Վերջերս Դավիթաշենի համայնքապետ Ռուբեն Գեւորգյանը հարցազրույցում այսպես խոսեց. ժողովրդի ծոցից ելած մարդիկ, այդ թվում նաեւ ինքը, իրենց պահել են ստվերում, որպեսզի ավելի խելոքները զբաղվեն քաղաքականությամբ, կառավարեն երկիրը: Բայց քանի որ նրանք կործանել են երկիրը, իրենք ստիպված են իրենց վրա վերցնել երկրի ղեկավարումը:
Եւ իսկապես, 1998-ի հայտնի դեպքերից հետո երկրի կառավարման առաջին գծում հայտնվեցին մարդիկ, թաղապետի արտահայտությամբ՝ ժողովրդի ծոցից ելածները, որոնց մյուս առանձնահատկությունն այն է, որ նրանց կենսագրության մեջ գրված է՝ մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը: Դավիթաշենի թաղապետի խոսքերն արտահայտում են այն տեղաշարժերն ու երեւույթները, որոնք առկա են հայ հասարակության կյանքում:
Դրանցից առաջինն ու ամենակարեւորը հայ հասարակության գաղափարական խոր ճգնաժամն է, որի առկայության դեպքում է միայն հնարավոր վերոհիշյալը: Բանն այն է, որ Ղարաբաղում եւ ՀՀ սահմանների պաշտպանության գործում հաջողության հասնելուց հետո, հանրությունը, հատկապես նրա պատերազմին այս կամ այն կերպ առնչված մասը, քաղաքական գործիչներից սպասում էր հաղթանակների ամրագրում թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին խնդիրների լուծման, առաջին հերթին՝ պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքների փոխհատուցման եւ ապահովման մեջ: Սակայն հասարակության վերնախավը, թաղապետի խոսքերով՝ խելոք մարդիկ՝ քաղաքական գործիչները, մտավորականները, ի վիճակի չեղան ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլեւ շահարկեցին այդ մարդկանց կյանքն ու գործը ներքաղաքական եւ ներիշխանական վեճերում:
«Դուք մեզ ստիպեցիք զբաղվել քաղաքականությամբ». այս բառերը լսելի են ամենաբարձր ամբիոններից: Այդ ժամանակ էլ «խելոք մարդիկ» հեռացան՝ պատասխանատվությունը թողնելով «ժողովրդի ծոցից ելածների» վրա: Եւ կարծես եկավ վերջիններիս ժամանակը: Բայց այդպե՞ս է արդյոք:
Կարդացեք նաև
Թե՛ պատմության փորձը, թե՛ ժամանակակից իրողությունները հաստատում են, որ՝ ոչ: Եվ մի պարզ պատճառով. այս կերպ չի կարող լցվել գաղափարական վակուումը: Եվ ըստ այդմ՝ իշխանության ճգնաժամը, որը 1996թ. ընտրություններից մինչ այսօր լուծում չի գտնում:
Բանն այն է, որ այս դեպքում խոսք չի կարող լինել երկրի ղեկավարման ինչ-որ նոր կոնցեպցիաների մասին: Սովորաբար լինում է մի քանի ճանապարհ. հասարակական դոմինանտ որեւէ ուղղության որդեգրում, իշխանության փոխանցում որեւէ քաղաքական ուժի, երկրի արտաքին կառավարելիություն եւ այլն: Իսկ ամենավատն այն է, երբ այս մարդկանց նախաձեռնությունը խլում է քաղաքական խարդավանքներում կոփված նոմենկլատուրան, որն, ի տարբերություն «ժողովրդի ծոցից ելածների», շատ լավ գիտե, թե ինչ պետք է անել: Հայաստանում իրադարձությունները կարծես թե զարգանում են հենց այս ուղղությամբ. հաճախ կարելի է տեսնել, թե քաղաքական խարդավանքներից անտեղյակ «ժողովրդի ծոցից ելածն» ինչպես է կմկմալով ու անհարմար զգալով փորձում արդարացնել այս կամ այն բարձրաստիճան չինովնիկի արարքները՝ իրեն համարելով հասարակության շանթարգել: Մի բան, որից հասարակությունն առանձնապես ոգեւորված չէ:
Այն, որ մեր կուսակցությունները դարձան աղանդների պես մի բան՝ լուրջ գաղափարական կոնցեպցիաներից եւ հասարակական աջակցությունից զուրկ, փաստ է: Այն, որ Հայաստանում մտավորականություն չկա, իսկ այդպիսին համարվողները թե՛ իրենց ինտելեկտուալ, թե՛ բարոյական նկարագրով զիջում են նույնիսկ հայտնի «պուզատիներին», նույնպես փաստ է: Սակայն դա չի նշանակում, որ եկել է վերջինիս ժամանակը: Այդ ժամանակը չի էլ գալու, որովհետեւ իշխանությունը շատ ավելի լուրջ բան է, քան մենք սովոր ենք կարծել: Իշխանությունը հստակ քաղաքական կուրսն է եւ հասարակության վստահության քվեն: Մի բան, որից զուրկ է Հայաստանի կառավարող վերնախավը 1995 թվականից: Եվ, ըստ երեւույթին, դեռ երկար է զուրկ լինելու:
ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ