Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են լինելու 20-րդ դարի 16 ծանրաքաշերը

Մարտ 06,1999 00:00

Ովքե՞ր են լինելու 20-րդ դարի 16 ծանրաքաշերը Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էր, որը Պետական գրական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահն է։ Պետական գրական մրցանակներ շնորհելու գաղափարն առաջացել է Ծաղկաձորում, ԳՄ հանգստյան տանը։ Երբ ՀՀ նախագահը մի քանի ժամով հանդիպեց հայ գրողներին, առաջարկություն եղավ նման մրցանակներ սահմանել։ Ռ. Դավոյանը պետական այս մրցանակների գաղափարը կարեւորագույն քայլ է համարում. «Սա զուտ գրական միջավայրի, գրողներին խրախուսելու, մեր գրականության զարգացման համար լինելուց բացի՝ կարեւորագույն քայլ է։ … Իբրեւ սկզբունքային փոփոխություն պետք է դիտել, իբրեւ սկզբունքը, ճանապարհը եւ վերաբերմունքը փոխելու քայլ՝ պետական, իշխանական իմաստով»։ Ռ. Դավոյանի այս տողերի վրա, որը մեջբերվում էր նաեւ այս մրցանակների մասին ՀՀ նախագահի կարգադրությունից, հիշեցի Ռ. Քոչարյանի եւ հայ գրողների հանդիպման վերջին մասը։ Հայ գրողների անձնական եւ անանձնական խնդիրները լսելուց հետո, Ռ. Քոչարյանն իր հրաժեշտի խոսքի վերջում գրողներին խոստացավ, որ ամեն ինչ կանեն՝ այդ խնդիրները լուծելու համար՝ խորհուրդ տալով գրելը չմոռանալու համար շարունակել գրել։ Նախագահի այս վերաբերմունքը գրողներից շատ քչերին մտածել տվեց, եւ սրա շարունակությունը եղան ահա այս մրցանակները, մեծ մրցանակը՝ «Ոսկե եղեգն» անունով։ Ըստ Ռ. Դավոյանի, մեկ մեծ մրցանակից բացի, կան առանձին ժանրային երեքական մրցանակներ՝ պոեզիայի, արձակի, դրամատուրգիայի եւ մանկական գրականության ասպարեզներում։ Մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են վերջին երկու տարիներին (մինչեւ 1998 թ. հուլիսի 31-ը) տպագրված գրքերը։ Հանձնաժողովի կազմը նշանակել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հանձնաժողովի կազմը, բացի նախագահից, ամեն տարի փոփոխվելու է։ Մեր այն հարցերին, թե հանձնաժողովի անդամներն իրավունք ունե՞ն ներկայացնելու իրենց գործերը եւ թե արդյոք մրցանակները նեղ շրջանակի մեջ բաժան-բաժան չի՞ լինի, Ռ. Դավոյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ճիշտ չի լինի, որ հանձնաժողովի անդամներն իրավունք չունենան ներկայացնել իրենց գործերը, հակառակ դեպքում հանձնաժողովում ընդգրկված բարձր ճաշակի եւ բարձր ստեղծագործության հեղինակները ստիպված դուրս պիտի մնան իրենց գործերը ներկայացնելու շարժառիթով։ Կարող են ներկայացնել, բայց բացառվում է նրանց ներկայությունն իրենց գործի քննարկման եւ քվեարկության ժամանակ։ Իսկ մրցանակը մեջ-մեջ անելու գաղափարը միանգամից մեջտեղից դուրս է գալիս, որովհետեւ համայնքային այն պետությունը, որի մասին պատկերացում կա ուրիշ ասպարեզներում, համայնքային այդպիսի սերտաճություն գոյություն չունի գրողների եւ արվեստագետների շրջանում։ Նրանք ավելի բարձր չափանիշների հետեւելու ընդունակություն են հայտնաբերել իրենց մեջ»։ Ռ. Դավոյանի կասկածի ենթակա այս համոզվածությանը կարելի է համաձայնել այն առումով միայն, որ հայ գրողները վերջին տարիներին (հատկապես) իրենց մեջ նաեւ ինքնահիացում ու եսակենտրոնության ընդունակություն էլ են հայտնաբերել։ «Առավոտի» հաջորդ հարցին՝ որքան գումար է նախատեսվում մրցանակի հետ տալ, Ռ. Դավոյանը չցանկացավ ստույգ թիվ ասել. «Պետական մրցանակը Հայաստանի պետության վերաբերմունքի արտահայտությունն է։ Գումարների մասին դեռ չեմ ուզում խոսենք, որովհետեւ ուզում ենք ավելի նպաստավոր փոփոխությունների գնալ։ Մեծ մրցանակի հետ տրվող գումարի նախնական թիվը՝ 1 մլն դրամն է, հետո՝ համապատասխանաբար այդ թիվն իջնում է»։ Ռ. Դավոյանը ասաց, թե պետական մրցանակը շատ ծանրակշիռ մրցանակ է, իսկ թե ինչով է ծանրակշիռ՝ բացատրեց. -Պետական մրցանակն իր նյութական արժեքից բացի բարոյական ամենաբարձր բանն է, Հայաստանի իշխանության, պետության, ժողովրդի վերաբերմունքի միասնական արտահայտությունն է։ Պետական մրցանակը հայ մարդու համար ամենաբարձր պարգեւն է։ Եթե հայերից մեկը նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանա, տա Աստված, ստանա, նրան չի կարող այդքան բավարարել, եթե նա չունենա իր երկրի, իր ժողովրդի, իր պետության բարձրագույն մրցանակը։ Այդ հեղինակին չի կարող բավարարել, որ ինքը Հայաստանի պետական մրցանակ չունի։ Փաստորեն, պետական այս մրցանակները հայ գրողների բարոյականության չափման ամենաբարձր միավորներն են, եւ եթե որեւէ մի գրող չունի բարոյականության այդ էտալոնը, ուրեմն… Եվ շատ վատ բան կստացվի, եթե հանկարծ գրողներից մեկը հրաժարվի իրեն տրված չափման միավորից։ … Դրա համար էլ պետությունը, իշխանությունը պետք է մտածի գումարի չափն այնքա՜ն բարձր թիվ սահմանել, որ որեւէ մի գրողի ձեռքը չգնա ու խիղճը չտանի հրաժարվել չափման ամենաբարձր այդ չափանիշից, որպեսզի ծանրակշիռ պետական մրցանակը չարժեզրկվի։ Եթե, իհարկե, պարգեւատրման չափը կարող է էական լինել… ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Մրցանակները հանձնվելու են 2000 թվի հունվարի 6-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել