիտալի կատեգորիա չէ։ Իրոք, մի՞թե լրջորեն կարելի է հուսալ, որ հիմնականում արժեթղթերի ընդամենը 2-5 տոկոս փաթեթները տնօրինող բաժնետերերի ձեւավորված որեւէ ընկերության վարչության խորհուրդ կամ գործադիր տնօրինություն, որպես առավելագույն շահույթ ստանալու ամենաօպտիմալ ուղի, կնախընտրի արտադրության ընդլայնման, վերապրոֆիլավորման տնտեսական լծակները։ Ձեռնարկության արտադրական հզորության անգամ 100 տոկոս գործարկման դեպքում ստացված շահույթի 4 տոկոս նոմինալը զգալիորեն կզիջի այսօրվա «4 տոկոսին»։

Անցումային ժամանակահատվածի սպեցիֆիկ բնույթը թելադրում էր նպատակահարմարությունը ձեւավորվող բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության մեջ ժամանակավորապես ավելացնել կետ կամ հոդված, ըստ որի ձեռնարկությունների (բաժնետիրական ընկերությունների) հիմնական ֆոնդերն ու արտադրական հզորությունները մինչեւ որոշակի թվականը այլ օտարման ենթակա չեն։ Կամ, անցումային ժամանակահատվածում ձեռնարկության (ԲԸ) լրիվ կամ մասնակի կրկնակի օտարման նպատակահարմարության դեպքում օտարվող հզորությունների նոր մեկնարկային արժեքն ու աճուրդային պայմանները սահմանվում են Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի կամ նրա հովանավորությամբ՝ կառավարության կողմից։

Վերավաճառքից գոյացած նոր հավելյալ արժեքը հարկ է վերադարձնել բյուջե։ Եթե ի սկզբանե բացառվեր նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորման անհարթ ու անորոշ ժամանակահատվածում (անցումային ժամանակաշրջան) առքի՝ ապապետականացման խորհրդանշական արժեքի եւ երկրորդային շուկայում վաճառքի՝ քիչ թե շատ իրական արժեքի տարբերությունից զգալի շահույթ ստանալու գայթակղությունը, սեփականաշնորհումն այլ որակ եւ հիմնավոր հաջորդայնություն կունենար։ Հայաստանում վերջին ութ տարվա տնտեսական բարեփոխումների արդյունքում ձեւավորված սոց-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի գլոբալ նկարագիրը շատ ավելի ակնառու կմատուցվի ամռան շեմին, երբ կպարզվի, որ, մեղմ ասած… ոչինչ էլ չի արվել։

Պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով, 1993-95 թթ. Հայաստանը ժամանակավորապես լքել է մինչեւ 1 մլն մարդ։ Հասկանալի է, նրանք չեն գնացել շրջագայության։ Արտագնացների առնվազն 70 տոկոսը հանգրվանեց Ռուսաստանում, մոտավորապես 3/4-ը աշխատուժի կարգավիճակով (համարենք, որ 25 տոկոսը մեկնել են ընտանիքներով՝ կանանց եւ երեխաների հետ)։ Այսպիսով, միայն Ռուսաստանում մոտ 600 հազար ՀՀ քաղաքացի աշխատանքով էր ապահովված, եւ հավաստիացնում եմ, ի վիճակի էր ամիսը միջին հաշվով 100 դոլարին համարժեք գումար ուղարկել հայրենիքում մնացած հարազատներին, ընտանիքի անդամներին։

Հաշվի առնելով Հայաստանում բնակվող ընտանիքների առավելագույն քանակը՝ 700 հազար, կարելի է պնդել, որ տեսականորեն յուրաքանչյուր ընտանիք կարող էր հավակնել ամսական 90 դոլարին կամ 45 հազար դրամին համարժեք հավելյալ եկամտի։ Հենց այս գումարներն էին, որ հնարավորություն էին տալիս մարդկանց հոգալ կենսական նվազագույն ծախսերը, վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի ու հեռախոսային ծառայության դիմաց։ Ապրանքային շուկայում այս գումարների՝ որպես սպառողական պոտենցիալի առկայությունն էր, որ խթանեց առեւտրային բիզնեսի զարգացումը, հնարավորություն տալով նախկին վարչակազմին առժամանակ խուսափել սոցիալական ցնցումներից։ Ավելին, տվյալ փաստն արձանագրվեց սեփական ձեռքբերումների համալիրում։ Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման արդյունքում Հայաստանի ներքին սպառողական շուկան զրկվեց ամսական 60 մլն դոլար հավելյալ գումարի շրջանառության տեսական հնարավորությունից, որն, ի դեպ, պետականորեն սահմանված կենսամակարդակի վերացարկված չափանիշով (10 հազար դրամ) համարժեք էր 3 մլն պոտենցիալ աշխատատեղերի։

Այսպիսով, տրամաբանական է պնդել, որ Հայաստանի դեմոկրատական իշխանությունների, հատկապես նախկին վարչակազմի իրական «ձեռքբերումը» ներքին կենսական ոլորտների, հետեւապես՝ հասարակարգի, որպես Ռուսաստանի էկոնոմիկայի դիֆերենցված կցորդի կարգավիճակի ձեւավորումն էր։ Կարգավիճակ, որի արդյունքում մասնակիորեն կուտակված նյութական ռեսուրսների վերջին ծավալների սպառումը շատ շուտով կհանգեցնի ինչպես ներկայիս վարչակազմի, այնպես էլ հասարակության վտանգավոր խմորումների։ Պրոցեսների զարգացման նման անմխիթար ընթացքի հնարավորությունը, հավանաբար, մտահոգում է նաեւ «ԱրմենՏելի», թե «OTE»-ի ներկայացուցիչներին, քանզի նրանք ակնհայտորեն շտապում են վերադարձնել արդեն իսկ ներդրած միջոցները…

Հարգելով հանրապետության նախագահի լավատեսությունը, նկատենք, որ տրամաբանորեն խոցելի է այն տեսակետը, թե կարելի է հուսալ Հայաստանի էկոնոմիկայում արտաքին լուրջ ներդրումների հնարավոր ծավալումը, երբ բացակայում է այդ նույն էկոնոմիկայի զարգացման գլխավոր պարամետրը՝ վճարունակ սպառողը։ Իսկ միջպետական կամ շուկայական ենթակառույցների այլ գործող միավորների մակարդակով արտահանումների ծավալների ընդարձակումը չի կարող որոշիչ դեր կատարել, քանզի անմիջականորեն չի առնչվում աշխատատեղերի ձեւավորման համապարփակ ոլորտին։

Այնուամենայնիվ, հարգենք նաեւ հանրապետության նախկին նախագահի ներողամտության հայցը «չարածների եւ սխալների», ավելի պարզ՝ այդքան բախտորոշ տարիների կորստյան համար, նկատենք, որ բանականությունն այլընտրանքային կատեգորիա չէ։ Հայաստանի էկոնոմիկան, որն իր արտադրական եւ գիտատեխնիկական պոտենցիալով կամ մեկ շնչին բաժին ընկնող գիտաարտադրական տեսակարար կշռով Խորհրդային Միության մեջ առաջնայիններից էր, վերաձեւված, թե վերապրոֆիլավորված՝ պետք է աշխատի։ Նպատակը թելադրում է նաեւ հիմնային պարամետրի՝ ԱՊՀ ֆունկցիոնալ վերաձեւումը, փոխադրելով կիրառական հարթություն։ Այն առայժմ միակ ռեալ միջավայրն է, որի շրջանակներում պետք է ամրակայվի Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության ու տնտեսավարման համակարգը։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստանի քաղաքագետների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031